Հեծանվարշավով ավարտվեց արկածներով հագեցած հայ-ռուսական գիտատուրիստական արշավը

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ճանաչիր հայրենիքը եւ պատմիր նրա մասին» խորագրով հայ-ռուսական երկրորդ գիտատուրիստական արշավն ավարտվեց Ջերմուկից - Եղեգիսի կիրճ 62 կմ երկարությամբ ուշագրավ հեծանվարշավով: Հունիսի 16-ի կիզիչ արեւը չխաթարեց հեծանվարշավի հաջող ընթացքը՝ ազդարարելով Հայաստանի ճանաչողության բարձրացմանն ուղղված այս կարեւոր միջոցառման ավարտը:

Արշավի ուղեկցորդ Էդգար Նավասարդյանն արձանագրեց գիտազբոսարշավի ծրագրի հաջող ավարտը: «Ծրագիրն անցավ ըստ պլանավորածի: Հեծանվարշավ կատարեցինք Ջերմուկ- Կեչուտի ջրամբար- Գնդեվանք- Հերհերի ջրամբար- Եղեգիսի կիրճ երթուղով: Թիմը շատ ուժեղ էր եւ կարողացավ լիարժեք մասնակցել արշավին»,­- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Էդգարը: Արշավի ուղեկցորդը ժայռամագլցումն ու Արագածի վերելքն անչափ հետաքրքիր համարեց: «Ռուսական կողմը շատ ուրախ էր ու տպավորված: Քայլարշավ ունեցանք, որը նույնպես գրավեց նրանց, դրա երթուղին արժանացավ գովեստի: Ամեն ինչ նորմալ էր, խնդիրներ չկային, բոլորը ողջ-առողջ վերադառնում են Երեւան»,- ոգեւորությամբ ասաց Էդգարը:

Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի գիտարշավային տուրիզմի ամբիոնի վարիչ Ալեքսանդր Զորինը նշեց, որ գիտատուրիստական արշավների արդյունքներով գիրք կկազմվի, որի մեջ կներառվեն Հայաստանի մշակութային օբյեկտներն ու սպորտային երթուղիները: «Եթե առաջին գիտարշավը ներառում էր ավելի շատ մշակութային կենտրոններ այցելություններ՝ դրանց ընդգրկելը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում երաշխավորելու նպատակով, ապա երկրորդ գիտարշավն ընդգրկել էր նաեւ սպորտային երթուղիներ, որոնք, ինչպես մենք համոզվեցինք, բավական հետաքրքիր էին»,- ասաց Զորինը` հավելելով, որ ռուսական շուկայի համար կկազմվեն սպորտային ու էքսկուրսիոն մի շարք երթուղիներ ՀՀ տարածքում: ՌՏՄԱ ամբիոնի վարիչն ասաց, որ Հայաստանում անցկացված գիտատուրիստական արշավներն օրինակ կծառայեն ԱՊՀ մյուս երկրներում նմանատիպ միջոցառումներ անցկացնելու համար: Զորինը Հայաստանը հետաքրքիր համարեց սպորտային տուրիստների համար՝ սկսնակ ալպինիստների ու լեռնային տուրիզմով զբաղվողնեիր համար` ընդգծելով Արագածի գրավչությունն ու հետաքրքրությունը: ՌՏՄԱ ամբիոնի վարիչն իդեալական որակեց արշավի կազմակերպչական կողմը:

Բժիշկ Արշակ Մկրտչյանը խոսեց գիտատուրիստական արշավի ընթացքում առողջական լուրջ խնդիրների ու միջադեպերի բացակայությունից: «Հիմնական խնդիրները եղել են ճնշման տատանումից` վատ ինքնազգացողություն, սրտխառնոց, գլխապտույտ, որոնք շատ հեշտ ու արագ լուծվել են: Որոշ մարդկանց մոտ նաեւ եղել է մի փոքր ֆիզիկական թուլություն, բայց, ընդհանուր առմամբ, ամեն ինչ շատ լավ անցավ՝ առանց առողջական խնդիրների»,- «Արմենպրես»-ին ասաց բժիշկը:

Խոհարար Արսեն Ղազարյանն անդրադարձավ արշավի ընթացքում սննդի կազմակերպման ու ժամանակի ճիշտ տնօրինման հարցերին: «Երկարատեւ արշավների ընթացքում մարդիկ պետք է սնվեն, եւ այդ դեպքում հարց է առաջանում, թե ով է պատրաստելու եւ ինչ պայմաններում: Դրա համար մեր թիմն այս անգամ բաժանվեց երկու մասի, որից մեկը լոգիստիկան է: Խմբի ֆունկցիան ժամանակի ճշգրիտ օգտագործումն է, որը ներառում է մինչեւ տուրիստների գալը վրանային ճամբարի վայրի ընտրությունը, տեղանքի մաքրումն ու խոհարարական աշխատանքները, որպեսզի զբոսաշրջիկը ժամանակ չծախսի դրանով զբաղվելու համար»,- ասաց Արսենը: Ճաշացանկը մոտ մեկ ամիս առաջ է որոշվում եւ հաստատվում՝ արշավի ծրագրի բարդությունից կախված համապատասխան կալորիաներ ընդգրկելով:

Տուրիզմի հայկական ինստիտուտի առաջին կուրսի ուսանողուհի Լիկա Նավոյանը գիտատուրիստական արշավի շնորհիվ հաղթահարեց իր վախերը: «Այս տիպի սպորտային ծանրաբեռնվածություն առաջին անգամ էի ունենում: Սար բարձրանալն ինձ համար ահավոր ֆոբիա էր: Այս գիտարշավի արդյունքում ես շատ վախերից եմ ազատվել՝ կոնկրետ, միջատներից էլ այդքան չեմ վախենում, որքան առաջ»,- անկեղծացավ Լիկան՝ հավելելով, որ արշավից հետո իրեն առողջացած ու լավ է զգում: Լիկան հետաքրքիր համարեց նաեւ արշավի խոհարարական կողմը, քանի որ ինքը հաճախ էր օգնում խոհարարին՝ նոր հմտություններ ձեռք բերելով: «Ես կարող եմ ասել, որ մինչ մյուսները սոված սպասում են, մենք եւ պատրաստում ենք, եւ մի փոքր սնվում այդ ընթացքում»,- կատակեց Լիկան:

«Ճանաչիր հայրենիքը եւ պատմիր նրա մասին» խորագրով հայ-ռուսական երկրորդ գիտատուրիստական արշավի մասնակիցները հունիսի 8-9-ը գնացքով երկօրյա ճանապարհորդություն կատարեցին Երեւան-Գյումրի-Վանաձոր-Ալավերդի երթուղով: Նրանք հունիսի 10-11-ն այցելեցին Գառնի, Գեղարդ, Սաղմոսավանք, Օհանավանք, Քարե այբուբենի պուրակ եւ քայլարշավներ անցկացրին Քասախի կիրճում: Գիտատուրիստական արշավի մասնակիցները գիշերեցին Բյուրականի աստղադիտարանի տարածքում: Հունիսի 12-ին արշավականներն այցելեցին Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, Ագարակի հինգհազարամյա դամբարան ու վերելք կատարեցին Ուրցասար՝ գիշերելով Արագածի ստորոտին: Հունիսի 13-ին արշավի մասնակիցները հաղթահարեցին Արագածի գագաթները, Բյուրականի աստղադիտարանում զմայլվեցին Սատուրնի օղակներով: Ծրագրի հաջորդ օրերին գիտատուրիստական արշավի մասնակիցներն այցելեցին Մուղնի, Խոր Վիրապ, Թռչունների եւ Մագիլի հնագույն քարանձավներ եւ գիշերեցին Նորավանքի կիրճում: Արշավի վերջին փուլերում մասնակիցները եղան Վերնաշենում, քայլեցին Սպիտակավոր, Շատիվանք ու Շատին գյուղ (մոտ 20 կմ): Շատինից նրանք հեծանվարշավ կատարեցին դեպի Զորաց վանք՝ վրանների տակ գիշերելով Հերմոն գյուղում տեղակայված «Լյուսի» հանգստյան տան տարածքում: Գիտազբոսարշավի ընթացքում մի քանի քայլարշավներ անցկացվեցին՝ 5-14 կմ երկարությամբ, եղան ժայռամագլցումներ:

Գիտազբոսարշավն անցկացվում է ՀՀ Ազգային Ժողովի եւ Հայաստանում ՌԴ դեսպանատան հովանու ներքո՝ «Հայաստանի Հանրապետական» կուսակցության աջակցությամբ: Զբոսարշավի հովանավորներն են «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը, «ՎՏԲ» Հայաստան բանկը: Գիտազբոսարշավը կազմակերպել են Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիան ու Տուրիզմի հայկական ինստիտուտը: Գնացքով երկօրյա ուղեւորությանը մասնակցեցին ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, «Հայաստանի Հանրապետական» կուսակցության կանանց խորհրդի ու երիտթեւի ներկայացուցիչներ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտներ, Մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի կուրսանտներ, լրագրողներ, Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի ու Տուրիզմի հայկական ինստիտուտի ներկայացուցիչներ:

Իր տեսակի մեջ աննախադեպ առաջին արշավն անցկացվել է 2012-ի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 9-ը՝ անցնելով շուրջ 1600 կմ: Գիտարշավների արդյունքում կընտրվեն հայկական պատմամշակութային հուշարձաններ, որոնք կներկայացվեն ՅՈւՆԵՍԿՕ-ին` պատմական-մշակութային ժառանգության ցուցակներում ընդգրկելու համար:

Հայրենիքը ճանաչեց ու նրա մասին պատմեց Հակոբ Վարդանյանը

Հայերեն English Русский

ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ