Հայաստանն ու Մեծ Բրիտանիան սերտացնում են հարաբերությունները բոլոր ոլորտներում
3 րոպեի ընթերցում
![Հայաստանն ու Մեծ Բրիտանիան սերտացնում են հարաբերությունները բոլոր ոլորտներում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2013/03/710024.jpg)
ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան Հայաստանի հետ կշարունակի իրականացնել սերտ համագործակցություն մի շարք ոլորտներում: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում` ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպանՋոնաթան Էյվսը նշեց, որ Մեծ Բրիտանիան 2013 թվականին մտադիր է համագործակցել Հայաստանի հետ բոլոր` հատկապես տնտեսական` առեւտրաշրջանառության ծավալների ավելացման ուղղությամբ:«Մենք նպատակ ունենք ընդլայնել նաեւ առեւտրային համագործակցությունը երկու երկրների միջեւ»,- ասաց Էյսվսը:
Դեսպանատունը կփորձի այս տարի եւս սերտացնել Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի փոխգործակցությունը կրթության եւ մշակութային բնագավառներում, որովհետեւ դա երկկողմ աշխատանքի կարեւոր մասն է: Դեսպանը տեղեկացրեց, որ դեսպանատան ծրագրային քաղաքականությունից չեն վրիպում նաեւ սոցիալական ու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտները:«Կան նաեւ տարբեր ծրագրեր, որը Մեծ Բրիտանիան իրականացնում է ոչ միայն Հայաստանում, այլեւ տարածաշրջանում»,- նշեց դիվանագետը:
Պատասխանելով այն հարցին, թե Հայաստանում լինելու ընթացքում նա ամենից շատ ինչն է հավանել, Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը նշեց, որ Հայաստանը գեղեցիկ երկիր է, որտեղ շատ բան կա տեսնելու եւ անելու:«Ես ունեմ ընկեր, ով ապրում է Միացյալ Թագավարությունում, նա ինձ հյուրընկալել էր անցյալ տարվա հոկտեմբերին, եւ մենք միասին այցելեցինք բազմաթիվ գեղեցիկ եկեղեցիներ ու տաճարներ, որոնք իսկապես ֆանտաստիկ են: Շատ եմ սիրում ճանապարհորդել Հայաստանով»,-նշեց դիվանագետը` հայերեն հավելելով, որ անգամ խոսում եւ հասկանում է մեր լեզուն:
Էյվսը նշեց, որ Մեծ Բրիտանիան համակարծիք է միջազգային դիտորդների տված գհանատահաններին եւ հաստատում է, որ Հայաստանում փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններն անցել են հարթ եւ միջազգային չափանիշներին համապատասխան: «Մենք հետեւում էինք թե ընտրությունների ընթացքին, թե արդյունքներին»,- ասել է դեսպանը` չցանկանալով անձնական գնահատականներ տալ դրանց:
Հայաստանի Հանրապետության եւՄիացյալ Թագավորության միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հունվարի 20-ին:
Զրուցեց Տաթեւիկ Գրիգորյանը