Հարցազրույց

Շախմատային մրցաշարում ծնված սիրո պատմություն. Գոռ Կիրակոսյանը «Քայլ ձիով»-ը ինչ-որ չափով համարում է Հայաստանի այցեքարտը

5 րոպեի ընթերցում

Շախմատային մրցաշարում ծնված սիրո պատմություն. Գոռ Կիրակոսյանը «Քայլ ձիով»-ը ինչ-որ չափով համարում է Հայաստանի այցեքարտը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանում տեղի ունեցած շախմատային մրցաշարում ծնված ընկերության և սիրո պատմությունը ներկայացնող «SHARM Pictures»-ի նոր՝ «Քայլ ձիով» ֆիլմը էկրաններին կհայտնվի հոկտեմբերի 10-ին: Road trip ոճի այս արկածային ֆիլմը երկու մարդկանց մասին է, ովքեր ծանոթանում են ճանապարհորդության ընթացքում և, հանգամանքների բերումով, դառնում ընկերներ: «Քայլ ձիով» ֆիլմի ռեժիսորն է Գոռ Կիրակոսյանը, գլխավոր դերերում հանդես են գալիս հայտնի հայ և ղազախ դերասաններ Հովհաննես Ազոյանը, Մկրտիչ Արզումանյանը, Թամարա Պետրոսյանը և Ասել Սագատովան: Ֆիլմը հայ-ղազախական համատեղ նախագիծ է: Կինոնկարի պրեմիերայից առաջ «Արմենպրես»-ըզրուցեց ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի հետ ֆիլմի ստեղծման, նկարահանումների, ղազախ դերասանների հետ համագործակցության և այլ հարցերի շուրջ:

- Ինչպե՞ս առաջացավ «Քայլ ձիով» ֆիլմնստեղծելու գաղափարը:

- Ես ավարտում էի «Տոմս դեպի Վեգաս» ֆիլմի աշխատանքները, երբ զանգահարեցին «SHARM Pictures»-ից և հայտնեցին, որ ինձ հետ նոր ֆիլմ են ցանկանում ստեղծել: Այդ ժամանակ դեռ նույնիսկ սցենար չունեինք: Քանի որ ոչ մի այլ պայմանավորվածություն չունեի, համաձայնվեցի: Այնուհետև Armcomedy-ի տղաները` Նարեկ Մարգարյանը և Սերգեյ Սարգսյանը սկսեցին աշխատել ֆիլմի սցենարի վրա: Մենք հենց սկզբից որոշել էինք, որ Հովոն և Մկոն կմարմնավորեն գլխավոր հերոսներին, և սկսեցինք սցենար գրել հատուկ նրանց համար: Մոտ 4-5 ամիս աշխատեցինք և ի վերջո մեզ հաջողվեց սցենարն ավարտել:

-Ո՞ր երկրներում եք նկարահանել ֆիլմը: Ինչպիսի՞ ճանապարհ են կտրել ֆիլմի հերոսները:

-Նկարահանումներ կատարել ենք Ղազախստանի Ալմաթի քաղաքում, Հայաստանում և Արցախում: Երևանից Ստեփանակերտ տանող ճանապարհը, շրջակա գեղեցիկ և պատմամշակութային հուշարձաններով, ևս տեղ է գտել ֆիլմում: Ցույց ենք տալիս երկրի տեսարժան վայրերը, և ֆիլմըորոշ չափով Հայաստանի այցեքարտ է:

-Բացի հայ դերասաններից, ֆիլմում նկարահանվել են նաև ղազախ դերասաններ:

- Այո, բացի այդ, ֆիլմը մեկնարկում է Ղազախստանի շախմատային մրցաշարով: Նկարահանումներից առաջ մենք այցելեցինք Ղազախստան, որպեսզի ընտրենք նկարահանումների համար տարածք և դերասանների: Գտանք շատ լավ դերասանուհի` Ասել Սագատովային, ով մարմնավորում է գլխավոր հերոսուհուն, ինչպես նաև այլ ղազախ դերասանների: Նրանց հետ աշխատելը հետաքրքիր էր: Ղազախ դերասանները շատ սիրեցին Երևանը:

- Ի վերջո, ըստ Ձեզ, ինչի՞ մասին է ֆիլմը:

- Ֆիլմն ինձ համար ընկերության մասին է: Երկու տարբեր մարդիկ պատահաբար հանդիպում են, միասին ճանապարհ են ընկնում, և այդ ճանապարհը նրանց դարձնում է լավ ընկերներ: Գլխավոր հերոսը Ղազախստանի թանգարաններից մեկում մասնակցում է շախմատային մրցաշարի և դառնում է չեմպիոն: Նույն ժամանակահատվածում այդ թանգարանից գողանում են թանկարժեք քար` Թամերլանի սուտակը, որը հայտնվում է մեր հերոսի` Հովոյի մոտ, և նա չգիտի, որ այն իր մոտ է: Մեր հերոսը վերադառնում է Հայաստան, և բոլորը նրա հետևից են ընկնում` քարը վերադարձնելու:

-Ի՞նչ է իրենից ներկայացնումԹամերլանի սուտակը: Արդյոք հենց ա՞յդ քարն է նկարահանված ֆիլմում:

- Ոչ, շատ բաներ են ֆիլմում հնարված: Իրականում նման քար կա, բայց այն քարը, որ մենք ենք ֆիլմում օգտագործել, այլ է:

- Սովորաբար ֆիլմերի նկարահանումների ժամանակ նկարահանող անձնակազմի և հատկապես դերասանների հետ ինչ-որ հետաքրքիր և օրիգինալ դեպքեր են պատահում: Կհիշե՞ք նման հետաքրքիրմիդեպք:

- Հետաքրքիր դեպքեր հաճախ են պատահում... Ֆիլմում մի դրվագ կա, որը շատ զվարճալի է, որովհետև Մկոյի հերոսը խոսում է չինարեն: Այս հերոսը կերպարանափոխվելու ունակություն ունի, խոսում է տարբեր լեզուներով, բայց չինարեն չգիտի: Մկոն հանդիպում է մի չինացու, ով իրեն ներառում է նկարահանման գործընթացում, և Մկոն, այլևս չդիմանալով, զայրացած չինարեն է գոռում:

- Ինչպե՞ս կգնահատեք կատարած աշխատանքը:

- Իմ ստեղծած յուրաքանչյուր ֆիլմ ինչ-որ «խնդիր» ունի. այս ֆիլմի խնդիրը ժամանակն էր, որը քիչ էր: Մենք 24 ժամ աշխատում էինք, որ հասցնեինք ավարտել: Կցանկանայի, որ մենք ավելի շատ ժամանակ ունենայինք կինոնկարն ստեղծելու համար: Մշտապես ասել եմ, որ եթե կարողանաս քո գաղափարի 70%-ը իրականացնել, ուրեմն դու ամեն ինչ հաղթահարել ես: Ես կարող եմ ասել, որ 70%-ը արել եմ, և երբ հանդիսատեսը դիտի այն, կարծում եմ, իսկապես կգնահատի և հաճույք կստանա: Սպասում եմ հանդիսատեսի գնահատականին:

-Նոր ֆիլմեր, նախագծեր պատրաստու՞մ եք:

- Կոնկրետ պայմանավորվածություն չկա, բայց մի շարք գաղափարներ ունեմ, հուսով եմ, դրանք կիրականացնեմ:

Հարցազրույցը՝ Ռոզա Գրիգորյանի

Լուսանկարները` Արևիկ Գրիգորյանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում