Մանկական բեսթսելեր 4/21. «Ալիսը հրաշքների աշխարհում» գիրքը մանուկների նախընտրածներից է
6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագիծը ներկայացնում է մեկ ամսվա ընթացքում ամենից շատ վաճառված մանկական գրքերի ցանկը:
Քնելուց առաջ հեքիաթներ լսել սիրում են բոլոր փոքրիկները: Առաջին հորիզոնականում է «Հեքիաթներ քնելուց առաջ»ժողովածուն: Այն ներառում է պարտադիր ընթերցանության յուրահատուկ հեքիաթներ:
Մեր ցանկ է վերադարձել և երկրորդ հորիզոնականը զբաղեցրել «Շաղգամը»գիրք-փազլը: Հեքիաթի առանցքում համատեղ ուժերով նպատակին հասնելու գաղափարն է: Շաղգամը հողից հանելու համար պապիկին օգնության հասած թոռնիկին են միանում շունը, կատուն, անգամ մուկը:
ՀանսՔրիստիանԱնդերսենի«Հեքիաթներ»-ը մեկ հորիզոնականով զիջել են իրենց դիրքերը և երրորդն են: Անդերսենյան գործերըքաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքերից, այլև մուլտֆիլմերից ու լիամետրաժ խաղարկային ֆիլմերից, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:
Առաջինից չորրորդ հորիզոնական են հասելՀովհաննես Թումանյանի «Հեքիաթներ»-ը:Թումանյանի ստեղծագործությունները, մասնավորապես, հեքիաթները, որոնք թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով, մշտապես հետաքրքրել են ընթերցողներին: Դրանք միշտ պահանջված են բոլոր սերունդներիկողմից, հաճույքով են կարդում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:
Հինգերորդ տեղում «Երեք պատմվածք Շերլոք Հոլմսի արկածներից»գիրքն է: Գրքում ներկայացված են Արթուր Կոնան Դոյլի՝ շատերի կողմից սիրված հերոս Շերլոկ Հոլմսի զանազան արկածները:
Ջ. Ռոուլինգի «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը»գիրքը կրկին մեր ցանկում է: Այն զբաղեցրել է վեցերորդ տեղը: Առաջին անգամ այն լույս է տեսել 20 տարի առաջ: Վեպի հիման վրա 2001 թվականին նկարահանվել է համանուն ֆիլմը, որը մեծ աղմուկ է բարձրացրել ու արժանացելև՛ փոքրիկների, և՛ մեծահասակների ուշադրությանը:
Յոթերորդ հորիզոնականում է Ղազարոս Աղայանի«Անահիտ»հեքիաթը: Այն Վաչագանի և Անահիտի սիրո, խիզախության, աշխատասիրության, նվիրվածության մասին է: Հեքիաթի մոտիվներով նաև մուլտֆիլմ է նկարահանվել:
«Հայ ժողովրդական հեքիաթներ»-ն այս անգամ ութերորդն է: Գրքում ներկայացված են հեքիաթներ, որոնք չափազանց հետաքրքիր են և դաստիարակչական նշանակություն ունեն:
Իններորդ տեղում է Լուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում» հանրահայտ ստեղծագործությունը: Լուիս Քերոլն ամաչկոտ, կակազող մաթեմատիկոս Օքսֆորդի համալսարանի Քրայսթ Չըրչ քոլեջից, հորինեց պատմություն մի փոքրիկ աղջկա մասին, ով գլորվում ընկնում է Ճագարի բույնը. այդպես են սկսվում Ալիսի անմահ արկածները: Հեքիաթի անսովոր մթնոլորտն ու արտասովոր հերոսները հրապուրել են և՛ ճշգրիտ, և՛ հումանիտար գիտությունների ոլորտի մարդկանց, ովքեր ըստ իրենց են մեկնաբանել Ալիսի յուրաքանչյուր քայլը, արկածը, խոսքը:
Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է Լուիս Քերոլի «Ալիսը հայելու աշխարհում» գիրքը: Այն «Ալիսը հրաշքների աշխարհում» հեքիաթի շարունակությունն է: Քերոլի ստեղծած Ալիսը նվաճել է ոչ միայն անգլիացի, այլև աշխարհի տարբեր անկյուններում ապրող ընթերցողների սերն ու համակրանքը:Հայելու աշխարհում Ալիսը հայտնվում է հակոտնյա երևույթների լաբիրինթում: Հանդիպելով շախմատային սպիտակ թագուհուն` ինքն էլ է ցանկանում դառնալ թագուհի, իսկ դրա հնարավորությունն ունի յուրաքանչյուր զինվոր, եթե միայն անվտանգ հաղթահարի բոլոր փորձությունները ու հասնի շախմատի մյուս ծայրին գտնվող 8-րդ վանդակին… շախմատի վանդակները տարօրինակ աշխարհներ են, որտեղ ապրում են խոսող ծաղիկներ, գուլպաներ գործող այծ, Պստլիկ Հաստլիկը, անվերջանալի բանաստեղծություններ արտասանող Չըրխկն ու Դըրխկը, Միաեղջյուրը և շատ ու շատ ուրիշներ:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13) և «Զանգակ» (23-26-49) գրախանութների ցանցերը: Հարցման ժամանակ հաշվի չեն առնվել դասագրքերը:
| Տեղ | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | ![]() |
«Հեքիաթներ քնելուց առաջ» | Բուկինիստ | 68 |
| 2 | ![]() |
«Շաղգամը» գիրք փազլ | Բուկինիստ | 59 |
| 3 | ![]() |
Հանս Քրիստիան Անդերսեն «Հեքիաթներ» | Արևիկ | 31 |
| 4 | ![]() |
Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» | Արևիկ | 25 |
| 5 | ![]() |
«Երեք պատմվածք Շերլոկ Հոլմսի արկածներից» | Անդրանիկ | 24 |
| 6 | ![]() |
Ջ. Ռոուլինգ «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» | Զանգակ | 19 |
| 7 | ![]() |
Ղազարոս Աղայան «Անահիտ» | Արևիկ | 14 |
| 8 | ![]() |
«Հայ ժողովրդական հեքիաթներ» | Արևիկ | 12 |
| 9 | ![]() |
Քերոլ Լուիս «Ալիսը հրաշքների աշխարհում» | Զանգակ | 11 |
| 10 | ![]() |
Քերոլ Լուիս «Ալիսը հայելու աշխարհում» | Զանգակ | 10 |
«Մանկական բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը









