Արամ Անանյանի գնահատմամբ` «Քարե երազներ» վեպն Ադրբեջանում ճեղքեց «լռության պատը»

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրողների միությունը մայիսի 30-ին Երևանի դպրոցների հայոց լեզվի և գրականության ուսուցիչների մասնակցությամբ կազմակերպել էր հանդիպում-քննարկում` նվիրված ադրբեջանցի ժամանակակից գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպ-ռեքվիեմին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` քննարկմանը մասնակցում էին նաև «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն, վեպի հայերեն տարբերակի առաջաբանի հեղինակ Արամ Անանյանն ու նախիջևանագետ Արգամ Այվազյանը:

Արամ Անանյանը կարևորեց գրքի հայերեն թարգմանությունն ու հրատարակությունը` նշելով, որ այն մեծ աղմուկ բարձրացրեց Ադրբեջանում, իսկ Հայաստանում մեծ ուշադրության արժանացավ: «Գիրքը գրական ստեղծագործություն լինելուց զատ նաև քաղաքական դրվագներ է պարունակում: Դա նշանակում է, որ Ադրբեջանում «լռության պատը» ճաք է տալիս: Պատճառն այն է, որ այս եւ նման գրքերում ասվում է ճշմարտությունը»,-ասաց Արամ Անանյանը` ընդգծելով, որ գիրքը հրատարակվել է ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելուց և Ադրբեջանի կողմից նրան հերոսացնելուց հետո:

Անանյանը բնական է համարում, որ Ադրբեջանի կողմից նման գիրք հրատարակելու քայլը ռումբի ազդեցություն ունեցավ, ինչը չկարողացավ ընդունել ադրբեջանականիշխանությունը: «Աքրամ Այլիսլիի նկատմամբ հալածանքները պատահական չէին: Գրողը մինչև այսօր ենթարկվում է հալածանքերի, նրա ընտանիքի անդամները դարձան գործազուրկ և հեռացան Բաքվից: Միայն նա է, որ մինչ օրս Բաքվում է ապրում` չցանկանալով հեռանալ իր հայրենի քաղաքից»,-մեկնաբանեց նա:

Արևմտյան պարբերականները, որոնք անդրադարձան Ադրբեջանի այդ քայլերին, գրում էին, որ ադրբեջանական իշխանությունը միլիոնավոր դոլարներ է ծախսում աշխարհին ապացուցելու իր քաղաքակիրթ լինելը, սակայն մեկ Այլիսլիով ոչնչացրեց այդ ամենը:

Նախիջևանագետ Արգամ Այվազյանը կարծում է, որ գրքի հրատարակության շուրջ բարձրացած աղմուկի պատճառն այն էր, որ գիրքը գրվել էր ադրբեջանցու ձեռքով, և նրա բերանով ասված խոսքը մեծ ազդեցություն կարող է ունենալ ցանկացած ադրբեջանցու վրա: «Գիրքը նկարագրում է Բաքվի ջարդերն ու 1919թ-ի Ագուլիսի կոտորածները: Սակայն գրքում կան նաեւ պատմական ու ժամանակագրական փաստեր, որոնք չեն համապատասխանում իրականությանը կամ խեղաթյուրված են»,-նկատեց նախիջևանագետը:

Այվազյանը կարծում է, որ «Քարե երազները» գիրք է, որն Այլիսլիին պատվիրել է հենց ադրբեջանական իշխանությունը, հակառակ դեպքում, եթե իսկապես նրան հալածեին ու քարկոծեին, նա մինչև հիմա չէր մնա Բաքվում, այլ ընտանիքի հետ միասին կհեռանար երկրից:

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սուսաննա Աբազյանը, հակադարձելով Արգամ Այվազյանին, կարծիք հայտնեց, որ Այլիսլին դրանով բարեկամական ձեռք է մեկնում հայ ժողովրդին: «Դա շատ մարդասիրական քայլ է: Գրքում կան դրվագներ, որոնք շոյում են մեր ազգային ինքնասիրությունը»,-ասաց ուսուցչուհին:

Ադրբեջանցի ժամանակակից գրող Աքրամ Այլիսլին ծնվել է 1937թ-ի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ագուլիս, այժմ` Աշաղի Այլիս գյուղում: 2007թ-ին ավարտել է «Քարե երազներ» վեպ-ռեքվիեմը, որը պատմում է 1989թ-ին Բաքվում և Ագուլիսում ադրբեջանցիների կազմակերպած հայկական ջարդերի մասին:

2013թ-ին Իլհամ Ալիևի հրամանագրով Աքրամ Այլիսլին զրկվել է «Ադրբեջանի ժողովրդական գրող» կոչումից և պետական ​​կենսաթոշակից։ Սեփական քայլը Իլհամ Ալիևը պատճառաբանել է այն դիտարկմամբ, թե գրողն իր վեպում վիրավորել է իր համաքաղաքացիներին և աղավաղել է ադրբեջանի պատմությանն առնչվող իրողությունը։

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն