ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Մարդու իրավուքների պաշտպանի գրասենյակը բողոքի նամակ է պատրաստել օմբուդսմենների միջազգային կառույցների համար, որը հավանաբար կուղարկի հուլիսի 10-ին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը` անդրադառնալով Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի իրականությանը չհամապատասխանող ելույթին ՀՀ Ազգային ժողովում:«Այս պահին նախագծային աշխատանքներ են ընթանում, նամակը պատրաստվում է և վաղը հավանաբար այն կհղվի բոլոր համապատասխան կառույցներին»,-ասաց Անդրեասյանը:Նա նշեց, որ քննարկվում է նաև այն կառույցների ցանկը, որոնց պետք է ուղղվի այդ բողոքի նամակը:«Մենք մի քանի միջազգային կառույցի անդամ ենք և այժմ քննարկվում է, թե որ կառույցներին պետք է հղել այդ գրությունը»,-ասաց Անդրեասյանը` նշելով, որ գրության տեքստը կներկայացվի նաև հանրությանը:
Հուլիսի 3-4-ը ՀՀ Ազգային ժողովում անցկացված «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները ԵԽ անդամ երկրներում» համաեվրոպական խորհրդաժողովի ընթացքում Գրիգորիուն հայտարարել էր, թե իբր «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը և «Խոջալուի ցեղասպանությունն» իրականացրել են հայերը»: Մոլդովայի խորհրդարանական փաստաբանը Հայաստանին անվանել էր «ագրեսոր երկիր»:
Հետագայում պարզվել էր, որ Աուրելիա Գրիգորիուն Երեւան գալուց 2 շաբաթ առաջ եղել էր Բաքվում: Համացանցում տարածվել են Գրիգորիուի ֆեյսբուքյան լուսանկարներն ու գրառումները, որտեղ «անկաշառ» եւ «օբյեկտիվ» փաստաբանն իր սերն է արտահայտում Ադրբեջանի նկատմամբ: Իր անվան հետ կապված սկանդալից հետո Գրիգորիուն ֆեյսբուքյան էջից, նախանձելի օպերատիվությամբ, մաքրել էր իր կողմակալությունը բացահայտող լուսանկարներն ու գրառումները:Մոլդովայի օմբուդսմենը Կարեն Անդրեասյանին ուղղված գրությամբ ափսոսանք էր հայտնել Աուրելիա Գրիգորիուի հայտարարության վերաբերյալ` նշելով, որ այնչի արտացոլում Մոլդովայի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ինստիտուտի դիրքորոշումը նման նուրբ հարցի շուրջ: