Շատ երկրներում արգելված իրանական ռեժիսորի «Փարվիզ» ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային խաղարկային մրցույթում է

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային 10-րդ կինոփառատոնի «Միջազգային խաղարկային մրցույթ» ծրագրում իրանցի ռեժիսոր Մաջիդ Բարզեգարը ներկայացրել է իր «Փարվիզ» ֆիլմը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հուլիսի 13-ին հրավիրված ասուլիսում Բարզեգարը նշեց, որ շատ ուրախ է` հրավեր է ստացել «Ոսկե ծիրան»-ի նման փառատոնից, որտեղ տարբեր տարիքների կտրվածքով հրավիրվել են կինոլորտի աշխարհահռչակ ներկայացուցիչները:

«Շատ երկրներում ֆիլմի դիտումը հանդիպել է մի շարք արգելքների, քանի որ հանրության փոխարեն «չինովնիկները»որոշել են այն չցուցադրել` պատճառաբանելով դաժան տեսարանները»,- տեղեկացրեց Բարզեգարը: Նրա խոսքով` կինոն մնայուն է առաջին հերթին իր արծարծված թեմայի շնորհիվ:

«Թավրիզ» ֆիլմում ներկայած է 50-ամյա Փարվիզի պատմությունը, ով այդ տարիքում ապրում է հոր հետ եւ երկու տղամարդիկ այնքան էլ լեզու չեն գտնում: Այդ իրավիճակը հասնում է բարձրակետին, երբ հայրը որդուն հայտնում է, որ մտադիր է նորից ամուսնանալ: Փարվիզն ուրիշ ելք չունի, քան իր տեղը խորթ մորը զիջելը եւ տնից հեռանալը, սակայն իր համար դժվար է ապրել նոր` միայնակ կյանքով, հարեւաններից եւ իր ճանաչած մարդկանցից հեռու: Ուստի նա գտնում է իր հանդեպ գործված անարդարության դեմ պայքարելու յուօրինակ ուղի: Հերոսը կարծես «գազազում» է կյանքի դեմ, սկսում է շների սպանել, այլ դաժան արարքներ գործել:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք չի խուսափի հետագայում Բարգեզարը ֆիլմեր նկարահանելուց` ելնելով այն փաստից, որ «Փարվիզ»-ի դիտումը շատ երկրներում արգելված է, նա նշեց, որ իրականում կարծրատիպ կոտրելը իրեն դուր է գալիս, եւ ինքն ունի եւս երկու ֆիլմ, որոնց ցուցադրումը նույնպես արգելվել է:

«Իհարկե, արգելքը շատ է դժվարացնում արտադրման պայմանները, սակայն շարունակելու եմ նկարահանել նման ֆիլմեր»,- հավաստիացրեց ռեժիսորը:

Նրա գնահատմամբ` վերջին տարիներին իրանական կիոնոարտադրությունը ծաղկում է ապրում եւ տարեկան նկահարանվում է շուրջ 70 ֆիլմ, ինչին նպաստել է նաեւ թվային տեխնոլոգիաների զարգացումը:

«Օրինակ բելերով Փարաջանովին, պետք է նշեմ, որ նա դեռեւս խորհրդային տարիներին աշխատեց նոր լեզու գտնել իր արվեստը արտադրելու համար, այդպես էլ այժմ ռեժիսորները շարունակ նոր միջոցներ են փնտրում իրենց ասելիքը տեղ հասցնելու համար»,- ավելացրեց Բարզեգարը` շեշտելով, որ ստեղծագործական որոնումները իրեն բնավ չեն հոգնեցնում:

Ռեժիսորը ծնվել է 1973 թվականին Իրանի Համադան քաղաքում: Ունի կինեմատոգրաֆիայի բակալավրի եւ մագիստրոսի կոչում: Նկարահանվել է մի շարք կարճամետրաժ եւ վավերագրական ֆիլմերում: Նրա առաջին` «Անձրեւոտ սեզոն» լիամետրաժ ֆիլմը, ցուցադրվել է Ռոտերդամի եւ Մոնրեալի միջազգային կինոփառատոնում:

Նրա ֆիլմացանկից են «Մշուշի մեջ քայլերով», «Քամու ուղին», «Ասմարի անձրեւոտ կեսօրվա հին եւ մելամաղձոտ բալլադը»:

Հայերեն