ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեգենդար հայազգի երգահան-շանսոնյե Շառլ Ազնավուրը ներկա կլինի Երևանում հուլիսի 7-14-ը տեղի ունենալիք «Ոսկե ծիրան» 10-րդ կինոփառատոնի բացմանը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փառատոնի ընթացքում կկայանան Շառլ Ազնավուրի դերակատարմամբ ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ, իսկ բացումը կազդարարվի հայտնի երգչի մասնակցությամբ Ֆրանսուա Տրյուֆոյի «Կրակել դաշնակահարի վրա» ֆիլմի ցուցադրությամբ:
««Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնին աջակից են ՀՀ-ում ԱՄՆ, Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի դեսպանությունները, որոնք կիրականացնեն փառատոնի ծրագրերի որոշ մասի հովանավորումը»,-ասաց «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը: Փառատոնն այս տարի սկսվելու և ավարտվելու է ֆրանսիական ֆիլմերով: «Այս հարցում իր աջակցությունն է ցուցաբերել Ֆրանսիայի դեսպանությունը, որն ընդառաջեց նաև մեր ամբիցիոզ ծրագրին և հնարավորություն կտա փառատոնի ժամանակ ներկայացնել Ազնավուրին իր ֆիլմերով»,-ասաց Սուսաննա Հարությունյանը: Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցության արդյունքում է հնարավոր դարձել ֆրանսիացի մի շարք անվանի կինոգործիչների,մասնավորապես` հայազգի կինոգործիչ Սերժ Ավետիքյանի, կինոքննադատ Ժան Ռադվանի և պրոդյուսեր Էդիտա Յանչակ-Հիրիարտի մասնակցությունը:
Լրագրողների հետ հանդիպմանը ներկա ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը նշեց, որ իրենք ուրախ են աջակցելու «Ոսկե ծիրան» փառատոնին երկու ուղղությամբ:«Մենք շատ ուրախ ենք, որ կարող ենք այս փառատոնի շրջանակներում Հայաստանում հյուրընկալել հռչակավոր կինոռեժիսոր Գոդֆրի Ռեջիոյին, ով վարպետության դասեր կանցկացնի Երևանում»,-ասաց ԱՄՆ դեսպանը: Նա նաև կարևորեց իրենց կողմից Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմին աջակցության փաստը` նշելով, որ այս տարվա համար պատրաստվել է 11 կարճամետրաժ և վավերագրական ֆիլմ` հայ-թուրքական հարաբերությունների հաշտեցման թեմայի շուրջ:
ՀՀ-ում Գերմանիայի և Լեհաստանի դեսպանությունների հետ համագործակցությունը «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում կնշանավորվի այդ երկրների կինոների օրերի կազմակերպմամբ և մի շարք ֆիմերի ցուցադրությամբ: Բացի դրանից, փառատոնին իրենց մասնակցությունը կբերեն գերմանացի հանրահայտ դերասանուհի, սցենարիստ Մարգարետ ֆոն Տրոտտան, ում կշնորհվի «Փարաջանովյան թալեր» մրցանակը, և հռչակավոր լեհ կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին:
Ամեն տարի իրականացվող «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնվել է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում 2004թ-ին «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից` ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության և Մշակույթի զարգացման բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: