Մերձավոր Արևելք

Իսրայելը ՀԱՄԱՍ-ին կոշտ պատասխանով է սպառնացել վեց պատանդների զոհվելուց հետո

2 րոպեի ընթերցում

Իսրայելը ՀԱՄԱՍ-ին կոշտ պատասխանով է սպառնացել վեց պատանդների զոհվելուց հետո

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելը Գազայի հատվածում վեց պատանդների զոհվելու ողջ պատասխանատվությունը դնում է պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ արմատական շարժման վրա և մտադիր է կոշտ պատասխան տալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը։

«ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությունը դաժան մահապատժի է ենթարկել վեց պատանդների, որպեսզի վախ սերմանի և փորձի պառակտել իսրայելական հասարակությունը: Իսրայելն իր ողջ ուժով կպատասխանի այս նողկալի հանցագործությանը: ՀԱՄԱՍ-ը պատասխանատվություն է կրում դրա համար և կվճարի ամբողջ գինը», - գրել է նա X սոցիալական հարթակում:

Սեպտեմբերի 1-ին Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին հայտնել էր, որ օգոստոսի 31-ի երեկոյան Ռաֆահի շրջանի ստորգետնյա թունելներից մեկում հայտնաբերվել են 6 իսրայելցի պատանդների մարմիններ։

Հագարիի տեղեկատվությամբ՝ վեցն էլ սպանվել են իսրայելական զորքերի հասնելուց ոչ շատ առաջ։ Իսրայելի առողջապահության նախարարության տվյալներով՝ նրանց բոլորին մոտ տարածությունից գնդակահարել են։ Իր հերթին ՀԱՄԱՍ-ը պնդում է, թե առևանգված վեց իսրայելցիները զոհվել են Իսրայելի պաշտպանության բանակի կողմից անկլավի ռմբակոծությունների հետևանքով։

Վեց պատանդների մահն Իսրայելում բողոքի ակցիաների առիթ է դարձել։ Սեպտեմբերի 1-ին Երուսաղեմում, Թել Ավիվում և Իսրայելի այլ քաղաքներում տեղի ունեցած ցույցերին, ըստ Reuters-ի, մասնակցել է շուրջ 500 000 մարդ։ Ցուցարարները պահանջում էին, որ իշխանություններն ավելի շատ բան անեն պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման մոտ պահվող պատանդներին վերադարձնելու համար։   

Իսրայելում նաև սեպտեմբերի 2-ին համընդհանուր գործադուլ է հայտարարվել։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում