Հայաստանի ըմբշամարտի մասին պատմող ֆիլմը տեղ է գտել Միջազգային օլիմպիական կոմիտեի թանգարանում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն նկարահանել եւ ՄՕԿ-ի թանգարան Է ուղարկել հայկական սպորտի մասին պատմող իր հերթական` «Ըմբշամարտը Հայաստանի հաղթաթուղթն Է» 36-րոպեանոց ֆիլմը, ինչի համար ՄՕԿ-ը շնորհակալություն Է հայտնել հայաստանյան իր գործընկերներին:

Ինչպես «Արմենպրես» -ին տեղեկացրեց օլիմպիական ֆիլմաշարի սցենարի հեղինակ, ռեժիսոր եւ օպերատոր, ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր մասնագետ Էդվին Գրիգորյանը, սա արդեն ՄՕԿ-ի պատվերով նկարահանած իր 12-րդ ֆիլմն Է: Առաջինը՝ «Մենք» ֆիլմը, նա նկարահանել Է 2003թվականին ՀՀ սպորտի պետական կոմիտեի՝ այժմ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հիմնման 80-ամյակի առիթով:

«Ըմբշամարտը Հայաստանի հաղթաթուղթն Է» ֆիլմը պարունակում Է հայկական ըմբշամարտի լավագույն դրվագները տարբեր միջազգային մրցումներից, այն ցույց Է տալիս մեզանում այս մարզաձեւի արմատները, երբ ըմբիշներին Հայաստանում փահլեւաններ Էին անվանում, եւ հին Հայաստանում նրանք ազգային զգեստով Էին դուրս գալիս մրցամարտերի: Այս պատմական փաստերը վերարտադրելու համար հատուկ նկարահանումներ են կատարվել Գառնիում` հնադարյան իր ամբողջ գեղեցկությամբ ներկայացնելով հայկական ըմբշամարտը: Ֆիլմում իրենց արժանի տեղերն ունեն հայ բոլոր անվանի ըմբիշները` սկսած Նազար Ալբարյանից մինչեւ Սարգիս Վարդանյան, Ռուբեն Վարդանյան, Արտաշես Նազարյան: Նկարահանված են հայկական ըմբշամարտի տոհմերը՝ Ջուլֆալակյանները, Ենոքյանները, Ալեքսանյանները:

Գրիգորյանի լավագույն ֆիլմերի ցանկում են այնպիսի ժապավեններ, ինչպիսիք են «13 օլիմպիական չեմպիոնները», «Վերածնունդը» եւ «Օղակների զորությունը»՝ լեգենդար մարմնամարզիկներ Հրանտ Շահինյանի եւ Ալբերտ Ազարյանի մասին, «Ռինգի ասպետները»՝ փառապանծ Վադիմիր Ենգիբարյանի եւ մյուս հայ անվանի բռնցքամարտիկների մասին, «Մեր դյուցազունները»՝ լեգենդար ծանրամարտիկներ Յուրի Վարդանյանի, Վարդան եւ Իսրայել Միլիտոսյանների, Օգսեն Միրզոյանի, ուրիշների մասին եւ այլն: Նա հատուկ ֆիլմ է նկարահանել` նվիրված ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի 20-ամյա հոբելյանին:

Էդվին Գրիգորյանը նշեց, որ շարունակելու Է կերտել հայկական սպորտի էկրանային պատմությունը, այդ թվում՝ իր համագործակցությունը Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ:

Հայերեն English