ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» երեւանյան 10-րդ միջազային փառատոնի «Միջազգային խաղարկային մրցույթ» ծրագրում հոլանդացի պրոդյուսեր եւ ռեժիսոր Ռենե Հաուվենը «Հերոին» ֆիլմում ներկայացրել է թմրամոլությամբ տառապող սեփական եղբոր կյանքը:Հուլիսի 13-ին հրավիրված ասուլիսում Հաուվենը, շնորհակալություն հայտնելով իրեն «Ոսկե ծիրան»-ին հրավիրելու համար, նշեց, որ «Հերոին»-ը իր դեբյուտային ֆիլմն է, որովհետեւ նախքան այդ ինքը վեց տարի աշխատել է որպես պրոդյուսեր:«Այս ֆիլմը նկարահանելու համար պատճառ հանդիսացավ եղբայրս: Նրա մասին հուշն էր, որ ինձ մոտ առաջացրեց նրա կյանքի տասը տարիները նկարահանելու ցանկություն, սակայն հետո որոշեցի ֆիլմում ներկայացնել նրա կյանքի մեկ օրը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ`պատմեց ռեժիսորը:
Ֆիլմում նկարահանվել են նաեւ ոչ դերասան կերպարներ, սովորական մարդիկ:«Ոչ դերասանները կամերայի առաջ տարօրինակ զգացում ունեն, մտահոգվում են այն մասին, թե ինչպես պետք է խաղան: Ես սիրում եմ այդ զգացումը, որ ոչ դերասանը կամերիայի առաջ նման ապրում ունի եւ պայքարում է ինքնիր հետ»,- պարզաբանեց Հաուվենը, ում համար որպես ռեժիսորի եւ սցենարի հեղինակի «Հերոին»-նառաջին լիամետրաժ աշխատանքն է:
Ռեժիսորն անկեղծանալով նշեց, որ իր համար նախընտրելի է ֆիլմ նկարահանել փոքր բյուջեով, քան մեծ գումարներով:«Հերոին»-ում պատմվում է, թե ինչպես գլխավոր հերոսը` Յոսը, արթնանում է անօթեւանների կացարանում` իր գիշերելու մշտական տեղում: Առավոտյան ժամը 10:00-ին սկսվում է փողոցային կյանքը` անկախ եղանակից: Յոսն անկախ նրանից` հիվանդ է, թե ոչ, ստիպված է հեռանալ կացարանից, ինչպես ամեն օր: Կացարանը կբացվի 12 ժամից, սակայն դրսի ցրտին 12 ժամ դիմանալը հեշտ չէ, բայց այս օրն ուրիշ է, քանի որ Յոսը ծրագիր ունի. մտադիր է իրականացնել որոշածը: Նա որոշում է կայացրել համոզել ընկերուհուն եւ ընկերներին, որ այլեւս երբեք չի խմելու, չի ծխելու եւ թմրանյութեր չի օգտագործելու: Գլխավոր հերոսի փոխվելու ձգտումն, ի տարբերություն շատերի, իսկապես անկեղծ է:
Ռենե Հաուվենը ծնվել է 1960 թվականին Նիդերլանդների Գրոնինգեն քաղաքում: Շուրջ 30 տարի աշխատել է երաժշտության բնագավառում որպես երաժիշտ, ձայնագրության պրոդյուսեր եւ Գրոնինգենի Mastersound Studios-ի տնօրեն: 2007 թվականից լիովին հեռացել է երաժշտության ոլոտից, իսկ մեկ տարի անց սկիզբ է առել նրա համագործակցութունը երիտասարդ կինեմատոգրաֆիստ Թեյս Գլոգերի հետ: Միասին հիմնել են Schaftip Films ընկերությունը` փոքր բյուջեով ֆիլմեր նկարահանելու համար: