ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումներն առաջիկայում կարող են առաքելություն իրականացնել նաև Հյուսիսային Աֆրիկայում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ ստորաբաժանումներն առաջիկայում կարող են խաղաղապահ առաքելություն իրականացնել նաև Հյուսիսային Աֆրիկայում: Այդ մասին հունիսի 7-ին Նոյեմբերյանում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Մենք մեր հավանությունն ենք տվել ՄԱԿ-ի շրջանակներում Լիբանանում և միգուցե նաև Հյուսիսային Աֆրիկայում մեր ծառայությունն իրականացնելուն, ինչի հնարավորությունը մենք ունենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա` ընդգծելով, որ խաղաղապահ առաքելությամբ հնարավորություն է ստեղծվում բարձր մակարդակի հասցնել փոխգործակցությունը մյուս երկրների հետ:
Նախարարը հիշեցրեց հանրապետության նախագահի կողմից հաճախ կրկնվող խոսքերը, թե մենք միջազգային խաղաղապահ առաքելությամբ ցույց ենք տալիս, որ ոչ թե միայն սպառող ենք, այլ նաև մասնակից ենք այդ անվտանգության ապահովմանը: «Աֆղանստանում և Կոսովոյում հայ խաղաղապահների առաքելությունները շարունակական են լինելու: Շարունակելու ենք հավատարիմ մնալ այն սկզբունքներին, որոնք ընդհանուր են մեզ հետ գործակցող երկրների հետ»,-ընդգծեց Օհանյանը: