ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրման դեպքում Մաքսային միությունը ստիպված կլինի կիրառել պաշտպանական միջոցներ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Եթե մեր հարևանները (Ուկրաինան) կգնան ԵՄ-ի հետ մաքսային ռեժիմի ազատականացման, ապա Ուկրաինայի շուկա անխուսափելիորեն կհոսեն որակապես և գնային առումով ոչ վատ ապրանքներ, սակայն դա կբերի այն բանին, որ նրանք դուրս կմղեն ուկրաինական շուկայից հենց ուկրաինանական ատադրանքը: Այդ դեպքում Մաքսային միության երկրները ստիպված կլինեն մտածել պաշտպանական միջոցների մասին»,- հայտարարել է Պուտինը:
Նրա խոսքով` Ուկրաինան դեռևս չի պատրաստվում անդամակցել Եվրամիությանը: «Խոսքը գնում է Ասոցացման համաձայնագրի մասին, ինչպես մեր փորձագետներն են կարծում, ուկրաինական տնտեսության համար բավականին կոշտ պայմաններով»,- ասել է ՌԴ նախագահը:
Ի դեպ, Ռուսաստանի և Ուկրաինայի վարչապետներ Դմիտրի Մեդվեդևի ու Նիկոլայ Ազարարովի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց: Հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ օգոստոսի 26-ին Նիկոլայ Ազարովը կայցելի Մոսկվա: ՌԴ մայրաքաղաքում բանակցությունների ընթացքում կքննարկվեն երկկողմ տնտեսական հարաբերությունների ընթացիկ հարցեր: