Կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի 70-ամյակի շրջանակում հանրությանը ներկայացվեց «Մարդը սպիտակ քաղաքից» գիրք-ալբոմը
4 րոպեի ընթերցում

Կինոռեժիսոր, Հայաստանի ժողովրդական արտիստ, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի համահիմնադիր Հարություն Խաչատրյանի 70-ամյակին նվիրված «Մարդը սպիտակ քաղաքից» գիրք-ալբոմում ամփոփված են նրա՝ տարբեր տարիների հարցազրույցներ, Խաչատրյանի կինոյի, կյանքի մասին հոդվածներ, համաշխարհային հեղինակային կինոյի դեմքերի կարծիքներ և տեսակետներ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիրք-ալբոմում, որի շնորհանդեսը տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում, նաև զետեղվել են վերլուծություններ Հարություն Խաչատրյանի ֆիլմերի, նրա կինոձեռագրի մասին, իսկ լուսանկարներն առավել ամբողջացնում են այդ ամենը։
Գիրք-ալբոմի գաղափարի և նախագծի հեղինակ Արայիկ Մանուկյանը գրքի շուրջ աշխատել է ավելի քան մեկ տարի։ Նա խոստովանեց՝ ամենամեծ դժվարությունը ճիշտ մեթոդաբանություն ընտրելն է եղել, իսկ տարբեր աղբյուրներից հավաքված նյութերը թարգմանվել են անգլերենից, ֆրանսերենից, իտալերենից, ռուսերենից, գերմաներենից։

Կինոգետ Անդրեյ Պլախովը, որի հոդվածներից մեկն ընդգրկվել է «Մարդը սպիտակ քաղաքից» գրքում, Հարություն Խաչատրյանի հետ ծանոթացել է խորհրդային ժամանակների սեմինարներից մեկի ընթացքում։ Դիտելով Խաչատրյանի «Կոնդ»-ը՝ տպավորվել է, հետագայում ծանոթացել է հեղինակի մյուս ֆիլմերին ու գիտակցել՝ ինքնատիպ ռեժիսորի հետ գործ ունի: Պլախովը կարծում է՝ Հարություն Խաչատրյանի ֆիլմերը մեծ ներդրում են համաշխարհային կինոյում:

«Ոսկե ծիրան»-ի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանի համոզմամբ՝ գիրքը կինոգիտության, մշակութաբանության կարևորագույն նմուշ է, իսկ Հարություն Խաչատրանն անկախ Հայաստանի առաջին արվեստագետներից է, որը յուրահատուկ ուղի է ընտրել և հիմնական մեծ գնահատականը ստացել հենց աշխարհի կողմից:
«Այստեղ է իմ ուսուցիչը՝ Միքայել Ստամբոլցյանը, որն իմ բոլոր ֆիլմերի նկարահանման ժամանակ եղել է կողքիս։ Ուզում եմ խոնարհաբար շնորհակալություն հայտնել նրան»,-միջոցառմանն ասաց Հարություն Խաչատրյանը՝ շնորհակալություն հայտներով բոլորին իր կողքին լինելու համար։
Գիրքը հրատարակվել է ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Հայաստանի կինոյի զարգացման հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Հոկտեմբերի 9-ից նոյեմբերի 30-ը Հարություն Խաչատրյանի 10 ֆիլմերը՝ «Կոնդ», «Սպիտակ քաղաք», «Վերադարձ ավետյաց երկիր», «Վերջին կայարանը», «Վավերագրողը», «Պոետի վերադարձը», «Սահման», «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ», «Փակուղի», «Նկարչի երեք գերեզմանները» կցուցադրվեն Փարիզի Պոմպիդու կենտրոնում:
«Կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի ֆիլմերը հայկական մշակութային ժառանգության, մասնավորապես՝ կինոժառանգության լավագույն նմուշներից են, որոնք 1980-ական թվականներին նոր էջ բացեցին հայկական կինովավերագրության մեջ՝ ցուցադրվելով աշխարհի լավագույն կինոփառատոններում ու կինոէկրաններին։
Նրա կինոն աշխարհի կարևորագույն հարթակներից կինոյի յուրահատուկ լեզվով խոսեց նախ մարդու մասին, որը Հարություն Խաչատրյանի պոետիկ կինոյի գլխավոր առանցքն է, այնուհետև՝ Հայաստանի, հայ ժողովրդի, նրա անցյալի ու ներկայի, նրա ապրած կարևորագույն իրադարձությունների մասին»,-ասվում է գիրք-ալբոմում։
