Հայաստանը կհյուրընկալի «Եվրոպական ժառանգության օրերի» ազգային համակարգողների ամենամյա համաժողովը
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ,26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Եվրոպայի խորհրդում ՀՀ նախագահության շրջանակում օգոստոսի 30-ից սեպտեմբերի 1-ը ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ մեր երկրում կանցկացվի «Եվրոպական ժառանգության օրերի» ազգային համակարգողների ամենամյա համաժողովը, որով կմեկնարկեն Եվրոպական ժառանգության օրերի՝ 2013 թ. միջոցառումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին տեղեկացնում է մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:
Համաեվրոպական մշակութային կարևորագույն իրադարձությանը մասնակցելու նպատակով Հայաստան կժամանեն ավելի քան 30 երկրների Եվրոպական ժառանգության օրերի ազգային համակարգողներ, մշակութային ժառանգության ոլորտի մասնագետներ և այլ պաշտոնատար անձինք: Եվրոպական ժառանգության օրերի ազգային համակարգողների ամենամյա համաժողովում կքննարկվեն ծրագրի իրականացման ընթացքում առկա խնդիրները, կհստակեցվի 2013-2014 թթ. մարտավարությունը, ազգային համակարգողների համար կկազմակերպվեն ուսումնական սեմինարներ՝ Հունաստանից և Մեծ Բրիտանիայից ժամանած մշակութային պահպանության ոլորտի առաջնակարգ մասնագետների մասնակցությամբ: Հայաստանյան 60-ից ավելի մշակութային օջախներ «Ժառանգության ժառանգները» խորագրով 200-ից ավելի միջոցառումներով իրենց հարկի տակ կհյուրընկալեն հասարակության տարբեր խմբերի:
Բացի դրանից, կկազմակերպվեն այցելություններ ՀՀ նախագահի նստավայր, կառավարության և Ազգային ժողովի շենքեր, Հարավկովկասյան երկաթուղու Երևանի երկաթուղային կայարան, «Արարատ» գինեգործականմիավորման համալիր, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետիազգային ակադեմիական թատրոն, Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան: Ծրագրին միացած թանգարանների և մշակութային այլ հաստատությունների մուտքն ազատ է: Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ կիրականացվեն նաև երկաթուղային շրջագայություններ Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի մարզերում:
«Եվրոպական ժառանգության օրեր» համաեվրոպական ամենամյա ծրագիրն իրականացվում է Եվրոպական մշակութային կոնվենցիային միացած շուրջ 50 երկրներում: Հայաստանի Հանրապետությունը այս ծրագրին միացել է 2000 թվականին: Նախորդ տարիներին միջոցառումները կրել են «Ծիր կաթին» (2009 թ.), «Կամրջենք սերունդները» (2010 թ.), «Գրավոր հիշողություն» (2011 թ.), «Ճանապարհ» (2012 թ.) և այլ խորագրեր: