Զինծառայողների բնակարանային պայմանների բարելավման ծրագրում 5 անգամ ավելի մարդ կընդգրկվի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում բնակարանային ապահովման խնդիրներին լուծումներ տալը շարունակական գործընթաց է, ինչը գտնվում է պետության ուշադրության կենտրոնում:Ինչպես«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, յուրաքանչյուր տարի ծրագրվում և հիմնական շեշտը դրվում է այն վայրերի վրա, որտեղ ծառայությունն ավելի ծանրաբեռնված է: «Հատկապես սահմանային զորամասերում ծառայողական ֆոնդի ստեղծումը հնարավորություն է տալիս, որպեսզի զինծառայողները նաև իրենց ընտանիքների հետ լինեն տեղում` իրենց ծառայությունը պատշաճ մակարդակով իրականացնելու համար»,-ասաց Հովհաննիսյանը:

Զինծառայողների «Բնակարանային պայմանների բարելավում» ծրագրից 2013թ-ին օգտվողների թիվը շուրջ 5 անգամ կարող է ավելի լինել, քան նախորդ տարի էր:2013-2014թթ-ի ընթացքում պլանավորվում է տալ մոտ 330 բնակարան: «Նախորդ տարի բնակարանամուտ է տոնել 159 զինծառայող և զոհվածի ու հաշմանդամի 51 ընտանիք: Սրանցից գրեթե կեսը եղել են մարզերում: Ծախսվել է ընդհանուր առմամբ, 500 մլն դրամ»,-ասաց Հովհաննիսյանը:Զոհվածի և պատերազմի մասնակիցների ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով այս տարի հատկացվել է 3 մլրդ դրամ: «Այս տարի մեկուկես ամսվա ընթացքում արդեն զոհվածի և պատերազմի մասնակիցների 52 ընտանիք բնակարան է ստացել: Ծախսվել է շուրջ 460 մլն դրամ»,-ասաց ՊՆ մամուլի քարտուղարը:

«Բնակարանային պայմանների բարելավում» ծրագրի մեկնարկից մինչ օրս շահագործման են հանձնվել շուրջ 900 բնակարանից բաղկացած 30-ից ավելի բնակելի շենքեր ՀՀ տարբեր մարզերում ու Երևանում:

Հայերեն English Русский