Հարցազրույց

Հայաստանի ժողովրդավարական գործընթացները շարունակվում են և դուք կունենաք հրաշալի ապագա. Ռիկարդո Միլիորի

6 րոպեի ընթերցում

Հայաստանի ժողովրդավարական գործընթացները շարունակվում են և դուք կունենաք հրաշալի ապագա. Ռիկարդո Միլիորի

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում փետրվարի 18-ին անցկացվելու են համապետական կարևոր ընտրություններ: ՀՀ նախագահի ընտրությունների նախապատրաստական փուլի, լրատվամիջոցներով թեկնածուների լուսաբանման, քարոզարշավի և այլ հարցերի շուրջ«Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկարդո Միլիորիի հետ:

-Պարոն Միլյորի,ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի նախագահական ընտրությունների նախապատրաստական փուլը:

-Մենք ազնվորեն կարող ենք դատել այս գործընթացի մասին, քանի որ ունեցել ենք բավական շատ հանդիպումներ նախագահի թեկնածուների և ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ: Կիրակի օրը գիշերվանից մենք լինելու ենք ընտրատեղամասերում և փորձելու ենք տեղում գնահատել արդեն կոնկրետ գործընթացները: Ինչպես նշեցի, մենք հանդիպել ենք նախագահի թեկնածուների հետ նույնիսկ այն թեկնածուի, ով հիմա հացադուլ է հայտարարել: Հանդիպել ենք Ազգային Ժողովի նախագահի հետ: Վաղը հանդիպելու ենք Հանրապետության Նախագահի հետ: Ունեցել ենք բազմաթիվ հանդիպումներ ոչ կառավարական կազմակերպությունների հետ: Այս պահին ես կարող եմ գործընթացը որպես չափազանց թափանցիկ գնահատել:

-Ինչպե՞ս եք գնահատում զանգվածային լրատվամիջոցներով թեկնածուների լուսաբանման որակը: Ստեղծվել են արդյոք հավասար պայմաններ նրանց համար:

-Ես կցանկանայի պատմել մի շատ հետաքրքիր պատմություն: 2012 թվականի նոյեմբերի 6-ին ես գտնվում էի Բալթիմորում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունները դիտարկելու նպատակով: Ամսի 6-ին առավոտյան շուտ, ընտրողները ժամանեցին ընտրատարածքներ: Երբ ես ցույց տվեցի թեկնածուների անվանացուցակը՝ նրանք տեսան չորս թեկնածուի անուն և շատ զարմացած էին որովհետև լսել էին միայն երկուսի գոյության մասին՝ Նախագահ Օբամային և Հանրապետական թեկնածու Ռոմնիին: Հայ ընտրողները ճանաչում են բոլոր թեկնածուներին: Իմ պատասխանը, կարծում եմ, շատ բանի մասին է խոսում: Իմ դատողությունը գալիս է նաև նախագահական թեկնածուների հետ իմ զրույցներից, որոնց հետ մենք հանդիպել ենք այսօր առավոտյան: Նրանք ընդգծում էին, որ բավական բալանսավորված են լուսաբանվում նախընտրական գործընթացները: Դուք հիմա տեսեք, ԱՄՆ-ում, որը աշխարհի թիվ մեկ դեմոկրատական երկիրն է, այդ փաստը չի նկատվում: Այսինքն չորս թեկնածուներից երկուսին մարդիկ ուղղակի չեն ճանաչում: Դա նշանակում է որ Հայաստանում նախընտրական գործընթացները շատ լավ են լուսաբանվել:

-Ինչպե՞ս եք գնահատում նախագահական քարոզարշավը: Քաղաքակիրթ պայքար,ծրագրային բախումներ նկատե՞լ եք:

-Հայաստաում մենք շատ լավ, շատ ակտիվ քարոզարշավ ենք նկատում: Ցավոք սրտի, ինչպես բոլոր դեմոկրատական երկրներում, լինում են նաև ափսոսանք հարուցող դեպքեր: Իմ ընտրատարածքում՝ Տոսկանիայում մենք գնալու ենք ընտրության մի շաբաթից: Երեք կուսակցությունների ընտրական շտաբները վանդալների կողմից վնասվել էին: Ինչ որ տարօրինակ մարդիկ գիշերը վառել էին կուսակցությունների պաստառները: Լարվածությունը քաղաքական գործընթացների ժամանակ նորմալ է նույնիսկ մեր երկրում: Սա «դեմոկրատիայի ֆիզիոլոգիան» է: Սակայն սա պաթոլոգիա չէ, սխալ չէ, սա բնական գործընթաց է: Որոշ կուսակցություններ դժգոհություն են հայտնել, ինչ ոնչ իրավիճակների առումով: Նույնիսկ եթե մենք ունենք անձրևոտ օրեր, դրանք դեռ ջրհեղեղ չեն առաջացնի: Ես վստահ եմ, որ այս երկրի ժողովրդավարական գործընթացները շարունակվում են և դուք կունենաք հրաշալի ապագա:

-Արդյոք ստեղծված են համապատասխան պայմաններ միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու համար Հայաստանում:

-Երեքշաբթի օրը մենք ձեր հարցին կունենանք լիարժեք պատասխան: Մեր կարծիքը մենք կհայտնենք առավոտյան ժամը 11-ին՝ ասուլիսին: Բայց ես կուզենայի մի բան ընդգծել՝ իմ փորձից ելնելով: Սպիտակ տունը նախագահական քարոզարշավի վերջին օրը ուղարկել էր մեկ միլիոն կարճ հաղորդագրություն, որտեղ գրված էր՝ «շատ կարևոր է ձայն տալ նախագահին»: Ես վստահ եմ, որ կիրակի օրը նախագահ Սարգսյանը չի ուղարկի մեկ միլիոն SMS­-իր ընտրողներին:

-Մինչ երեքշաբթի օրվա ասուլիսը հնարավոր չէ արդյոք որոշ նախնական գնահատականներ հնչեցնել նախընտրական ներկա վիճակի մասին:

-Մենք հրաշալի ընտրական քարոզարշավ ունեցանք Վրաստանում, որը բերեց կառավարության փոփոխությանը: Այս օրերին արդեն այդ երկրում շատ ակտիվ քարոզարշավ է ընթանում նախագահական ընտրությունների համար: Հարավային Կովկասի բարեկեցության համար ես հույս եմ հայտնում, որ Ադրբեջանում էլ կլինեն թափանցիկ և ակտիվ նախագահական ընտրություններ և քաղաքական գործընթացներ: Հույս եմ հայտնում, որ այնտեղ էլ կլինեն բազմազան՝ մի գուցե ութ նախագահի թեկնածուներ՝ ոչ միայն մեկը: Հայաստանում մենք նկատում ենք ակտիվ քարոզարշավ: Շատ կարևոր է, որ Հարավային Կովկասի երեք երկրները լինեն կայացած դեմոկրատական երկրներ: Որովհետև առանց ժողովրդավարության հնարավոր չէ ունենալ խաղաղություն՝ այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում