Տնտեսություն

«Հայաստան. Նոյի երկիրը» ֆիլմը ցուցադրվում է աշխարհի հեղինակավոր հեռուստաընկերություններով

2 րոպեի ընթերցում

«Հայաստան. Նոյի երկիրը» ֆիլմը ցուցադրվում է աշխարհի հեղինակավոր հեռուստաընկերություններով

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայերի ու Հայաստանի մասին պատմող «Հայաստան. Նոյի երկիրը» վավերագրական ֆիլմը ցուցադրվում է աշխարհի հեղինակավոր հեռուստաալիքներով ու արժանանում դրական արձագանքների: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

Միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի վերաբերյալ տեղեկատվության տարածման ուղղությամբ բազմակողմանի աշխատանքներ են կատարվում: «Իսպանական The Buzz Business S.L. կազմակերպությունը ոչ միայն նկարահանեց ֆիլմը, այլև նրա վրա էր դրված ֆիլմի տարածման պարտականությունը, ինչը մեր գործընկերները հաջողությամբ իրականացրին»,-նշեց Ապրեսյանը: Ֆիլմի նկարահանումը հատկանշական էր նրանով, որ Հայաստանի մասին պատմելու էին ոչ միայն կարճ հոլովակներ, այլև 52 րոպե տևողությամբ Հայաստանը ներկայացնող ֆիլմը:

«Հայաստան. Նոյի երկիրը» վավերագրական ֆիլմն արդեն ձեռք է բերվել և ցուցադրվել տարբեր երկրների մի շարք առաջատար հեռուստաընկերությունների կողմից: Այն արդեն ցուցադրվել է, մասնավորապես, իսպանական պետական Televisión Española հեռուստաընկերության միջազգային և ներքին լսարանների համար նախատեսված հեռուստալիքներով, որոնց տարածման ծավալը 100-ից ավելի երկրներ ու տարածքներ են` 400 միլիոն լսարանով: Այն ցուցադրվում է նաև ֆրանսիական TV5, Voyage TV, իտալական Rai, Gaia ալիքներով, ինչպես նաև սկանդինավյան երկրների, ռուսական, չեխական, լեհական ալիքներով: Ֆիլմը ցուցադրվել է իսպանական բոլոր տրանսպորտային միջոցներում, ինչպես նաև օդանավակայաններում:

Armenia. The land of Noaհ ֆիլմը նկարահանվել է 2008թ.-ին իսպանական The Buzz Business S.L. կողմից: Այն ներկայացնում է ամբողջ Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը, նաեւ Անին ու Արարատ լեռը: Կատարվում է պատմական ակնարկ Հայաստանի տարածքին, ներկայացվում են փաստեր, վավերագրական նյութեր: Հայաստանում ֆիլմը ներկայացվել է 2009 թ.-ին «Մոսկվա» կինոթատրոնում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում