Քաղաքականություն

Փաշինյանի հնչեցրած որոշ հայելային հակադարձումներն ու շեշտադրումներն ունեցել են բավականին հաջող էֆեկտ․ վերլուծաբանի անդրադարձը

8 րոպեի ընթերցում

Փաշինյանի հնչեցրած որոշ հայելային հակադարձումներն ու շեշտադրումներն ունեցել են բավականին հաջող էֆեկտ․ վերլուծաբանի անդրադարձը

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետի վերջին ասուլիսի ընթացքում հնչած մի շարք հայտարարություններ կարևոր են նրանով, որ հայելային կերպով վերհանում են այն հիմնական թեմաներն ու խնդիրները, որոնք օգտագործվում են Ադրբեջանի կողմից Հայաստանին ապակառուցողական մոտեցումների համար մեղադրելու, ինչպես նաև ՀՀ-ի շուրջ բացասական ֆոն ապահովելու համար։  

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց վերլուծաբան Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով մամլո ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքում հնչած կարևոր դրույթներին և ադրբեջանական կողմին ուղղված նրա հակադարձումներին։  

«Ադրբեջանական կեղծ թեզերից մեկն, օրինակ, Հայաստանին անընդհատ խաղաղության համաձայնագիր կամ խաղաղություն չուզելու մեջ մեղադրելն է։ Եթե նախկինում անընդհատ ադրբեջանական կողմն էր մեղադրում ՀՀ-ին ոչ կառուցողական լինելու մեջ, խաղաղության հնարավորությունը վիժեցնելու մեջ, ապա հայկական կողմի 17 կետից բաղկացած նոր առաջարկը, այն է՝ երկկողմ առցանց դիվանագիտության  արդյունքում շրջանառվող փաստաթղթում արդեն իսկ փոխհամաձայնեցված կետերը ստորագրելու և դրանով իսկ պատերազմի էջը փակելու առաջարկը բնականաբար կարևոր քայլ է և ցույց է տալիս, որ իրականում հենց ադրբեջանական կողմը չի ցանկանում, որպեսզի ստորագրվի խաղաղության պայմանագիրը և այդ նպատակով էլ առաջ է քաշում տարբեր պատճառներ ու պատրվակներ՝ սկսած ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու պայմանից, վերջացրած Մինսկի խումբը լուծարելու  պահանջով»,- ասաց Պետրոսյանը։

Նրա դիտարկմամբ՝ հայկական կողմի առաջարկն ավելի շատ դիվանագիտական քայլ էր, որով հայելային կերպով ցույց է տրվում, որ հենց Ադրբեջանն իրականում չի ցանկանում ստորագրել խաղաղության համաձայնագիրը և արհեստական պատճառներով շարունակ խոչընդոտում է դրա ստորագրումը, այլապես անգամ չհամաձայնեցված կետերն ընդամենը մի քանի օրվա դիվանագիտական աշխատանքի արդյունքում կարող են համաձայնեցվել ու ստորագրվել, առավել ևս, որ հիմնական խնդրահարույց հարցերը, որոնք եղել են երկկողմ օրակարգում և վերաբերում են արցախյան հիմնախնդրին, կոմունիկացիաների ապաշրջափակման, սահմանագծման ու սահմանազատման հարցերին, մեծ հաշվով դուրս են ներկայումս քննարկվող փաթեթի բովանդակությունից։

Անդրադառնալով Փաշինյանի այն հակադարձմանը, որ, ի տարբերություն ՀՀ-ի, Ադրբեջանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի նկատմամբ, Պետրոսյանն ընդգծեց, որ այդ հայելային դիտարկումը նույնպես նույն տրամաբանության մեջ է։ 

«Եթե փորձենք վերլուծել այն վայնասունը, որ բարձրացել է ադրբեջանական քաղաքական, քարոզչական, վերլուծական դաշտում, ապա չպետք է մոռանալ, որ անմիջապես Փաշինյանի ասուլիսից հետո հայկական կողմին հակադարձեցին թե՛ Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ խոսնակի տեսքով, թե՛ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը՝ օգնական Հաջիևի մակարդակով, ինչպես նաև եղան բազմաթիվ վերլուծություններ, տարբեր կայքերում հրապարակվեցին նյութեր, հնչեցին փորձագիտական կարծիքներ, որոնց միջոցով ցանկացան հակադարձել, թե իբր ՀՀ վարչապետի կողմից հնչած հակառակ պահանջն Ադրբեջանի Սահմանադրության մասով անընդունելի է, որևէ կերպ աղերս չունի Ադրբեջանի քաղաքականության հետ և պաշտոնական Բաքուն որևէ տարածքային պահանջ չունի Հայաստանի նկատմամբ, բայց իրականում նման հակադարձումը հերթական անգամ ի ցույց դրեց ադրբեջանական կողմից հնչող պահանջների արհեստածին բնույթը, պահանջներ, որոնց շնորհիվ Ադրբեջանը խուսափում է ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Կարելի է եզրակացնել, որ Փաշինյանի դիվանագիտական քայլը դրսևորում է որոշակի էֆեկտիվություն»,- պարզաբանեց Պետրոսյանը։

Իսկ ինչ վերաբերում է սպառազինության հարցում Փաշինյանի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը կարող է զենք ձեռք բերել Իտալիայից, իսկ Հայաստանը չի՞ կարող զենք ձեռք բերել Ֆրանսիայից, վերլուծաբանը շեշտեց, որ պետք է փաստել, որ չնայած այս պահին Ադրբեջանի և Հայաստանի միջև իրավիճակը հատկապես անվտանգային առումով որոշակիորեն կայուն է, սակայն Բաքվի քաղաքականությունը մեր երկրի նկատմամբ բնավ չի փոխվել, քանի որ ադրբեջանական կողմն ունի հստակ նպատակ՝ թույլ չտալ Հայաստանի ռազմական, տնտեսական ու քաղաքական ներուժի վերականգնումը։ 

«Ադրբեջանի քաղաքական ու դիվանագիտական ջանքերը միանշանակ միտված են այդ նպատակի իրականացմանը։ Բնականաբար պաշտոնական Բաքուն ամեն կերպ ձգտելու է բացառել ՀՀ-ի կողմից սեփական ռազմական ներուժն ու անվտանգային  միջավայրը բարելավելու որևէ հնարավորություն և անընդհատ իր քաղաքականությունը կենտրոնացնելու է դրա վրա։ Մենք տեսնում ենք, թե ինչպիսի վայնասունով են կրկին անդրադարձել Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններին և հատկապես ռազմական ոլորտում երկկողմ համագործակցության խորացմանը։ Տեսնում ենք, թե ինչպիսի քաղաքական ու քարոզչական գործիքակազմ է կիրառվում ՀՀ-ի կողմից արտասահմանյան տարբեր շուկաներից սպառազինություն ձեռք բերելու դեմ, կամ ՀՀ-ում Եվրամիության դիտորդների առաքելությունը դադարեցնելու համար՝ վկայակոչելով սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի ստորագրումը»,- նշեց մեր զրուցակիցը։

Ըստ Պետրոսյանի՝ երբ հայկական կողմից հնչում են հայելային հակադարձումներ կամ լինում են արձանագրումներ, որ Հայաստանը մեկ-երկու գործընկեր պետությունների հետ է խորացնում ռազմական համագործակցությունը, մինչդեռ Ադրբեջանի ռազմական ծախսերի մասշտաբները մի քանի անգամ գերազանցում են կամ ռազմական ոլորտում միջազգային համագործակցությունն ավելի բազմաշերտ է, տեսնում ենք, թե ինչպես է այլայլվում ադրբեջանական քաղաքական և քարոզչական դաշտը։

«Սա նույնպես հստակ դրսևորում է, և որպեսզի հայկական կողմը հաջողի Ադրբեջանին դիմագրավելու քաղաքականության մեջ, ապա պետք է կրկին ակտիվացնի հակաթեզերը, որոնց միջոցով կարելի է ի ցույց դնել Բաքվի քաղաքական և քարոզչական խոսույթի արհեստական լինելը։ Երբ Ադրբեջանին հակադարձում են շատ ավելի հիմնավորված ու փաստարկված, ապա տեսնում ենք, թե ինչպես է ամբողջ ռեսուրսները կամ իր քաղաքական-քարոզչական ռեսուրսների մի զգալի մասը կենտրոնացնում հայկական թեզերին հակադարձելու վրա կամ իր քայլերն արդարացնելու համար։ Ամփոփելով նշեմ, որ Փաշինյանի կողմից հնչած որոշ հայելային հակադարձումներն ու շեշտադրումներն ունեցել են բավականին հաջող էֆեկտ։ Եթե նախկինում նրանց հայտարարությունները թողնում էինք անպատասխան, ինչ ուզում, անում էին, ապա այժմ, երբ սկսել ենք խոսել և հակադարձել, ադրբեջանցիներն իրենց քայլերն ի ցույց դնելով՝ խառնվել են իրար»,- եզրափակեց վերլուծաբանը։

Մանվել Մարգարյան 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում