Մերձավոր Արևելք

Գազայի հատվածում պոլիոմիելիտի դեմ պատվաստումները շարունակվում են, մինչ զոհերի թիվն աճում է

2 րոպեի ընթերցում

Գազայի հատվածում պոլիոմիելիտի դեմ պատվաստումները շարունակվում են, մինչ զոհերի թիվն աճում է

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաղեստինյան իշխանությունները հայտարարել են, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի ուժերի հարվածներից Գազայի հատվածում առնվազն 48 պաղեստինցի է զոհվել։ Միևնույն ժամանակ, Գազայում շարունակվում են սեպտեմբերի 1-ից մեկնարկած պատվաստումները պոլիոմիելիտի դեմ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Պաղեստինի իշխանությունները և ՄԱԿ-ը հայտնել են, որ սեպտեմբերի 1-ին՝ պատվաստումների առաջին օրը, անկլավում պատվաստվել է 87 000 երեխա։ 

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը և Իսրայելը համաձայնել են պատվաստումների ընթացքում մի քանի ժամով դադարեցնել մարտերը, որպեսզի հնարավոր լինի պատվաստել անկլավի 640 000 երեխաներին։ 

Reuters-ը հաղորդում է, որ պատվաստումների իրականացման վայրերի մոտ հումանիտար դադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։

Օգոստոսի 16-ին Գազայի հատվածում գրանցվել էր վերջին 25 տարվա ընթացքում պոլիոմիելիտի առաջին դեպքը։ Պաղեստինցիները դրա մեջ մեղադրում են Իսրայելին, քանի որ վերջինս ավերել է Գազայի հատվածի հիվանդանոցների մեծ մասը։ Իսրայելն իր հերթին մեղադրում է ՀԱՄԱՍ-ին՝ նշելով, որ շարժման զինյալները հիվանդանոցներն օգտագործում են ռազմական նպատակներով։

Գազայի հատվածում պատերազմը սկսվել է 2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների՝ Իսրայել ներխուժումից հետո, որի հետևանքով Իսրայելում զոհվել է 1200 մարդ։ Շուրջ 250 մարդ գերեվարվել էր. նրանց մի մասը վերադարձվել է նոյեմբերի վերջին հաստատված 1-շաբաթյա հրադադարի ժամանակ։ Գազայի առողջապահական գերատեսչության տվյալներով՝ հակամարտության սկզբից ի վեր պաղեստինյան անկլավում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 40 700-ը։  

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում