Իրավունք

Չենք հասել այն կետին, որ Հայաստանում արդարադատությունը նշանակի արդարություն. վարչապետ

5 րոպեի ընթերցում

Չենք հասել այն կետին, որ Հայաստանում արդարադատությունը նշանակի արդարություն. վարչապետ

Հայաստանի գործող կառավարությունը դեռևս չի հասել իր երազանքի կետին, որ արդարադատությունը նշանակի արդարություն, սակայն վերահաստատում է այդ ուղղությամբ առաջ շարժվելու վճռականությունը:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում կառավարության ծրագրի 2024 թ կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը:

«Մենք պաշտպանում ենք մեր ժողովրդի իրավունքը, որ թացը չորի հետ չխառնվի, որ որևէ անմեղ մարդ բանտում չհայտնվի, որ արդարություն ու արդարադատություն լինի երկրում, ոչ թե վրեժ և հաշվեհարդար։ Նաև այն պատճառով, որ մեր ժողովուրդը չի սիրել և չի սիրում բռնություն, մեր ժողովուրդը չի սիրել և չի սիրում ամենաթողություն, մեր ժողովուրդը չի սիրել և չի սիրում անարդարություն: Իսկ ինչ կասեմ արդարության և արդարադատության մասին: Մի՞թե այստեղ մենք հասել ենք այն կետին, որ ուզում էինք հասնել, և որն է այդ կետը: Իսկ մեր երազանքի կետն այն էր և շարունակում է մնալ այն, որ Հայաստանում արդարադատությունը նշանակի արդարություն: Եվ պետք է խոստովանել, որ չենք հասել այդ կետին»,-ասաց Փաշինյանը:

Նա կանխատեսեց այն քննադատությունը, որ բաց են թողել դատավորների վեթինգի հնարավորությունը: Փաշինյանն այս քննադատությունը տեղին չհամարեց երկու պատճառով: Նա հիշեցրեց, որ նախ հեղափոխության ժամանակ պարտավորվել են, որ բոլոր պաշտոնյաները պետք է նոր Հայաստանում դրսևորվելու, իրենց ուժերը ներդնելու շանս ունենան, և այս համատեքստում իրենք հավատարիմ են մնացել այդ խոստմանը: 

«Եվ հետո, Հայաստանում այսօր գործող դատավորների կազմը մոտ 60 տոկոսով նշանակվել է 2018 թվականից հետո: Նաև չմոռանանք, որ մենք, բառիս բուն իմաստով, զրոյից Հակակոռուպցիոն դատարան ենք ստեղծել՝ առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններով: Բայց, ինչքան էլ դժվար լինի խոստովանել՝ Հակակոռուպցիոն դատարանի հանրային ընկալումները հաճախ չեն տարբերվում մեր մնացած դատարանների ընկալումներից:   Սա մեզ պետք է հուշի, որ խնդիրները և դրանց լուծումներն այնքան էլ պարզ չեն, որքան կարող է թվալ»,-ասաց վարչապետը: 

Փաշինյանի խոսքով՝ այս խնդիրներն առաջին հերթին կապված են այն իրավաբանական մենթալիտետի և կրթության հետ, որ երկար տարիներ հաստատվել են Հայաստանում: 

Վարչապետը մանրամասնեց, որ այդ մենթալիտետի համաձայն՝ արդարադատությունը միշտ չէ, որ արդարություն է: 

«Այդ մենթալիտետի համաձայն՝ արդարադատությունը ոչ միշտ, բայց երբեմն կարող է նմանվել «տերովին տերն է տարել, անտերին՝ գելը» հին ժողովրդական առածին: Եվ անհեթեթորեն ձգվող դատավարությունները սրա, թերևս, ամենավառ օրինակն են: Այդ մենթալիտետի համաձայն՝ արդարադատությունը կարող  է հասանելի լինել միայն էլիտար փոքրիկ խմբակի: Այդ տրամաբանությունը ժամանակ առ ժամանակ արտահայտվում է թե՛ օպերատիվ, թե՛ քննչական, թե՛ դատախազական, թե՛ դատավարական օղակներում»,-ասաց Փաշինյանը: 

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ վարչապետի պաշտոնում պաշտոնավարման ընթացքում արել է ամեն ինչ, որ վերը նշված իրավիճակը չլինի։ «Արել եմ ամեն ինչ՝ սկսած դատարանների շրջափակումից, վերջացրած դատաիրավական համակարգերում աշխատավարձերի՝ շատերի կողմից անտրամաբանական համարվող բարձրացմամբ, շարունակած ամենատարբեր հնարավոր ու անհնար կադրային փոփոխություններով ու ինստիտուցիոնալ բարեփոխումներով»,-նշեց նա: 

Վարչապետը հավելեց՝ իր ասածը չի նշանակում, թե Հայաստանում չի եղել, չկա ու չի լինելու արդարություն, իր ասածը նշանակում է վճռականության վերահաստատում, որ առկա իրավիճակի հետ համակերպվելուց հրաժարվում են և հրաժարվելու են, որ արդար ու անկախ դատական համակարգ ունենալու նպատակը պետք է իրագործվի միանշանակ և աներկբա: Բայց սրա համար Փաշինյանը նախ կարևորեց հասկանալ, ախտորոշել և լուծել խնդիրները՝ այս ճանապարհին լինելով սկզբունքային և հետևողական: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում