ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» Երեւանի 10-րդ կինոփառատոնի շրջանակում հուլիսի 9-ին ` Բորիս Խլեբնիկովի «Քանի դեռ գիշերը մեզ չի բաժանել» ֆիլմի ցուցադրությամբ կբացվի «Ռուսաստանի ֆիլմերի օրեր» ծրագիրը:«Ես խորապես ուրախ եմ, որ «Ոսկե ծիրան» 10-րդ կինոփառատոնին որպես պիլոտային ծրագիր մեկնարկում է «Ռուսաստանի ֆիլմերի օրերը»: Դժվար թե գտնենք մեկ այլ կինոփառատոն, որտեղ ռուսական կինոն առաջին տարվանից սկսած ներկա է եղել եւ ակտիվ գործոն է հանդիսացել փառատոնի զարգացման գործում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հուլիսի 9-ին հրավիրված ասուլիսում ասաց «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը: Նրա խոսքով` ծրագիրը հնարավորություն կտա փառատոնի հանդիսատեսին տեսնել, թե ինչպես են հայերը վերաբերում ռուսներին, ռուսական կինոյին, լեզվին եւ մշակույթին: «Մենք հասկանում ենք հայկական միտքը այնպես, ինչպես ոչ ոք չի հասկանում»,- հավելեց Կրիվոպուսկովը` մաղթելով փառատոնին հաջող ընթացք:
Բազմաթիվ մրցանակների արժանացած ռուս գրող եւ ռեժիսոր Վլադիմիր Ալենիկովը փառատոնի «Ռուսաստանի ֆիլմերի օրեր» ծրագրում ներկայացում է «Արքայադստեր պատերազմը» ֆիլմը, որի իրադարձությունները ծավալվում են Մոսկվայի արվարձաններից մեկում` Ռոսռենտգեն փոքրիկ քաղաքում, որը 90-ականներին բաժանված էր երկու իշխող պատանեկան հրոսակախմբերի միջեւ, որոնցից մեկը` տեղացի ռուսներ էին, իսկ մյուսը` նախկին ԽՍՀՄ հարավային երկրներից եկած փախստականներ: Արքայադուստր մականունով ռուս աղջիկը եւ Կարեն անունով հայ տղան սիրահարվում են: Նրանք ստիպված են պայքարել իրենց իրավունքների եւ փոխադարձ զգացմունքների համար մի միջավայրում, որը լի է ատելությամբ, դաժանությամբ եւ որ ամենակարեւորն է` կրոնական ու էթնիկական անհանդուրժողականությամբ:
«Եթե ֆիլմը հասնի լայն լսարանին, ապա կխթանի այն բարոյահեգաբանական մթնոլորտի բարելավմանը, որում ապրում են այսօրվա երեխաներն ու դեռահասները»,- պարզաբանեց Ալենիկովը: Նրա գնահատմամբ` «Ոսկե ծիրան» փառատոնը ոչ միայն հաճելի մթնոլորտում հանդիպումների, այլեւ հետագա համագործակցության համար մեծ հեռանկարներ է բացում:
Փառատոնի շրջանակներում «Ռուսաստանի ֆիլմերի օրեր» ծրագիրը իրականացվում է Ռուսաստանի դաշնության մշակույթի նախարարության եւ «Կինոֆեստ» պրոդյուսերական կենտրոնի հետ համատեղ: Ծրագրում կներկայացվեն ռուսաստանյան արտադրության եւս հինգ ֆիլմ` թողարկված 2012-ից 2013 թվականների ընթացքում: Մասնավորապես կցուցադրվեն «Դաշնային մարիների երկնային կանայք», «Կողքիդ կլինեմ», «Ինտիմ մասեր», «Արքայադստեր պատերազմը», «Մայորը» ֆիլմերը: