Հայ-ռուսական գիտատուրիստական արշավի արդյունքներն ամփոփվեցին Տուրիզմի հայկական ինստիտուտում
6 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ճանաչիր հայրենիքը եւ պատմիր նրա մասին» խորագրով հայ-ռուսական երկրորդ գիտատուրիստական արշավի արդյունքների ամփոփմանը նվիրված հունիսի 17-ի կլոր սեղանին մասնակիցները կարեւորեցին Հայաստանում տուրիզմի զարգացման ու տուրիստականնոր«արտադրանք» ստեղծելու համար այդ միջոցառման նշանակությունը:
ՀՀ Ազգային Ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը նշեց, որ առանց հայրենիքն ու պատմությունն իմանալուանհնար է լինել հայրենասեր: ԱԺ փոխխոսնակն անմոռանալի գնահատեց գիտատուրիստական արշավի շրջանակներում գնացքով կատարված երկօրյա արշավը: «Տուրիզմը պետական քաղաքականության գերակայություն հռչակելը շատ քիչ է: Բացի դրանից անհրաժեշտ է աշխատել, անել ինչ-որ կոնկրետ քայլեր տուրիստական արտադրանքի, երթուղիների առաջխաղացման համար»,- ասաց Նաղդալյանը: ԱԺ փոխխոսնակը գովասանքի խոսքեր ասաց արշավին մասնակցած ռազմական ինստիտուտների կուրսանտների մասին՝ ընդգծելով նրանց պատշաճ պահվածքը: Նաղդալյանն անգնահատելի որակեց Տուրիզմի հայկական ինստիտուտի ներդրումը ոլորտի զարգացման հարցում:
Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը խոստացավ հաջորդ արշավին ավելի շատ երկրների ներկայացուցիչների մասնակցություն ապահովել: «Մենք հաղթահարեցինք հսկայական տարածություններ, վեր հանեցինք շատ դրական բաներ, որոնք կարող են օգտագործվել հայկական տուրիստական արտադրանքի առաջխաղացման համար ռուսական եւ միջազգային շուկաներում»,- ասաց Մինասյանը: Ռեկտորը նշեց, որ գիտատուրիստական արշավի լուսանկարներով կկազմակերպվի «Իմ հայրենիքը» ֆոտոցուցահանդես: Մինասյանն առաջարկեց ԱՊՀ երկրների տուրիստական բուհերի ասոցիացիա ստեղծելու ուղղությամբ քայլեր կատարել: Կլոր սեղանն ավարտվեց Տուրիզմի հայկական ինստիտուտների շրջանավարտների ավարտական վկայականների հանձմամբ:
Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավարի տեղակալ Մարկ Կալինինը նշեց, որ գիտատուրիստական արշավի անցկացումը լավ ավանդույթ է դառնում Հայաստանում՝ հույս հայտնելով, որ նախագիծը շարունակական կլինի: Կալինինը խոստացավ, որ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանը կաջակցի նմանատիպ նախաձեռնություններին: «Հայաստանը հարուստ պատմություն ունեցող երկիր է: Ձեզ հաջողվեց ոչ միայն այցելել ավանդական տուրիստական վայրեր, այլ լինել Հայաստանի հեռավոր անկյուններում եւ առնչվել հազարամյակների պատմությանը»,- ասաց Կալինինը:
Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի ռեկտոր Եվգենի Տրոֆիմովը անհրաժեշտ համարեց երկկողմ կապերի ամրապնդումը՝ կարեւորելով գիտատուրիստական արշավն այդ հարցում: «Այս գիտատուրիստական արշավը համախմբեց մեզ բոլորիս: Այս քարտեզի վրա նշված Գեղարդը, Գառնին, Արագածը, Քասախի ու Նորավանքի կիրճերը, Ուրցասարն ու այլ երթուղիներ հավանաբար բարդ էին, բայց հետաքրքիր»,- ասաց Տրոֆիմովը:
«Ճանաչիր հայրենիքը եւ պատմիր նրա մասին» խորագրով հայ-ռուսական երկրորդ գիտատուրիստական արշավի մասնակիցները հունիսի 8-9-ը գնացքով երկօրյա ճանապարհորդություն կատարեցին Երեւան-Գյումրի-Վանաձոր-Ալավերդի երթուղով: Նրանք հունիսի 10-11-ն այցելեցին Գառնի, Գեղարդ, Սաղմոսավանք, Օհանավանք, Քարե այբուբենի պուրակ եւ քայլարշավներ անցկացրին Քասախի կիրճում: Գիտատուրիստական արշավի մասնակիցները գիշերեցին Բյուրականի աստղադիտարանի տարածքում: Հունիսի 12-ին արշավականներն այցելեցին Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, Ագարակի հինգհազարամյա դամբարան ու վերելք կատարեցին Ուրցասար՝ գիշերելով Արագածի ստորոտին: Հունիսի 13-ին արշավի մասնակիցները հաղթահարեցին Արագածի գագաթները, Բյուրականի աստղադիտարանում զմայլվեցին Սատուրնի օղակներով: Ծրագրի հաջորդ օրերին գիտատուրիստական արշավի մասնակիցներն այցելեցին Մուղնի, Խոր Վիրապ, Թռչունների եւ Մագիլի հնագույն քարանձավներ եւ գիշերեցին Նորավանքի կիրճում: Արշավի վերջին փուլերում մասնակիցները եղան Վերնաշենում, քայլեցին Սպիտակավոր, Շատիվանք ու Շատին գյուղ (մոտ 20 կմ): Շատինից նրանք հեծանվարշավ կատարեցին դեպի Զորաց վանք՝ վրանների տակ գիշերելով Հերմոն գյուղում տեղակայված «Լյուսի» հանգստյան տան տարածքում: Անցկացեց 62 կմ երկարությամբ հեծանվարշավ: Գիտազբոսարշավի ընթացքում մի քանի քայլարշավներ անցկացվեցին՝ 5-14 կմ երկարությամբ, եղան ժայռամագլցումներ:
Գիտազբոսարշավն անցկացվեց է ՀՀ Ազգային Ժողովի եւ Հայաստանում ՌԴ դեսպանատան հովանու ներքո՝ «Հայաստանի Հանրապետական» կուսակցության աջակցությամբ: Զբոսարշավի հովանավորներն են «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը, «ՎՏԲ» Հայաստան բանկը: Գիտազբոսարշավը կազմակերպել են Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիան ու Տուրիզմի հայկական ինստիտուտը: Գնացքով երկօրյա ուղեւորությանը մասնակցեցին ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, «Հայաստանի Հանրապետական» կուսակցության կանանց խորհրդի ու երիտթեւի ներկայացուցիչներ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտներ, Մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի կուրսանտներ, լրագրողներ, Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի ու Տուրիզմի հայկական ինստիտուտի ներկայացուցիչներ:
Իր տեսակի մեջ աննախադեպ առաջին արշավն անցկացվել է 2012-ի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 9-ը՝ անցնելով շուրջ 1600 կմ: Գիտարշավների արդյունքում կընտրվեն հայկական պատմամշակութային հուշարձաններ, որոնք կներկայացվեն ՅՈւՆԵՍԿՕ-ին` պատմական-մշակութային ժառանգության ցուցակներում ընդգրկելու համար: