Doing Business. Դարակերտցի իրաքահայ գործարարը մտածում է բիզնեսն ընդլայնելու մասին
6 րոպեի ընթերցում

Փոքր եւ միջին ձեռնարկատերերի մասին«Արմենպրես»-ի ակնարկների շարքի հերոսը Դարակերտում հաստատված իրաքահայ հայրենադարձ է: Նա սկզբնական շրջանում չի վախեցել ցածր վարձատրությունից, սակայն նպատակադրվածության շնորհիվ ու ՓՄՁ ԶԱԿ-ի աջակցությամբ ստացած վարկով սեփական գործն է հիմնել ու ներկայացնում է հմուտ արհեստավորի հաջողության օրինակելի պամություն:
ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինաս Տեր-Դավթյանը Իրաքից Հայաստան է եկել 2007 թ. ապրիլին: Երևանում եղբայրների ընկերների օգնությամբ առաջին տարիներին աշխատանքի է տեղավորվել տաքսի ծառայությանը կից ավտոտեխսպասարկման կետում` որպես մեքենայի վնասվածքների նորոգման մասնագետ («դզող-փչող»` հեղ.): Ասում է` Իրաքում 1996 թ.-ից ունեցել է իր «բոքսը» (սպասարկման կետը` հեղ.): Սկզբում ընկերները և հարազատները զարմացել են, թե ինչու է հմուտ արհեստավոր Մինասը համաձայնել ցածր վարձատրությամբ աշխատելուն: «Ինչքան պիտի աշխատիս, էկող տարի ավելի լավ կլինի: Ես գիտեմ, արհեստավոր եմ, մե գործն էդպես է»,- պատասխանել է Տեր-Դավթյանը:
Մինչև 2011 թ. աշխատել է տարբեր սպասարկման կետերում: Ասում է` հաճախորդները տեսնում էին, որ ինքն ու եղբայրները չեն խաբում, ազնիվ են և հանգիստ թողնում էին մեքենաներն իրենց մոտ: «Արհետստավոր չկա, որ չխաբի: Մեկ-երկու օրը չհաշվինք, մնացածը ժամկետին մեջ կուտայինք մեքենաները»,- ծիծաղելով ասում է Մինասը: Իրաքի Մոսուլ քաղաքից Բաղդադ են տեղափոխվել, այնուհետև երկար տարիներ այնտեղ ապրելուց հետո եկել են Հայաստան: Արհեստավոր-գործարարը հիշում է հոր հորդորը` առաջնորդվել հրեաների աշխատաոճով: Նրանք, ասում է, գերադասում են ավելի էժան տրամադրել ծառայությունները և շատ աշխատելու հաշվին ավելի շատ վաստակել: Հիշում է, որ Մոսուլում կար մի հրեա թեյավաճառ, ով եկամուտ էր ստանում ոչ միայն թեյը վաճառելուց, այլև թեյի տուփերը և մեծ պարկերը վաճառելուց:
Մինասն այն սկսնակ գործարարներից է, ովքեր մասնակցել են Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի Հայաստանի գրասենյակի կազմակերպած դասընթացներին և ստացել սեփական գործը սկսելու վարկավորում: Ստացած վարկի շնորհիվ Արարատի մարզի Դարակերտ գյուղի տանը կից իր առանձին սպասարկման կետի շինարարությունը Տեր-Դավթյանը հիմնականում ավարտել է 2012 թ. դեկտեմբերին: Չնայած դեռ ամբողջությամբ չի ավարտել կառուցումը, հաճախորդներ արդեն ունի: Իր գործի հիմնական բարդությունը համարում է սեզոնայնությունը և փողը: «Վարկ, որ կուզեմ վերցնել, ես իմ հաշիվներն ունիմ, գիտեմ, որ սկզբի ամիսներուն քիչ փող կա: Ադոր հմար է, որ վարկի տոկոսները շատ կըլլան, ես զգուշավոր կըլլամ»,- ասում է 42-ամյա Մինասը:
Նա նաև ունի ապագայի նախագծեր. ցանկանում է կառուցել սպասարկման կետի երկրորդ հարկը և այն վարձակալությամբ հանձնել: «Կարող ա էսի թողնեմ, շոշի վրա մե տեղ վերցնեմ: Էնտեղ գործի համար ավելի լավ է»,- ասում է Մինասը: Սակայն այնտեղ էլ իր բարդություններն է ունենալու:Այսկերպհարկային մարմիններիհետ ավելի պարզեցված է շփվում: «Եթե գործդ քու հայաթիդ մեջն է, տանդ մեջն է, ադ հեշտ է, ամիսը 6000 կուտաս գործի համար, 5 հազարն ալ թոշակի համար: Այդպես ամիսը 11 000-ով հեշտ է աշխատիլ»,- նշում է արհեստավորը: «Պետք է մի քիչ էլ մտածես ապագայի մասին: Էսօր ես լավ փող կառնեմ, վաղը կարող է բան մը չառնեմ: Պիտի ամեն բան հաշվի առնես»,- նշել է Տեր-Դավթյանը:
12 տարեկան Ավագը Մինասի որդին է, սովորում է 6-րդ դասարանում : Արդեն սկսել է օգնել հայրիկին և ցանկանում է սովորել նրա գործը: Գործիքներն ինքն է տալիս, օգնում է զոդելու և ամրացնելու գործերում: Մանկուց սիրել է իր խաղալիք մեքենաներն ինքնուրույն նորոգել: «Սիրում եմ մուրճով աշխատել, ուղղել, կպցնել մասերը»,- ասում է Ավագը:
Մինասի դուստրը` Մարիամը, 10 տարեկան է: Արդեն ունի դեղագործ կամ բժիշկ դառնալու երազանք: Ամեն անգամ դեղատուն գնալիս տեսել է աշխատողներին, նրանց սպիտակ համազգեստը և ցանկացել է նրանց պես լինել: 4-րդ դասարանում սովորող Մարիամն արդեն երկրորդ տարին արժանանում է գերազանցիկի գովասանագրին, քանի որ կիսամյակների ընթացքում ստացել է միայն գերազանց գնահատականներ (գնահատման նոր համակարգով` 9 միավոր ):
Մինասի կինը` Նուշիկը, Հայաստան տեղափոխվելուց հետո չի աշխատել. ասում է իր մասնագիտությամբ աշխատանք չկա, չնայած` դիմել է բազմաթիվ կազմակերպությունների և աշխատանքի տեղավորման գործակալությունների: Նուշիկը նավթի զննման և ուսումնասիրման մասնագետ է: Վերապատրաստվել է Ֆրանսիայում, երկար տարիներ աշխատել է Իրաքի նավթի արդյունաբերության ընկերություններում: Սադամ Հուսեինի իշխանության տապալումից հետո նրա հանդեպ վերաբերմունքը փոխվել է` սկսել են խտրականություն կիրառել որպես քրիստոնյայի: Այստեղ էլ բողոքում է սփյուռքահայերի հանդեպ տեղացիների վերաբերմունքից, սակայն գործարարը համոզված է, որ ինչպես 1947-ի մեծ հայրենադարձությունից հետո, դա էլ կհաղթահարվի:
Հաջողության պատմությունը եւ լուսանկարները տրամադրել է Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը
Հեղինակ՝ Դավիթ Մուրադյան
