Սայմոն Ֆրեյզերը Հայաստանի նախագահական ընտրությունների արդյունքը լեգիտիմ է համարում
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի փոխնախարար Սայմոն Ֆրեյզերը Հայաստանի նախագահական ընտրությունների արդյունքները լեգիտիմ էհամարում: Մարտի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սայմոն Ֆրեյզերը նշեց, որ թեեւ ընտրական գործընթացների ժամանակ առաջացած որոշակի խնդիրների մասին է բարձրաձայնվել, այնուամենայնիվ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցն իր մեջ հիմնականում դրական արձագանք է պարունակել: «Մենք ճանաչում ենք ընտրությունների արդյունքը եւ հավատում, որ թեեւ ընտրական գործընթացը կատարյալ չէր, այնուամենայնիվ, արդյունքը լեգիտիմ է: Գուցե դասեր կան քաղելու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց նա: Փոխարտգործնախարարը նաեւ կարեւորեց, որ դասերը պետք է կարողանան քաղել բոլոր կողմերը եւ օգտագործել երկրի հետագա զարգացման համար:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը Հայաստանում նախագահի ընտրությունների մասին իր` փետրվարի 19-ին հրապարակած զեկույցում մատնանշել էր, որ ընտրությունները եղել են լավ կազմակերպված, հարգվել են մարդու հիմնարար ազատությունները: Դիտորդները նաև ընդգծել են, որ ընտրությունների օրն ամեն ինչ եղել է խաղաղ, լրատվամիջոցները հավասարապես լուսաբանել են բոլոր թեկնածուներին, և բոլոր թեկնածուներն օգտագործել են իրենց տրված անվճար եթերաժամանակը:
Դիտորդների որոշակի մտահոգությունն էր հարուցել որոշ տեղամասերում գործող նախագահի օգտին ստացած ձայների և շատ բարձր մասնակցության ցուցանիշների կապը: Դիտորդները նաև փաստել են, որ փետրվարի 18-ին քիչ թվով բողոքներ են եղել, իսկ 80-ը եղել են ընտրություններից հետո, որոնց մեծ մասը մերժվել են:
Բացի դրանից, ոստիկանությունը և դատախազությունը ուսումնասիրել են 300-ից ավելի իրավախախտումներ, որոնցից 10-ի դեպքում է հարուցվել քրեական գործ: Ընտրություններն անցկացվել են մարդու հիմնարար իրավունքների հարգմամբ: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կորիզը բաղկացած է եղել 13 միջազգային փորձագետից՝ ԵԱՀԿ 11 երկրներից: Եղել են 24 երկարաժամկետ դիտորդներ, ինչպես նաև 250 կարճաժամկետ դիտորդներ: ԵԽԽՎ-ն Հայաստան է գործուղել 36 դիտորդի, իսկ Եվրախորհրդարանը` 12: ԵԱՀԿ/ԺՄԻԳ նախատեսում է հրապարակել իր առաջարկություններ ներառող վերջնական եզրակացությունը ընտրական գործընթացի ավարտից մոտավորապես երկու ամիս անց: