ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը պատասխանել է բոլոր այն պաշտոնյաններին, ովքեր վրդովվել են օմբուդսմենի` մարդու իրավունքների վիճակը ներկայացնող տարեկան զեկույցի արդյունքներից: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Կարեն Անդրեասյանի պատասխան նամակի մեջ մասնավորապես ասված է.
«Շարունակում ենք ստանալ գրեթե միանման արձագանքներ բոլոր այն պետական մարմիններից, որտեղ ոչ միայն կան լրջագույն թերացումներ, այլև քննադատության նկատմամբ էական անհանդուրժողականություն: Նման արձագանքներից ակնհայտ է դառնում, որ այդ ցավոտ, կոռումպացված, իրավախախտումներով լի ոլորտները ղեկավարող պաշտոնյաները ակնհայտորեն մտահոգված են ոչ թե իրենց բնագավառները առավել արդյունավետ բարեփոխելով, այլ անհանգստացած են իրենց աշխատանքը առավել գեղեցիկ և անթերի մատուցելով:
Ավելին՝ առանձին գերատեսչություններ միմյանց հետ մրցակցում են, թե ով ավելի խորամանկ և ստեղծագործ եղանակով կպախարակի իրենց այդքան ցավեցրած տարեկան զեկույցը: Նրանք գրեթե միաբերան պահանջում են փաստեր և ապացույցներ Օմբուդսմենի բարձրացված համակարգային խնդիրների վերաբերյալ: Բոլոր այդ պաշտոնյաներին խորհուրդ եմ տալիս կարդալ օմբուդսմենների գործունեությունը կարգավորող Փարիզյան սկզբունքները, մեր Սահմանադրության և օրենսդրության համապատասխան հոդվածները, ուսումնասիրել տարբեր երկրների օմբուդսմենների զեկույցները, ինչպես նաև վերհիշել բազմաթիվ իրավապաշտպան կառույցների համանման զեկույցները: Դրանցից և ոչ մեկում ընդհանրացումները, ամփոփումները, համակարգային խնդիրների վերհանումները չեն արվում քրեական դատարանին հատուկ ապացույցներով»:
Կարեն Անդրեասյանն իր պատասխանում նշել է, որ օմբուդսմենի զեկույցը հիմնված է տարվա ընթացքում ստացված բողոքների, մամուլում եղած և չհերքված հրապարակումների, հասարակական կազմակերպությունների տեղեկությունների, առանձին ոլորտների հետ սերտորեն առնչված անհատների հետ գաղտնի հարցազրույցների վրա` հավելելով, որ աշխարհի բոլոր օմբուդսմենները նույն աղբյուրներից են օգտվում եւ նույն ինդուկցիոն մեթոդով են մասնավոր դեպքերից դուրս բերում համընդհանուր խնդիրները: Մարդու իրավունքների պաշտպանը նշել է նաեւ, որ իրենց կողմից բարձրացված հարցերը յուրաքանչյուր ոլորտի պաշտոնյայի կօգնեն ավելի կատարելագործելու իրենց բնագավառը եւ շտկելու առկա թերությունները: