Հռչակավոր «Շանհայ» քառյակը հանդես կգա Երևանում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռչակավոր «Շանհայ» քառյակը «Երևանյան հեռանկարներ»միջազգային փառատոնի շրջանակում հոկտեմբերի 15-ին հանդես կգա «Արամ Խաչատրյան» համերգասրահում:Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրեց փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը, քառյակը կկատարի Հայդնի, Պենդերեցկու և Շուբերտի ստեղծագործությունները:

«Փառատոնի շրջանակում մենք ամեն տարի որևէ հայտնի քառյակ ենք հրավիրում Հայաստան: Նախորդ տարի մեր փառատոնի հյուրն էր հեղինակավոր «Տոկիո» լարային քառյակը: 2014-ին մեր երկրում համերգով հանդես կգա 8 անգամ Գրեմիի մրցանակակիր «Էմերսոն» լարային քառյակը: Անակնկալներ շատ են լինելու»,- խոստացավ Սոնա Հովհաննիսյանը:

Հայտնի լինելով իր կրքոտ երաժշտականությամբ և տպավորիչ կատարումներով` «Շանհայ»-ը կամերային երաժշտության ասպարեզում ամենահեղինակավոր անսամբլներից է: «Շանհայ» քառյակը հիմնադրվել է 1983 թվականին և բաղկացած է 4 անդամից. առաջին ջութակը Վեիգանգ Լին է, երկրորդը՝ Յի-Վեն Յանգը, ալտահարը` Հոնգանգ Լին և թավջութակահարը` Նիկոլաս Ցավարասը: Քառյակը հիմնադրվել է երաժիշտների՝ Շանհայի կոնսերվատորիայում ուսանելու տարիներին: 1984 թվականին քառյակը մասնակցել է Portsmouth International Quartet Competition մրցույթին և շահել երկրորդ մրցանակը: 1987 թվականին «Շանհայ»-ն առաջին անգամ ելույթ է ունեցել Նյու Յորքի Թաուն հոլլ դահլիճում: Դրանից հետո քառյակն աշխատել է աշխարհի բազմաթիվ հեղինակավոր երաժիշտների հետ: Անսամբլը ելույթներ է ունենում Հարավային և Հյուսիսային Ամերիկաներում, Եվրոպայում, Ճապոնիայում, Չինաստանում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում: «Շանհայ»-ի երաժիշտները հրավիրյալ դասախոսներ են Չինաստանի Շանհայ և Երաժշտության կենտրոնական կոնսերվատորիաներում, որտեղ նրանք պարբերաբար անցկացնում են վարպետության դասեր:

«Երևանյան հեռանկարների» 14-րդ համերգաշրջանն այս տարի մենկարկել է Վիեննայիֆիլհարմոնիկ հռչակավորնվագախմբի համերգով: Այնուհետև հունիսին Երևանում և Վանաձորում ելույթ է ունեցել Գրեմմիի մրցանակակիր Էստոնիայի տղամարդկանց երգչախումբը: «Արամ Խաչատրյան» համերգասրահում վերջերս հանդես է եկել նաեւ «Հորտուս Մուզիկուս» խումբը: Սեպտեմբերի 12-ին փառատոնի շրջանակներում ելույթ ունեցավ Յուրի Բաշմետը` իր ղեկավարած «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախմբի հետ, իսկ սեպտեմբերի 29-ին՝ ռուս բարիտոն Դմիտրի Խվորոստովսկին:

Հայերեն English