ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Սերգեյ Մովսիսյանը դարձել է Բանսկա Շտյավնիցա փառատոնի թագակիր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շախմատի ֆեդերացիայից, գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը Բանսկա Շտյավնիցա քաղաքում անցկացված փառատոնի շրջանակում «կենդանի շախմատի» (ոչ մրցաշարային) մենամարտում պարտության մատնեց գրոսմայստեր Յան Մարկոսին (Սլովակիա) եւ հռչակվեց փառատոնի արքա:
Մովսիսյանը Բանսկա Շտյավնիցայում արքա է հռչակվում 5-րդ անգամ: Մինչ այժմ նա այդ պատվին արժանացել է 2005, 2006, 2007, 2008 թվականներին` պարտության մատնելով համապատասխանաբար գրոսմայստերներ Շտոլին, Նավարային, Հրաչեկին, Մարկոսին:
Շախմատի ֆեդերացիան հայտնում է նաեւ, որ Սերգեյ Մովսիսյանը Չեխիայի Պարդուբիցե քաղաքում անցկացված կայծակնային մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ նվաճեց առաջին մրցանակը:Մովսիսյանն առաջ անցավ մրցաշարին մասնակցող 95 շախմատիստներից, այդ թվում` 31 գրոսմայստերներից: