ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանն առաջնահերթ է համարում Հայաստանի Հանրապետության անվտանգությունը և շեշտում, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանի անվտանգային համակարգը վտանգի տակ չդրվի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Շահրամանյանն այս մասին ասաց սեպտեմբերի 2-ին լրագրողների հետ ճեպազրույցում։
«Մենք, տեղահանվելով Հայաստանի Հանրապետություն, որդեգրել ենք մի քաղաքականություն, և ես տեղեկացրել եմ մեր բոլոր պաշտոնյաներին, որ մեզ համար առաջնահերթություն է Հայաստանի անվտանգությունը։ Սա ևս մեր հայրենիքի հիմնական մասն է, և մենք ամեն ինչ պետք անենք, որպեսզի չվտանգենք այն գործընթացները, որոնք հիմա իրականացվում են Հայաստանի իշխանությունների կողմից և չվնասենք անվտանգային համակարգին»,- ասաց Շահրամանյանը։
Նա նշեց, որ իրենք պատրաստ են տարբեր ձևաչափերով հանդիպել և բանակցել Ադրբեջանի իշխանությունների հետ։
«Կարևոր է, որպեսզի դրված և ձևակերպված լինի ճիշտ խնդիր։ Մենք պատրաստ ենք նաև Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցների հետ համագործակցել այդ հարցով»,- ասաց Շահրամանյանը։
Անդրադառնալով Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի հարցին՝ Շահրամանյանը տեղեկացրեց, որ այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ իրականացվում են ։
«Նաև տեսել եմ, որ Հայաստանի ղեկավարը չի ցանկացել բացահայտել որոշակի մանրամասներ, ես ևս զերծ կմնամ»,-եզրափակեց Շահրամանյանը։