Քաղաքականություն

ՀԱՊԿ երկրները Երեւանում ռազմատնտեսական հետագա համագործակցության փաստաթուղթ ստորագրեցին

3 րոպեի ընթերցում

ՀԱՊԿ երկրները Երեւանում ռազմատնտեսական հետագա համագործակցության փաստաթուղթ ստորագրեցին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրներն ամրապնդում են ռազմատնտեսական համագործակցությունը:Հոկտեմբերի 1-3-ը Երևանում անցկացված` ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 11-րդ նիստի մասնակից Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի ազգային մասերի ղեկավարները Երևանում ստորագրեցին հետագա համագործակցությանն ուղղված արձանագրություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նիստի ընթացքում ամփոփվեցին նախորդ նիստի արձանագրությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման արդյունքները: Քննարկվել են ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության շրջանակներում մշակված մի քանի նախագծերի, մասնավորապես, ՀԱՊԿ անդամ պետությունների մինչև 2015 թվականի ռազմատնտեսական համագործակցության ծրագրի, մի շարք համաձայնագրերի և այլ փաստաթղթերի նախագծերը:

Նիստի ավարտին ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի ազգային մասերի ղեկավարները ստորագրեցին համապատասխան արձանագրություն, որտեղ ամրագրվեցին նիստի ընթացքում ընդունված որոշումները:Նիստի ընթացքում քննարկվել են 14 հարցեր, որոշվել է հաջորդ նիստն անցկացնել Բելառուսում: Ընտրվել է ՀԱՊԿ ռազմատնտեսական հանձնաժողովի նոր նախագահը` Գեորգի Կալամանովը, ով ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի Ռուսաստանի ներկայացուցիչն է:

Մինչև պլենար նիստը հոկտեմբերի 1-2-ը տեղի են ունեցել ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նախագահին առընթեր աշխատանքային խմբի նիստերը, որոնց ընթացքում համաձայնեցվել և վերջնական տեսքի են բերվել պլենար նիստին ներկայացվող փաստաթղթերը:

Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին:Կազմակերպությանն անդամակցում են. Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ռուսաստանյան Դաշնությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը, Տաջիկստանի Հանրապետությունը եւ Ուզբեկստանի Հանրապետությունը:Պայմանագրի համաձայն, մասնակից պետությունները համատեղ ջանքերով դիմակայում են, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ` վերացնում են իրենց ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանն ուղղված ռազմական սպառնալիքը:

Պայմանագրի հիմնարար դրույթը սահմանվում է 4-րդ հոդվածով, համաձայն որի` մասնակից պետություններից յուրաքանչյուրի նկատմամբ ագրեսիայի ակտի դեպքում, բոլոր մյուս մասնակից պետությունները տրամադրում են նրան անհրաժեշտ օգնություն, այդ թվում նաեւ ռազմական, ինչպես նաեւ ցուցաբերում օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում