ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավերժական սիրո երգիչը` Շառլ Ազնավուրը, մայիսի 22-ին նշում է իր ծննդյան տարեդարձը: Հայազգի շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան եւ հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը (Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924 թ. Փարիզում` հայ գաղթականներ Միքայել եւ Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում:
Առաջին երգը՝ «Ես հարբած եմ» (1944), Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել: Համաշխարհային հռչակ է ստացել 1956-ին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո: «Ֆրանսիան ազնավուրացված է»,- գրել է ֆրանսիական մամուլը: Շուրջ ութ հարյուր երգի հեղինակ է (մի մասը` երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում` բազմաթիվ միջազգային հիթերի` «Մամա», «Բոհեմ», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» եւ այլն: Դրանք կատարել են Էդիտ Պիաֆը, Լայզա Մինելին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Պլասիդո Դոմինգոն, Հուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը եւ այլք:
Մինչ օրս վաճառվել է Ազնավուրի` շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ: Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցումներով Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»: Նա արժանացել է Հայաստանի եւ Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգեւներին, «Պատվո սեզարի» (1997): Ազնավուրը նկարահանվել է ֆիլմերում` «Գլուխը պատին» (1958), «Կրակեք դաշնակահարի վրա» (1960), «Սատանան եւ տասը պատվիրանները» (1962), «Արարատ» (2002) եւ այլն: Հայազգի երգիչը յուրաքանչյուր դժվար պահի Հայաստանի կողքին է: Հայկական թեմաներով են նրա «Քեզ համար, Հայաստան», «Նրանք ընկան» (Ցեղասպանության վաթսունամյակին), «Ինքնակենսագրություն» երգերը: Դստեր` Սեդա Ազնավուրի հետ հայերեն կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը: 1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը: Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈՒՆԵՍԿՕ-ում: Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում Երեւանի հրապարակներից մեկը, 2011-ի հոկտեմբերին Երեւանում բացվեց աշխարհահռչակ շանսոնիեի տուն-թանգարանը:
Ազնավուրը 2009թ. մայիսիից Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչն է, Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան:
«Արմենպրես»-ը շնորհավորում է մեծանուն արվեստագետին` մաղթելով նրան առողջություն եւ անսպառ եռանդ: