Աֆղանստանում խաղաղարար առաքելություն իրականացնող հայ խաղաղապահների հերթափոխը մեկնել է Գերմանիա
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանում խաղաղարար առաքելություն իրականացնող հայ խաղաղապահների հերթափոխը մեկնել է Գերմանիա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, մեկ ամիս գերմանական հրամանատարության ներքո հայ խաղաղապահների ստորաբաժանումը համապատասխան վերապատրաստում կանցնի, կմասնակցի վարժանքների: Հաջորդ ամիս հերթափոխը կտեղակայվի Աֆղանստանում` առաքելության վայրում:
Հայ խաղաղապահների այն դասակը (41 հոգի), որն առաքելությունն իրականացնում է 2010 թվականից, շարունակում է իր խնդրի իրականացումը Կունդուզի օդանավակայանում, իսկ նախորդ տարվանից գործուղվող լրացուցիչ վաշտը (81 հոգի) տեղակայվել է Հյուսիս տարածաշրջանային հրամանատարության կենտրոնակայանում, որը գտնվում է Մազարի Շարիֆ քաղաքում: Զորախումբը պատասխանատու է Մազարի Շարիֆի օդանավակայանի անվտանգության ապահովման համար: Եվս 5 հայ սպաներ ծառայում են որպես հրահանգիչներ:
Հայ խաղաղապահները առաքելություն են իրականացնում նաեւ Կոսովոյում: Քննարկվում է Լիբանանում եւ Հյուսիսային Աֆրիկայում հայ խաղաղապահներ գործուղելու հարցը:
ՀՀ խաղաղապահ ստորաբաժանման մասնակցությունն առաքելություններին երկիրը դարձնում է միջազգային անվտանգության ապահովման թեկուզեւ համեստ, սակայն ակտիվ դերակատարներից մեկը: Այդ հանգամանքը բարձր է գնահատվում երկրի գործընկերների կողմից, ինչը դրսեւորվում է Հայաստանին տրամադրվող փորձագիտական, խորհրդատվական, նյութական եւ այլ բնույթի օժանդակությամբ: