Մշակույթ

Վրաց ռեժիսորուհու «Ամեն ինչ անհետացնող մեքենան» ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» փառատոնին

3 րոպեի ընթերցում

Վրաց ռեժիսորուհու «Ամեն ինչ անհետացնող մեքենան» ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» փառատոնին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» երեւանյան 10-րդ միջազգային փառատոնի «Միջազգային վավերագրական մրցույթ» ծրագրում ներկայացված ֆիլմերի շարքում է վրաց ռեժիսորուհի Թինաթին Գուրչիանիի «Ամեն ինչ անհետացնող մեքենան» ֆիլմը: Հուլիսի 12-ին հրավիրված ասուլիսում ֆիլմի պրոդյուսեր Թամար Գուրչիանին, ով նաեւ ռեժիսորի քույրն է, նշեց, որ ֆիլմը նկարահանելու համար իրենք անցկացրել են հատուկ քասթինգ:«Մենք հայտարարեցինք, որ քասթինգին կարող են մասնակցել 15-23 տարեկան բոլոր մարդիկ, ովքեր կարծում են, որ իրենց կյանքի պատմությունը կարող է հետաքրքրական լինել ֆիլմի սյուժե դառնալու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ`պատմեց Գուրչիանին: Նրա խոսքով` չնայած փոքր` 20 հազար դոլար արժողությամբ բյուջեին, ստեղծագործական թիմին հաջողվել է նկարահանել 30 պատմություն, որոնցից 13-ը տեղ են գտել ֆիլմում:

Որոնումները ռեժիսորին տարել են տարբեր վայրեր` գյուղեր եւ քաղաքներ: «Ամեն ինչ անհետացնող մեքենան» ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչ բարդ եւ գեղեցիկ է կյանքը, երբ երազում ես հերոս դառնալ: Գլխավոր կերպարները ապրում եւ երազում են` միաժամանակ ե'ւ փախչելով իրականությունից, ե'ւ դիմագրավելով այդ իրականությանը:Ֆիլմի հերոսները հասուն են եւ միաժամանակ շատ երիտասարդ, դեռ նոր են սկսում կյանքը: Բայց բոլորին միավորում է փնտրտուքի պոեզիան: Նրանք չգիտեն, որ այն, ինչ քասթինգի ընթացքում պատմում են տեսախցկի առաջ, դառնալու է ֆիլմի բաղկացուցիչ մասը:

Պատասխանելով «Արմենպրես»-ի այն հարցին` արդյոք քասթինգի բոլոր մասնակիցների կյանքի պատմությունները միավորել է դրամատիկ կողմը` ռեժիսորը նշեց, որ հաճախ նրանք սկսել են իրենց կյանքի տխուր կողմը ներկայացնելուց, սակայն ուրախ դրվագները եւս նրանց անդրադարձից չեն վրիպել:«Եղել են դեպքեր, երբ մասնակիցները չափից ավելի շատ են պատմել իրենց կյանքի մասին, սակայն ռեժիսորը, հետագայում նրանց չվտանգելու նկատառումներից ելնելով, որոշել է այդ մանրամասները վավերագրական ֆիլմում չներկայացնել»,- պատմեցԳուրչիանին:

Այժմ ֆիլմը հաջողությամբ շրջագայում է ողջ աշխարհում: Արժանացել է Թբիլիսիի միջազգային կինոփառատոնի լավագույն վրացական ֆիլմ մրցանակին, Սանդենսի միջազգային փառատոնում համարվել է վավերագրական ֆիլմերի մրցույթի լավագույն աշխատանք, Սոֆիայում դարձել է լավագույն վավերագրական ֆիլմ: Հանդես է եկել նաեւ Բրազիլիայի, Բուլղարիայի, Կանադայի փառատոներում, առաջիկայում ծրագրվում է ֆիլմը ցուցադրել Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում:

«Ամեն ինչ անհետացնող մեքենան» ֆիլմի վրաստանյան պրեմիերան կայացել է դեկտեմբերին Թբիլսիում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում