Քաղաքականություն

Մեծ պատերազմի դեպքում հայկական համայնքները կհայտնվեն երկու կրակի արանքում․ Չերնամորյանը` Իսրայելում և նրա շուրջ տիրող իրավիճակի մասին

9 րոպեի ընթերցում

Մեծ պատերազմի դեպքում հայկական համայնքները կհայտնվեն երկու կրակի արանքում․ Չերնամորյանը` Իսրայելում և նրա շուրջ տիրող իրավիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, 03 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի կառավարությունը կարող էր իր քաղաքացիների կյանքը փրկելու համար ընդունել ՀԱՄԱՍ-ի որոշ պայմանները, իսկ վերջինս, հասկանալով, որ իսրայելական բանակը մոտ է Ռախիահ քաղաքի հարևանությամբ գտնվող թունելներին, սպանեց դրանցից մեկում գտնվող վեց իսրայելցի պատանդներին ու հեռացավ, ինչի հետևանքով ձախողված գործարքն Իսրայելում հարուցեց հակակառավարական զանգվածային ցույցեր։     

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը՝ անդրադառնալով Իսրայելում տեղի ունեցած հակակառավարական զանգվածային ցույցերին և պաղեստինաիսրայելական հակամարտության համատեքստում հնարավոր նոր զարգացումներին։ 

«Լարվածությունը հատկապես աճեց պատանդների սպանությունից հետո։ Նրանց ընտանիքներին հայտնել էին դիերի հայտնաբերման փաստը, և երեկ առավոտյան այդ մասին տեղեկացավ նաև Իսրայելի ողջ հասարակությունը։ Հնչեցին համընդհանուր բողոքի ակցիաներ և գործադուլներ անցկացնելու կոչեր, ելույթ ունեցան նաև ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները։ Նույնիսկ խոսք էր գնում Թել-Ավիվի օդանավակայանի, երկաթգծի և խոշոր տրանսպորտային հանգույցների գործադուլի մասին։ Բազմաթիվ կազմակերպություններ արդեն միացել են գործադուլին՝ ի նշան բողոքի։ Ոստիկանությունը երեկ նույնիսկ ջրցան մեքենաներ է օգտագործել ցուցարարների դեմ։ Իսրայելի մայրաքաղաքը պարալիզացված էր»,-նշեց Չերնամորյանը։

Նա տեղեկացրեց, որ իսրայելաբնակ շատ հայեր, հատկապես երկրի կենտրոնում, մասնավորապես Հայֆայում և Թել-Ավիվում, մյուս քաղաքացիների նման մասնակցում են ընդհանուր ակցիաներին, մինչդեռ Երուսաղեմում ապրող մեր հայրենակիցներն այդքան էլ հաղորդակից չեն ներքաղաքական անցուդարձերին։

«Թեև մեր «Նաիրի» միությունը երբեք չի մասնակցել բողոքի ակցիաներին, այդուհանդերձ, ես կողմ եմ դրանց և բազմաթիվ անգամներ՝ որպես անհատ, մինչև պաղեստինաիսրայելական պատերազմը մասնակցել եմ բողոքի զանգվածային միջոցառումներին, որոնք ուղղված են եղել Նեթանյահուի կառավարության ռեֆորմների դեմ և նպատակ ունեին երկրում հասնել իսկապես դեմոկրատական վերափոխումների»,- պարզաբանեց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով հակամարտության շուրջ Կահիրեում ձախողված բանակցությունների պատճառներին՝ Չերնամորյանն ընդգծեց, որ ԱՄՆ-ում ու ԵՄ-ում որպես ահաբեկչական կազմակերպություն համարվող ՀԱՄԱՍ-ն այնպիսի պայմաններ է առաջադրում Իսրայելի պես ուժեղ պետությանը, որ հնարավոր չէ դրանք իրագործել։

«Իսրայելն ու բովանդակ Արևմուտքը սովոր չեն բանակցություններ վարել ահաբեկիչների հետ և գնալ զիջումների այն դեպքում, երբ իսրայելական բանակի հնարավորությունների մասին գիտեն բոլորը։ Բացի այդ, Միջերկրական և Կարմիր ծովերում մարտական ծառայություն են իրականացնում ամերիկյան ավիակիր նավերը։  Նույնիսկ այդ պայմաններում ՀԱՄԱՍ-ը շարունակում է ներկայացնել իր պայմանները, որոնք Թել-Ավիվը մերժում է, թեև կան ոլորտներ, հատկապես հումանիտար ուղղվածության, որտեղ կարելի է գնալ որոշակի փոխզիջումների։ ՀԱՄԱՍ-ն օրինակ պահանջում է իսրայելական ուժերից դուրս գալ «ֆիլադելֆիական միջանցքից»՝ Եգիպտոսի և Գազայի սահմանից, որտեղ կա հսկիչ-անցագրային կետ, որի մերձակայքում փորվել են այնպիսի թունելներ, որոնցով նույնիսկ բեռնատարներն անցնում են առանց խոչընդոտի։ Պատկերացրեք, որ այդ ճանապարհով տեղափոխվում է մեծ ծավալի զենք և զինամթերք, հետևաբար Իսրայելը ցանկանում է փակել մաքսանենգ ճանապարհը, որին ՀԱՄԱՍ-ը դեմ է և առաջարկում է պատանդներին ազատ արձակելու դիմաց դուրս գալ այդ տարածքից»,- նշեց Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահը։

Նրա դիտարկմամբ՝ եթե Իսրայելը համաձայնի այդ տարբերակին, ապա երեք-չորս տարի հետո ՀԱՄԱՍ-ը կարող է ամբողջությամբ վերազինվել ու համալրել իր ռազմական ներուժը՝ նորից լայնածավալ պատերազմ սկսելու Իսրայելի դեմ։ Մեր զրուցակիցը խոսեց նաև արյունալի հակամարտության մեջ հնարավոր երկրորդ ճակատի բացման մասին՝ հաշվի առնելով լիբանանյան «Հըզբոլլահ»-ի հետ պարբերաբար դարձած երկկողմանի հրթիռակոծումները։  

«Գազայի խնդիրը լուծելուց հետո Իսրայելն, ամենայն հավանականությամբ, կարող է ինքը սկսել ռազմական օպերացիա «Հըզբոլլահ»-ի դեմ՝ մինչև Լիտանի գետ հասնող տարածքները մաքրելու նպատակադրությամբ։ Այս պահի դրությամբ կա ավելի քան 75 հազար մարդ, որոնք տարհանվել են Իսրայելի հյուսիսային շրջաններից ու այժմ ապրում են կամ հյուրանոցներում, կամ էլ այն վայրերում, որտեղ կարողացել են բնակարան վարձել։ Պետությունը հոգում է նրանց ծախսերը՝ օրական տարհանվածներից յուրաքանչյուրին հատկացնելով 70 դոլար։ Խոսքը, բնականաբար, հարյուր միլիոնավոր դոլարների մասին է, հետևաբար իշխանությունները չեն կարող այդ մարդկանց անընդհատ տեղափոխել քաղաքից քաղաք։ Օրինակ՝ Թել-Ավիվում կա 80 հյուրանոց, որոնք ամբողջությամբ ընդունել են տարհանվածներին, ուստի Իսրայելը, վաղ թե ուշ, պետք է լուծի այս խնդիրը»,- ասաց Չերնամորյանը։ 

Նրա տեղեկացմամբ՝ «Հըզբոլլահ»-ը դեռևս հուլիսին պատրաստվում էր 6000 հրթիռ ուղարկել Իսրայելի ուղղությամբ, սակայն իսրայելական զինուժը, հենվելով հետախուզության տվյալների վրա, նախահարձակ եղավ և մեկ գիշերվա մեջ ոչնչացրեց այդ հրթիռներն իրենց կայաններով։

«Այդուհանդերձ, «Հըզբոլլահ»-ն ունի մոտ 100 հազար հրթիռ և դեռ 2006 թվականի լիբանանյան պատերազմի ժամանակ պահպանեց իր զինանոցի մի մասը։ Պատկերացրեք, թե այս տարիների ընթացքում ինչպիսի համալրում է եղել Իրանի աջակցությամբ՝ օգտվելով իրանցի գեներալների ու զինվորական խորհրդատուների հնարավորություններից։ Կան տեղեկություններ, որ մինչև տարեվերջ Լիբանանի հետ հակամարտությունը կշարունակվի։ Իսրայելական զինուժը սպասելու է, որպեսզի «Հըզբոլլահ»-ը կազմակերպի մեծ սադրանք՝ հիմք տալով իսրայելական բանակին ներխուժել Լիբանանի տարածք և այնտեղ իրականացնել լայնամասշտաբ ռազմական գործողություններ, առավել ևս, որ «Հըզբոլլահ»-ի բունկերներն ավելի կատարելագործված են, քան ՀԱՄԱՍ-ինը, ավելի պահպանված են ու վտանգավոր»,- նշեց Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահը։

Վերջում Չերնամորյանն անդրադարձավ նաև մեզ հուզող հարցին՝ շեշտելով, որ երկկողմ հակամարտության հետևանքով հայկական համայնքները կարող են հայտնվել երկու կրակի արանքում։

«Պատերազմը բնականաբար զգալի հետևանքներ կունենա Մերձավոր Արևելքում ապրող հայկական համայնքների վրա։ Մասնավորապես, լիբանանահայ գաղութն ավանդաբար համարվել է Մերձավոր Արևելքի մարգարիտը՝ իր կազմակերպվածությամբ, թերթերով, կրթօջախներով, եկեղեցիներով։ Պատերազմը շատ ծանր հարված կլինի հայկական համայնքի համար։ Թեև մեր համայնքը քանակով չի կարող համեմատվել Լիբանանի հետ, սակայն մտահոգությունները նույնն են։ Մարդիկ հասկանում են, որ թեև Իսրայելն ունի աշխարհում լավագույն ՀՕՊ համակարգն ու օդային անվտանգությունը, բայցևայնպես, եթե մեկ համազարկով և մեկ ժամում 5 հազար հրթիռ ուղարկվի Իսրայելի ուղղությամբ, որոշները կարող են հասնել նպատակակետին՝ առաջացնելով ավերածություններ։ Հիմա Իսրայելում բնակվող հայերի շրջանում զանգվածային արտագաղթ չկա։ Նրանք գիտակցում են, որ օդը հնարավորինս պաշտպանված է, և իսրայելական ուժեղ բանակն էլ պատրաստ է պաշտպանել երկրի քաղաքացիներին»,- եզրափակեց մեր զրուցակիցը։ 

Մանվել Մարգարյան 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում