Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի գործած սխրանքի 70-ամյակը կնշվի տոնական միջոցառմամբ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 17-ին Երեւանի թիվ 74 դպրոցում կկայանա տոնական տողան` նվիրված Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի գործած սխրանքի 70-ամյակին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի հայաստանյան ներկայացուցչության մամուլի ծառայության ներկայացուցիչ Լիանա Ազոյանը, տողանին ներկա կգտնվի նաև Հունան Ավետիսյանի անվան հիմնադրամի Նովոռոսիյսկից ժամանած պատվիրակությունը, վետերաններ:
Պատմական օրվա շրջանակում Ավետիսյանի անվան հուշամեդալներ կհանձնվեն նաեւ 89-րդ Թամանյան դիվիզիայի վետերաններին:
Հունան Ավետիսյանի անվան հիմնադրամը Ռուսաստանում իր գործունեությունը սկսել է 2009 թվականին: Հիմնադրամի գործունության հիմնական նպատակն է Հայրենական մեծ պատերազմի հերոսների եւ մասնակիցների հուշարձանների վերականգնումը, ինչպես նաեւ երիտասարդներին ռազմահայրենասիրական ոգով դաստիրակելը:
Հունան Ավետիսյանը Հայրենական մեծ պատերազմի (1941–45թթ.) ժամանակ կրծքով փակել է թշնամու դզօտի գնդացրի հրակնատը և ապահովել գրոհի հաջողությունը: Այդ սխրագործության համար նրան հետմահու շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում: