«Մանկական բեսթսելլեր 10». Նախորդ ութ ամիսներին ամենաշատ վաճառված մանկական գրքերի տասնյակը
9 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը «Մանկական բեսթսելլեր»-ի նոր թողարկամամբ ներկայացնում է նախորդ 32 շաբաթներում երևանյան գրախանութներում ամենաշատ վաճառված տասը մանկական ստեղծագործությունները: Վարկանիշային աղյուսակը գլխավորում է շաբաթներ շարունակ ամենապահանջված` «Բուկինիստ» հրատարակչության «Մաշան և արջը» հեքիաթը (830 օրինակ): Այն տպագրվելու առաջին օրվանից մեծ հետաքրքրություն է վայելում հատկապես փոքրիկների շրջանում: Միշտ նրանց ուշադրության կենտրոնում գտնվող համանուն մուլտսերիալը վարկանիշային աղյուսակում ապահովեց հեքիաթի բարձր հորիզոնականները: Գիրքը, որում ամփոփված են չարաճճի Մաշայի արկածներն, ունի նաև հետաքրքիր ձևավորում և մատչելի է:
Երկրորդ հորիզոնականում հայ մեծանուն գրող, հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի «Արևիկ» հրատարակչության «Հեքիաթներ»-ն են (460 օրինակ), որտեղ տեղ են գտել հեղինակի մանկական ստեղծագործությունների միայն մի փոքրիկ մասը: Թումանյանի հեքիաթների մեծ մասի հիմքում ընկած է ժողովրդական բանահյուսությունը: Նրա լեզուն և մտածողությունը պարզ են, ժողովրդական: Գրողը խորությամբ է արտացոլել հայ ժողովրդի հոգեբանությունը, մտքերն ու ձգտումները:
Լևոն Անանյանի «Մայրենի լեզվի դասը» հեքիաթ-պատմվածքը (381 օրինակ) վերջին 8 ամիսների ամենաշատ գնված մանկական ստեղծագործությունների երրորդ հորիզոնականում է: Հեքիաթը, որը տպագրությունից հետո գրեթե միշտ ընդգրկված է եղել վարկանիշային աղյուսակում, սովորեցնում է չուրանալ մայրենին և չտրվել օտարամոլությանը: Ստեղծագործության մեջ հեղինակը, որպես տիպիկ օրինակ, առաջ է քաշում բադերի ընտանիքում ծառացած խնդիրը: Նա ներկայացնում է, թե ինչպես փոքրիկ բադիկի մայրը, ստիպելով փոքրիկին ու համոզելով վերջինիս հորը, ձագուկին կրթության է տալիս շների ավելի հեղինակավոր դպրոցում` անտեսելով ճուտիկի մայրենի բադերենը: Հեքիաթ-պատմվածքը դաստիարակչական նշանակություն ունի ու արդիական է նաև այսօր: Դա է պատճառը, որ հեղինակը որոշել է տպագրել 45 տարի առաջ գրված պատմվածքը: Գրքում կարևորվում է այն գաղափարը, որ առաջնայինը մայրենի լեզվի պահպանման հարցն է, որի մասին մի պահ չի մտածել բադիկի ընտանիքը, իսկ մայրենիի կորուստը բերում է ցեղի կորստին:
«Մանկական բեսթսելլեր»-ի չորրորդ հորիզոնականում դանիացի գրող Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ»-ն են (231 օրինակ), որոնց զգալի մասը դեռ շատ վաղուց էկրանավորվել ու հայտնի է դարձել փոքրիկներին: Դրանցում հստակ երևում են իրական կյանքը, կենդանի մարդիկ ու իրողություններ: Անդերսենի հեքիաթները լույս են տեսել բազմաթիվ լեզուներով, իսկ հայերեն թարգմանությամբ՝ մի քանի անգամ: Երևանի տիկնիկային թատրոնում բեմադրվել են նրա «Մատնաչափիկը», «Օլե-Լուկոյե», «Փոքրիկ Իդայի ծաղիկները», «Ոսկուց և մարգարտից ավելի թանկ» և այլ բազմաթիվ հեքիաթներ:
Դանիացի մանկագրին գրքերի մեծաթիվ վաճառքով հաջորդում է հայ մեծանուն գրող ու մանկագիր Ղազարոս Աղայանի «Հեքիաթներ»-ը (157 օրինակ): Դրանց զգալի մասը համայն աշխարհում համարվում է հանրային սեփականություն: Միայն թարգմանություններն ու ավելի ուշ գրված գործերն են պաշտպանված հեղինակային իրավունքով: Աղայանի հեքիաթները նույնպես թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով և դարձել են համաշխարհային ստեղծագործության նմուշներ:
«Արևիկ» հրատարակչության «Իմ առաջին գիրքը» (136 օրինակ), որը տեղ գտավ վերջին մի քանի թողարկումներում, հասցրեց հետաքրքրել փոքրիկներին ու ապահովել մեծաթիվ վաճառք: Գիրքը զբաղեցնում է «Մանկական բեսթսելլեր»-ի վեցերորդ հորիզոնականը: Շարքի նկարազարդ ու գունեղ գրքերի միջոցով միլիոնավոր երեխաներ ճանաչում են իրենց մայրենին ու շրջապատող աշխարհը` թվերն ու տառերը, մրգերն ու բանջարեղենները, մարմնի մասերը և այլն: Բառերի ընտրությունը, դրանց համադրումը և գունային լուծումներն արված են այնպես, որ գրավեն երեխայի ուշադրությունը և տրամադրեն սովորելու: Վերջին ութ ամիսների ընթացքում ամենաշատ վաճառված և վարկանիշային աղյուսակում տեղ գտած մանկական ստեղծագործությունների յոթերորդ հորիզոնականում շվեդ գրող, արձակագիր և սցենարիստ Աստրիդ Լինդգրենի «Երկարագուլպա Պեպին» հեքիաթն է (109 օրինակ): Գիրքը կայծակնային արագությամբ ստացավ տարբեր մրցանակներ: Այն հեղինակի աղջկա նվերն էր եւ պատմում է կարմրամազ չարաճճի աղջկա արկածների մասին:
Ութերորդ հորիզոնականում կրկին Աստրիդ Լինդգրենի «Սիրված հեքիաթներ» շարքից «Մանչուկն ու Կառլսոնը» ստեղծագործությունն է (108 օրինակ): Կառլսոնը բոլորիս հայտնի է նաև համանուն մուլտֆիլմերով: Գրողի դուստրը մի առիթով պատմել է, որ մայրը, նախքան Կառլսոնի մասին գրելը, գրել է փոքրիկ, բարի և զվարճալի մարդու` պարոն Ցախավելի, մասին: Նա թռչել գիտեր, ինչի օգնությամբ էլ մի օր մտնում է մի հիվանդ տղայի սենյակ: Ցախավելը եղել է Կառլսոնի նախատիպը: Եվ մի օր էլ Լինդգրենը որոշել է ստեղծել մի հերոսի, ով թռչելով կայցելեր փոքրիկներին ու նրանց կուրախացներ: Կառլսոնին այսպիսի արտաքինով առաջին անգամ նկարել է նկարչուհի Իլուն Վիկլանդը, ում օրինակից հետագայում միշտ օգտվել են մնացած նկարիչները:
Սմբատ Գյուրջյանի` «Բուկինիստ» հրատարակչության «Իմ առաջին այբուբենը» գիրք-տետրը (105 օրինակ), որն անցած ութ ամիսների ընթացքում ամենաշատ վաճառված մանկական ստեղծագործություններից է, հրաշալի ուղեցույց է նախադպրոցական տարիքի երեխաների համար: Այն զբացեղնում է իններորդ հորիզոնականը: Գիրքը փոքրիկներին հնարավորություն է տալիս ինչպես սովորել այբուբենը, այնպես էլ «կախարդական» ֆլոմաստերի օգնությամբ գրի առնել այն: «Մանկական բեսթսելլեր» վարկանիշային աղյուսակի ցանկը եզրափակում է ֆրանցիացի գրող, բազմաթիվ հեքիաթների հեղինակ Շառլ Պերրոյի «Սիրված հեքիաթներ» շարքից «Քնած գեղեցկուհին» հեքիաթը (100 օրինակ), ինչի հիման վրա հետագայում Չայկովսկին գրել է համանուն բալետը: Նրա հեքիաթներն ունեն բարոյախրատական միտում և գրեթե բոլորը վերջանում են այդպիսի միտք ունեցող չափածո խոսքերով։ Նա հաճախ հեքիաթներում համարձակորեն հրաժարվում է թագավորների ու թագաժառանգների առջև խոնարհվելուց` նրանց ներկայացնելով եսասեր ու հիմար։ Պերրոյի հերոսները ուժեղ ու չար հակառակորդին հաղթում են սեփական կամքի ու հնարամտության շնորհիվ։ Պերրոյի հեքիաթները երեխաներին հմայում են նաև իրենց գեղեցիկ ձևավորված հրատարակություններով։
Հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյան տապան» (56-81-84), «Հայ Գիրք» («Մեկ պրինտ») (58-30-59), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական ու ուսումնական բնույթի գրքերն ու դասագրքերը:
| Տեղ | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | ![]() |
«Մաշան և արջը» | Բուկինիստ | 830 |
| 2 | ![]() |
Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» |
Արևիկ | 460 |
| 3 | ![]() |
Լևոն Անանյան «Մայրենի լեզվի դասը» |
Էդիտ Պրինտ | 381 |
| 4 | ![]() |
Հանս Քրիստիան Անդերսեն «Հեքիաթներ» | H&H | 231 |
| 5 | ![]() |
Ղազարոս Աղայան «Հեքիաթներ» |
Արևիկ | 157 |
| 6 | ![]() |
Իմ առաջին գիրքը | Արևիկ | 136 |
| 7 | ![]() |
Աստրիդ Լինդգրեն «Երկարագուլպա Պեպին» |
Զանգակ | 109 |
| 8 | ![]() |
Աստրիդ Լինդգրեն «Սիրված հեքիաթներ. Մանչուկն ու Կառլսոնը» |
Կռունկ | 108 |
| 9 | ![]() |
Սմբատ Գյուրջյան «Իմ առաջին այբուբենը» |
ՋիԷսԷմ | 105 |
| 10 | ![]() |
Շառլ Պերրո «Սիրված հեքիաթներ. Քնած գեղեցկուհին» |
Կռունկ | 100 |









