Եվրախորհրդարանի պատգամավորներն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պահպանողականների և ռեֆորմիստների խմբի պատգամավորների պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հանդիպմանն Ամենայն Հայոց կաթողիկոսը կարևորել է նման այցելությունները, որոնք նպաստում են ԵԽ-Հայաստան կապերի ամրապնդմանը: Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն է հայտնել պատգամավորներին այն ջանքերի համար, որ ներդրվում են Հայաստանի եվրոինտեգրման ճանապարհին:
Վեհափառ Հայրապետը նաև պատասխանել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հարցերին, որոնք հիմնականում առնչվում էին Հայ Եկեղեցու հարաբերություններին Քույր Եկեղեցիների հետ, տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված հոգևոր առաջնորդների ջանքերին և հասարակության կյանքում կրոնի և հոգևոր արժեքների դերակատարությանը: