Պահանջատիրություն ասվածը նախևառաջ աշխատանք է, այլ ոչ թե ամբոխահաճո արտահայտություն. Հայկ Դեմոյան

17 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը` 2015 թվականը պայքարի վերջը չէ, շատ առանցքային գործողություններ սկսվելու են հենց 2015-ից: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ կատարվող աշխատանքների, նախատեսվող ծրագրերի ու դրանց անցկացման կարևորության մասին «Արմենպրես»-ը զրուցում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանի հետ:

-Ներկայում ի՞նչ աշխատանքներ է տանում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովը:

-Թանգարանի տնօրենը հանդիսանում է հանձնաժողովի քարտուղարը, այդ համատեղումը, որքան էլ դժվար լինի, փորձում ենք իրականացնել: Բոլոր գործուղումների ընթացքում հանդիպումներ են տեղի ունենում տեղական հանձնաժողովների հետ և փորձ է կատարվում ճշտգրտել ընթացիկ օրակարգը, այն, թե ինչ կարելի է ծրագրել և իրականացնել մինչև 2015 թվականը: Մենք չենք կարող ամեն ինչ թողնել 2015-ին` չնայած բոլոր ռեսուրսներն ու միջոցները հենց այդ տարվա համար են նախատեսված: Շատ կարևոր են նախապատրաստական աշխատանքները: Նախ ճգրտվում են համայնքային մակարդակի միջոցառումները, դրանց պատասխանատուները, իրականացման ձևերը: Այստեղ դրականն այն է, որ տեղերում կա Ապրիլի 24-ի հանձնաժողովների ստեղծման օրինակը, և այդ նախօրինակի հիման վրա ձևավորվում են 100-ամյակի հանձնաժողովները: Կարող եմ բերել Բեյրութի հանձնաժողովի հաջող օրինակը, որտեղ աշխատանքներն անընդհատ շարունակվում են, մի քանի համատեղ ձեռնարկներ արդեն արվել են:

Չեմ ցանկանում վարդագույն գույնով ներկայացնել այն ամենը, ինչ կատարվում է` չնայած կարծես թե հենց այդպես պետք է լիներ: Խնդիրներ կան ներհամայնքային համախմբման առումով, որոնք բխում են տասնամյակների ընթացքում ձևավորված կարծրատիպերից: Երբեմն լսում ենք դժգոհության ձայներ Հայաստանից և Սփյուռքից 100-ամյակի նախապատրաստական աշխատանքների առնչությամբ:Չեմ ուզում արդարանալ, թե մենք 100 տոկոսով անում ենք այն, ինչ կարող ենք, բայց ակնհայտ է, որ որոշ խմբակներ և անհատներ հակված են դատարկ քննադատությամբ հանդես գալ, այլ ոչ թե որևէ կարևոր ու առարկայական առաջարկ ներկայացնել: Այստեղ տեղին է հիշել ճակատամարտին կողքից դիտող ու «հեղինակավոր» կարծիք արտահայտող զորավարների դրվագը:

Աշխատանքները հսկայածավալ են` թանգարանների կառուցում, մենագրությունների, մատենաշարերի հրատարակություն, Հայաստանում և արտասահմանումգիտաժողովների անցկացում, որոնց աշխարհագրությունը և խորագրերը տարբեր են լինելու: Հայոց ցեղասպանության քաղաքական ճանաչմանը զուգահեռ շատ կարևոր և բարդ աշխատանք է տեղերում թեմայի շուրջ իրազեկվածության բարձրացումը, ինչը նախատեսվում է իրականացնել մամուլի և հեռուստատեսության միջոցով, օտար լեզվով մենագրություններ հրատարակելով, ժամանակավոր բարձրակարգ ցուցադրություններով ու թանգարանային մշտական ցուցադրություններ կազմակերպելով: Մենք քաջ գիտակցում ենք, որ աշխատանքների հսկայական մի հատված ծանրանալու է հենց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի վրա, լոկ այն պարզ պատճառով, որ այն միակ նման հաստատությունն է աշխարհում:

Նախաձեռնությունների շարքում շատ կարևոր է նաև Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության տարեկան հերթական հավաքը Երևանում: Շուրջ 300 - 400 մասնագենտների ենք ակնակալում ընդունել 2015 թվականի ամռանը: Լինելու են բացառիկ շարժական ցուցադրություններ, նախատեսվում է մեծ ֆիլատելիստական ցուցահանդես, ամառային դպրոցներ են կազմակերպվելու, կրթաթոշակներ են տրվելու արտերկրի մասնագետներին, մեր մասնագետներն են գործուղվելու, որպեսզի արխիվային նյութեր հայթայթեն և մասնագիտանան արտասահմանյան տարբեր ամբիոններում:

-Շատ էասվել,որ 100-ամյա տարելիցը վերջնագիծչէ, այլ նոր պայքարի սկիզբն է: Այս մասին խոսել է նաև երկրի նախագահը:Փաստորեն, 2015-ին ավելի մեծ թափո՞վ են միջոցառումներ անցկացվելու:

-2015-ը ոչ մի սահման չի դնում մեր առջև: Պարզապես որոշ մարդիկ կամա թե ակամա փորձում են 2015-ը օրհասական վերջնաժամկետ ներկայացնել հանրությանը` տրամադրություն ստեղծելով, որ, եթե ճանաչումը մինչ այդ տեղի չունեցավ, ուրեմն, դա տեղի չի ունենա նաև դրանից հետո, և ամեն ինչ վերջացած կլինի: Մեր նպատակն ավելի խորքային է, և դա ավելի է անհանգստացնում թրքական կողմին: Մենք անընդհատ շեշտում ենք, որ որևէ բան չի ավարտվելու, մենք ամեն ինչ սկսելու ենք հենց 2015 թվականից: 2015-ը պետք է հավուր պատշաճի դիմավորել ու ամբողջ աշխարհին ցույց տալ, թե ինչ հիշողության մշակույթ ու հանուն արդարության պայքարի ինչ միջոցներ, հնարավորություններ ունի մեր ժողովուրդը և ինչի ենք մենք ընդունակ միասնաբար գործելու դեպքում: Սա չափազանց կարևոր դրվագ է լինելու մեր ժողովրդի պատմության մեջ:

-Միջոցառումների իրականացման տեսանկյունիցկա՞նտարբերություններայն երկրներում, որտեղ Հայոց ցեղասպանությունն այս կամ այն եղանակով դատապարտվել է, և այն երկրներում, որոնք դեռևս լռում են` առաջ տանելով Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը:

-Որևէ տարբերություն չկա: Կան երկրներ, որոնք փորձում են սպասարկել թրքական շահերը` անկախ նրանից ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, թե ոչ: Դրանք Թուրքիայի փոխարեն փորձում իրենց վրա վերցնել հայկական կողմից ակնկալվող հարվածի ուժգնությունը կամ փորձում են այն մեղմել: Այս իրողության առկայությամբ մեր աշխատանքն ավելի է բարդանում: Բայց սա պետք է մեզ չվհատեցնի ու պարտվողական տրամադրություն առաջացնի: Ինձ հիմա ավելի շատ անհանգստացնում են ապակողմնորոշող ձայները, որոնք հնչում են թե՞ մեր հանրապետությունում, թե՞ Սփյուռքում:

Մենք դեռևս պատրաստ չենք շատ բարձր մակարդակի հարց դնել, որովհետև պետք է հաշվի առնելպարզ մի իրողություն` Թուրքիայի և խոշոր տերությունների աշխարհաքաղաքական շահերի համընկնումը: Մեզ մնում է պատրաստել այնպիսի սերունդ, որը կտիրապետի նոր միջոցների ու հնարավորությունների` պայքարի ու արդարության վերականգնման ուղղությամբ նոր թափով աշխատանքներ տանելու համար: Սա է մեր գլխավոր մեկնակետը, դրա համար պետք է անընդհատ աշխատել և նոր հանգրվաններ ապահովել համազգային մեր պայքարում:

-Տարաբնույթ միջոցառումների շարքումմեծ դերակատարում ունեն Հայոց ցեղասպանության իրազեկման կրթական ծրագրերը, կարո՞ղ ենք ասել, որ դա անցկացվող միջոցառումների հիմնական ուղղությունն է:

- Ցավով պետք է նշեմ, որ վերջին տարիների մեր աշխատանքը միակողմանի է եղել, եւ չի գիտակցվել առանցքային մի խնդիր` տարբեր երկրների դպրոցական դասագրքերում Հայոց ցեղասպանության փաստի արձանագրումը. դա ավելի կարևոր է, քան պառլամենտական ճանաչումների փաստաթղթերը: Այդ ուղղությամբ աշխատանք համարյա չի տարվել: Վերջին երեք տարին անընդհատ խոսում եմ այն մասին, թե որքան կարևոր է դասագրքերում Հայոց ցեղասպանության թեմայի ներառումը: Խոսքը միայն Ամերիկայի կամ Անգլիայի դպրոցներին չի վերաբերում, խնդրահարույց է նաև մեր հայկական դասագրքերում Եղեռնի թեման ներկայացնելը: Մենք դեռ չգիտենք` որ տարիքային խմբի համար ինչպես ներկայացնենք Եղեռնի թեման: Ինչպես կարող ենք օգտագործել այն` կիրթ, բանիմաց ու օրինապաշտ քաղաքացի կրթելու գործին ծառայեցնելու համար: Ցեղասպանության թեման, գիտակցումը, որ քո ազգի հետ նման բան է պատահել, փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտի ձևավորմանը պետք է նպաստի: Տեսեք` առկա անհանդուրժողականությունը, որը տիրում է մեր հասարակությունում և դրանից դուրս, նաև հետևանքն է այն բասացական էներգիայի, որը ճիշտ ձևով չի կառավարվել և դուրս չի բերվել: Ասել կուզի, մեծ կարևորություն պետք է տալ խնդրի հոգեբանական ուսումնասիրությանը և դրա հետևանքների մեղմացմանը:

Այստեղ խոսքը վերաբերում է ճիշտ հոգեբանական կրթությանը, որպեսզի նոր սերնդի մոտ վերափոխվի տրավմատիկ հիշողությունը: Այդ նպատակով թանգարանի նոր մասնաշենքում ստեղծվել է հատուկ դպրոցական դասարան, որը երեխաների համար կկահավորվի, և յուրաքանչյուր տարիքի համար տարբեր դասընթացներ կանցկացվեն, ֆիլմեր կցուցադրվեն: Այդ կրթադաստիարակչական առաքելությունը նույնպես թանգարանն իր վրա է վերցրել: Դրան զուգահեռ պետք է նաև տեղերում` Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի դպրոցական դասագրքերում գոնե երկու տողով նշվի Մեծ Եղեռնի ու Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի կորստի մասին: Հաջորդ տարի առաջին աշխարհամարտի 100-ամյա տարելիցն է, որը լավագույն առիթն է դա անելու համար:

Պառլամենտներում թե ինչ փաստաթուղթ է ընդունվում` երկրորդական է, քանի որ այն քաղաքական լոբբինգի արդյունք է` որոշ քաղաքական շահերի սպասարկման միտումով, եթե չասեմ, որ դրանք բխում են այս կամ այն երկրի տվյալ պահի օրակարգից: Վերջին օրինակը Եգիպտոսում Հայոց ցեղասպանության հարցի շահարկումն էր: Մեզ այդպիսի շահարկումներ պետք չեն, մեզ համար ավելի ազնիվ և շահեկան կլինի, եթե դպրոցական դասագրքում արձանագրվի Հայոց ցեղասպանության պատմական փաստը:

-Հայտնի է, որ նախատեսվում են բացառիկ ցուցադրություններ, մի փոքր դրանց մասին կխոսե՞ք:

-Մոտակա 2.5 տարվա ընթացքում թանգարանը պատրաստվում է շուրջ 20 ցուցադրության, ինչը նշանակում է, որ 20 տարբեր ցուցադրություններ նախապատրաստելիս օգտագործվելու են կատարելապես տարբեր ցուցանմուշներ: Այդպիսի ցուցանմուշներով մենք հանդես ենք գալու աշխարհի խոշոր քաղաքների ցուցասրահներում: Ես չեմ բացահայտի աշխարհագրությունն ու խորագրերը. թանգարանային գաղտնիք է: Այս պահին մենք ինտենսիվ աշխատում ենք մշտական ցուցադրությունների ուղղությամբ: Գիտե՞ք ինչքան նոր նյութ է հավաքվել թանգարանիվերջին 7 տարվագիտահավաքչական գործունեության արդյունքում. գիտական ֆոնդերի միավորների քանակը կրկնապատկվել է: Դա նշանակում է, որ թանգարանի հավաքածուն համալրվել է հազարավոր բնօրինակ նյութերով: Հավաքչական աշխատանքը չի ենթադրում միայն, որ անհատը բերում և մեզ է հանձնում ինչ-որ իրեր ու արժեքներ: Համալրումը տեղի է ունենում նաև գիտահավաքչական աշխատանքի և գնման արդյունքում: Անձամբ ես գիշեր ու զօր աճուրդներից գնումներ եմ կատարում, հազարավոր իրեր եմ գնել վերջին տարիների ընթացքում, դրանց մեջ կան բացառիկ նմուշներ, որոնք հանրությունը կտեսնի 2015-ի մշտական ցուցադրությունում, իհարկե, շատերը ժամանակավոր ցուցադրություններ էլ են ներառվում: Թանգարանի աշխատակազմը շատ լավ գիտակցում է, որ այլևս ներկայանալի լինելու խնդիր չունի, այսօր մենք ունենք 1915 թվականի բնօրինակ լուսանկարներ, փաստաթղթերի հազվագյուտ նմուշներ, ինչը չունեինք, օրինակ, 7 տարի առաջ: Թանգարանն ունի աշխատանքային ծավալ, որի մասին մենք գերադասում ենք չբարձրաձայնել: Բացի դրանից` թանգարանը հրատարակելու է մատենաշարեր, նշյալ ցուցադրությունների կատալոգները, ինչը շատ լուրջ գիտական աշխատանք է: Միշտ ցավով եմ ասում, որ դա կարող է անել միայն այս հաստատությունը, քանզի բարձրակարգ և գիտականության տեսանկյունից անխոցելի ցուցադրություններ կարող է պատրաստել հենց մեր թանգարանը, որն ունի Մեծ Եղեռնին առնչվող աշխարհի ամենամեծ հավաքածուն: Թանգարանը պատրաստում է նաև Հայոց ցեղասպանության հանրագիտարանի բազմալեզու հատորը: Ես անձամբ պատրաստում են Հայոց ցեղասպանության պատկերազարդ պատմության հատորը, որը ներառելու է շուրջ 5000 լուսանկար և ուղեկցվելու է տեքստային նյութով: Դա հանդիսանալու է բազմալեզու թանգարան` մեկ հատորի մեջ:

-Իսկ ի՞նչ ձևով այն հասանելի կլինի հանրությանը:

- Ե՞վ էլեկտրոնային, և՞ տպագիր տարբերակով հասանելի կլինի, բոլոր դպրոցներն անպայման կստանան մեկական օրինակ: Մենք նոր թանգարանային մշակույթ ենք փորձում ձևավորել, Եղեռնի մասին նյութի մատուցման նոր եղանակներ: Փորձում ենք վերաձևել ու վերանայել հայոց ցեղասպանության մասին մակերեսային պատկերացումները, սիրողական ու հոգեբանական ոչ ճիշտ ընկալումները: Հարկ եմ համարում շեշտել, որ խոսքը չի վերաբերում Եղեռնը մոռանալուն կամ որևէ այլ բան պարտադրելուն: Մենք փորձելու ենք թեման ներկայացնել իր խորությամբ, բազմաշերտությամբ, որպեսզի ճիշտ ընկալվեն դրա դասերն ու թողած հետևանքները:

-Հայ հոգեբանները նախապատրաստվում են անցկացնել հետազոտություն` ուսումնասիրելու Հայոց ցեղասպանության տրավմատիկ հիշողության վերարտադրման մեխանիզմները: Նրանք նպատակ ունեն հետազոտության արդյունքում հանդես գալ առաջարկով, թե ինչպես պետք է մատուցելԵղեռնի մասին ինֆորմացիան: Տեղյա՞կ եք և ինչպե՞ս եք վերաբերվում այդ փաստին:

-Լսել եմ այդ մասին, դա միայն օգտակար կարող է լինել: Առաջարկությունները կդիտարկվեն, ինչն էլ կարող է հանգեցնել շահեկան փոխադարձ համագործակցության: Ի վերջո, թանգարանը կարող է լինել այդ հարթակը երեխաների հետ աշխատանքի համար:Մենք սկսում ենք դասագրքերի մոնիտորինգը, թե ինչպես է թեման ներկայացվում դպրոցում: Առաջարկություններ ենք ներկայացնելու ՀՀ կրթության և գիտության նախարարություն, այնուհետև Կրթության ազգային ինստիտուտի հետ համատեղ մշակելու ենք ձեռնարկ, թե ինչպես ցեղասպանության վերաբերյալ թեման ներկայացնել դպրոցում: Ի վերջո, մեր բոլոր մարզային և երևանյան դպրոցականները գալիս են Ծիծեռնակաբերդ: Մենք պետք է պատրաստ լինենք նրանց ընդունելու:

-Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների մշակման ժամանակ հաշվի առնվե՞լ են Թուրքիայի հակաքայլերը:

-Մենք ունենք աշխատանքային որոշակի ուղղություններ, որոնց մասին չենք բարձրաձայնում: Մենք կարևորում ենք մեր լսարանը, բայց երրորդ լսարանն էլ թրքականն է, որի ուղղությամբ մենք ծրագրում և իրակացնում ենք քայլեր, որոնց մասին չենք խոսում: Այդ աշխատանքն արվում է շատ հաշվարկված: Կգա մի ժամանակ, երբ կբարձրաձայնենք, թե ինչ է արվել այդ ուղղությամբ: Բայց հիմա նախընտրում եմ չխոսել այդ մասին:Ուղղակի կարձանագրեմ, որ մեր աշխատանքներին թուրքական կողմն ուշի ուշով հետևում է և ամեն կերպ փորձում է տեղեկանալ մեր ծրագրերի ու անելիքների մասին:

-Նպատակաուղղվածքայլերի արդյունքում Թուրիքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու ներողություն խնդրելը կարո՞ղ է վերաճել տարածքային և նյութական պահանջատիրության:

-Եթե նկատել եք, պահանջատիրության մասին խոսելիս զուսպ եմ, քանի որ այս փուլում դրա մասին խոսելն ու հաջողության հասնելու բանաձևեր ներկայացնելն ուղղակի անհամեստություն է: Նախ մենք պետք է դառնանք ուժեղ, կայացած պետություն: Ուժեղ Հայաստանի Հանրապետություն, ուժեղ Սփյուռք, որը գիտակցում է Հայաստանի Հանրապետության կարևորությունը աշխարհի քարտեզի վրա, Սփյուռք, ուր առկա է փոխադարձ համայնքային հանդուրժողականություն և համերաշխություն նաև ազգային իղձերին հասնելու գործում:

Երբ մենք կգիտակցենք համախմբվածության իրական արժեքը, ոչ թե դրա թղթային, ճառախոսական իմաստը, այնժամ կդառնանք ուժեղ ու ազդեցիկ: Այդ դեպքում միայն մեզ հետ հաշվի կնստեն, հենց այդ ժամանակ էլ կարող ենք խոսել ու բարձրաձայնել իրական պահաջատիրության ու երաշխավորված հաղթանակների մասին:

Հարցազրույցը` Անի Նազարյանի

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա