Ադրբեջան

Ադրբեջանական քաղաքական էմիգրանտների համակարգող կենտրոնը Եվրախորհրդարանին և ԵԽԽՎ-ին կոչ է արել կասկածի տակ դնել Ադրբեջանում ընտրությունների օրինականությունը

6 րոպեի ընթերցում

Ադրբեջանական քաղաքական էմիգրանտների համակարգող կենտրոնը Եվրախորհրդարանին և ԵԽԽՎ-ին կոչ է արել կասկածի տակ դնել Ադրբեջանում ընտրությունների օրինականությունը

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական քաղաքական էմիգրանտների համակարգող կենտրոնը հայտարարություն է տարածել, որի անդամները կոչ են արել Եվրախորհրդարանին և ԵԽԽՎ-ին գործնական եզրակացություններ անել և կասկածի տակ դնել Ադրբեջանում սեպտեմբերի 1-ին կայացած ընտրությունների օրինականությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նշված է. «2024թ. սեպտեմբերի 1-ին Ադրբեջանը կբեմադրի «խորհրդարանական ընտրություններ» խորագրով ներկայացում, որն ակնհայտ կկրկնօրինակի այս տարվա փետրվարի սկզբին կայացած վերջին ընտրությունների շինծու արդյունքները։ Մենք՝ Ադրբեջանի ժողովրդավարական ​​ուժերը, որոնցից շատերը աքսորի մեջ են, կոչ ենք անում Եվրամիությանը, առաջին հերթին՝ Եվրախորհրդարանին (որը միայն 2023թ. 4 անգամ կողմ է քվեարկել Ալիևի ռեժիմի դեմ պատժամիջոցներին) և Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովին չճանաչել այդ կեղծ ընտրությունների արդյունքները։

Ցանկանում ենք հիշեցնել, որ վերջին արտահերթ «նախագահական ընտրությունների» ժամանակ Իլհամ Ալիևը «վերընտրվեց» հինգերորդ ժամկետով՝ «ստանալով» ձայների 94 տոկոսը և 14 տոկոսով գերազանցելով 2020թ. Լուկաշենկոյի և 7 տոկոսով 2024թ. Պուտինի  «ցուցանիշը»: 

Ադրբեջանում վերջին 20 տարվա ընտրությունների պատմությունը մշտապես կոշտ քննադատության է ենթարկվել և վիճարկվել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից։ Վերջինը բացառություն չէր, քանի որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցում ընդգծվում էր, որ «ընտրություններն անցան սահմանափակող միջավայրում, այն նշանավորվեց քննադատական ​​ձայների խեղդմամբ և քաղաքական այլընտրանքների բացակայությամբ։ Միավորման, արտահայտվելու և խաղաղ հավաքների հիմնարար ազատությունների երկարատև խիստ սահմանափակումները թե՛ օրենքով, թե՛ գործնականում հակասում են իրական ժողովրդավարական ընտրությունների չափանիշներին…»:

Այս համատեքստում հարկ է նշել, որ բացի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից, ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հրավիրված չեն եղել այլ անկախ և միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը և Եվրախորհրդարանը։

Ազատ և արդար ընտրություններ անցկացնելու, իշխանությունների տարանջատման, գործադիրի նկատմամբ օրենսդիր մարմնի թուլության, դատական ​​իշխանության անկախության և մարդու իրավունքների հարգման Ադրբեջանի կառավարության անկարողության պատճառով այս տարվա սկզբին ԵԽԽՎ-ն կասեցրել է ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։

Տարիների ընթացքում Ադրբեջանի մասնակցությունը ԵԽ-ին հիմնականում բնութագրվում էր Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության» համակարգված կաշառքով՝ վատթարացնելու համար Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը, ինչը իսկական վկայություն է այս երկրի բռնապետական ​​ռեժիմի մասին: Ալիևի ռեժիմը բանտարկեց և շարունակում է բանտարկել բազմաթիվ բացահայտ քաղաքական ակտիվիստների, հետաքննող լրագրողների, ՀԿ-ների ներկայացուցիչների և այլոց՝ ռեժիմի և նրա շրջապատի մասին ուղղակի ճշմարտությունն ասելու համար։ Բռնաճնշումների վերջին ալիքը նշանավորվեց գիտնականների և քաղաքացիական ակտիվիստների կեղծ մեղադրանքներով ձերբակալություններով։

Ինչ վերաբերում է Եվրախորհրդարանին, ապա ժողովրդավարության այս «տաճարը» բազմիցս քննադատել է Ադրբեջանին իր զեկույցներում և բանաձևերում՝ մարդու իրավունքների ճնշման և խոսքի ազատության ոտնահարման համար։ Ի պատասխան՝ ոչ միայն ադրբեջանցի դիվանագետներն ու ռեժիմի նախարարները սոցցանցերում ծաղրել են Եվրախորհրդարանի պատգամավորներին՝ սպառնալով սպանել նրանց, այլև ռեժիմի ղեկավարը՝ Ալիևն ինքը հրապարակայնորեն բնութագրել է «որպես մոլագարներ Եվրախորհրդարանում մի խումբ շատ անպատասխանատու մարդանց»։

Ադրբեջանի խորհրդարանի, այսպես կոչված, անդամները շարունակաբար շահագործում էին Եվրախորհրդարանի հարթակները, ներառյալ Եվրանեսթ ԽՎ-ն և Խորհրդարանական գործընկերության կոմիտեն՝ սպառնալիքներ, ստեր տարածելու և ոչ ժողովրդավարական նարատիվներ քարոզելու համար:

Այսպիսով, հաշվի առնելով վերը նշվածը, մենք ցանկանում ենք ևս մեկ անգամ կոչ անել Եվրախորհրդարանին և ԵԽԽՎ-ին գործնական եզրակացություններ անել և կասկածի տակ դնել «ընտրությունների» օրինականությունը, ինչպես դա սովորաբար արվում է Ռուսաստանի և Բելառուսի՝ Ալիևի ռեժիմի դաշնակիցների դեպքում, ինչը դրսևորվեց Պուտինի Բաքու վերջին պետական ​​այցի և Ալիևի ռեժիմի կողմից նրա ջերմ ընդունելության ժամանակ»։

31 օգոստոսի, 2024 թ

Ստորագրված է`

Դոկտոր Լեյլա Յունուս, Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն, մարդու իրավունքների պաշտպան, նախկին «խղճի բանտարկյալ»

Դոկտոր Արիֆ Յունուս, Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի հակամարտությունների բաժնի ղեկավար, նախկին «խղճի բանտարկյալ»

Քանիմաթ Զահիդ, լրագրող, նախկին «խղճի բանտարկյալ»

Ռաուֆ Միրգադիրով, լրագրող, նախկին «խղճի բանտարկյալ»

Ռահիմ Հաջիև, լրագրող

Չինգիզ Սուլթանսոյ, լրագրող

Դասգին Ագալարով, լրագրող, նախկին «խղճի բանտարկյալ»

Աֆղան Մուխթարլի, լրագրող, նախկին «խղճի բանտարկյալ»

Էլդար Բայրամով, քաղաքական ակտիվիստ

Սարվան Ռիզվանով, լրագրող

Էլթուրան Ռուստամլի, քաղաքական ակտիվիստ»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում