1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԽԽՎ 22 հոգուց բաղկացած պատվիրակությունը կժամանի Հայաստան` հետևելու փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքին:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասվում է ԵԽԽՎ-ի լրատվական ծառայության տարածած մամլո հաղորդագրությունում: Կարին Ուոլդզեթի ղեկավարած պատվիրակությունը Հայաստանում կմնա փետրվարի 16-19-ն ընկած ժամանակահատվածում` Եվրոպական խորհրդարանի և ԵԱՀԿ/Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդների հետ միասին վերահսկելու ընտրություննների ընթացքը: Մասնավորապես պատվիրակությունը հանդիպումներ կունենա նախագահի հիմնական թեկնածուների, խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարի, ինչպես նաև ոստիկանության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և լրատվամիջոցների հետ: Առաքելությունը կուսումնասիրի քվեաթերթիկների վավերականությունը նախքան դրանց տարածումը ընտրական տեղամասերում:
Վենետիկի հանձնաժողովի եւ Եվրոպայի խորհրդի անկախ փորձագետների խմբի անդամն այցի ընթացքում իրավական աջակցություն կցուցաբերի պատրվիրակությանը: ԵԽԽՎ պատվիրակությունը Երևանում եղել է նաեւ հունվարի 16-17-ն ընկած ժամանակահատվածում: