«Արմենպրես»-ը եւ վրացական GHN-ը նոր համաձայնագրով նախանշել են փոխգործակցության ավելի լայն հորիզոններ
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» եւ վրացականGHN լրատվական գործակալությունների միջեւ ապրիլի 17-ին փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց՝ 2013-2014 թվականների համագործակցության նոր ուղենիշեր սահմանելով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կողմերը պայմանավորվեցին համագործակցել մեդիա ֆորումների, Հայաստանում եւ Վրաստանում լուսանկարների ցուցահանդեսների կազմակերպման, համատեղ սոցիալական նախագծերի անցկացման հարցերում:
GHN լրատվական գործակալության տնօրեն Գոչա Միրցխուլավան վստահություն հայտնեց, որ հուշագրի ստորագրումը կնպաստի երկու ժողովուրդների միջեւ պատմական, մշակութային եւ հոգեւոր կապերի ընդլայնմանը: «Այս հուշագիրը հնարավորություն կտա ավելի զարգացնել հայ-վրացական լրատվական գործակցությունը»,- ասաց Միրցխուլավան:
«Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանը հուշագիրը դիտարկում է որպես երկկողմ արդյունավետ համագործակցության նոր սկիզբ: «Վստահ եմ, որ հուշագիրն իր արդյունքները կտա մոտ ապագայում՝ նպաստելով հայ-վրացական բարեկամական կապերի եւ համագործակցության ընդլայնմանը»,- ասաց Անանյանը:
Լրատվական գործակալությունները քայլեր կձեռնարկեն լրագրողների, խմբագիրների եւ լուսանկարիչների միջեւ փորձի փոխանակման, երկկողմ մշակութային, առեւտրատնտեսական համագործակցությանը եւ զբոսաշրջության զարգացմանը նպաստելու ուղղությամբ: Հատուկ լուսաբանման կարժանանան հայ-վրացական համատեղ ձեռնարկությունները: «Արմենպրես»-ը եւ GHN-ը նաեւ տեղեկատվության եւ մասնագիտական գրականության փոխանակում կիրականացնեն: Նախատեսվում է տարատեսակ սեմինարների, թրեյնինգների կազմակերպում:
GHN լրատվական գործակալության առաջին թողարկումը կատարվել է 2005-ի հունիսի 1-ին: Կարճ ժամանակահատվածում գործակալությանը հաջողվել է Վրաստանի տեղեկատվական դաշտում առաջատար դիրքեր զբաղեցնել: 2010 թ մարտին GHN-ը դարձել է Ազգային լրատվական գործակալությունների մերձսեւծովյան ասոցիացիայի (BSANNA) ղեկավար:
«Արմենպրես» լրատվական գործակալությունը հիմնադրվել է 1918 թվականին: Գործակալությունն ամենահինն է Հայաստանում: «Արմենպրես»-ի բաժանորդների թվում են զանգվածային լրատվության միջոցներ, դեսպանատներ, միջազգային կազմակերպություններ, բանկեր, ֆինանսական կառույցներ, վերլուծական կենտրոններ, ինստիտուտներ եւ այլն: