Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրել է ՀՀ ազգային անվտանգությանռազմավարությունը հաստատելու մասին հրամանագիր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 7- ին ստորագրել է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին հրամանագիր` ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 49-րդ հոդվածով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2005 թվականի դեկտեմբերի 15-ի ՆԿ-293-Ն կարգադրությամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի առաջարկությունը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը հավանության էր արժանացել ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի 2007թ. հունվարի 26-ի նիստում: Փաստաթղթում սահմանված են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հիմնարար արժեքները: Դրանք են` անկախությունը, պետության եւ ժողովրդի պաշտպանվածությունը, խաղաղությունը եւ միջազգային համագործակցությունը, հայապահպանությունը, բարեկեցությունը: Ազգային անվտանգության ռազմավարության իրագործման հիմնական երաշխիքներն են` պետական կառավարման համակարգի արդյունավետությունը, իրավունքի գերակայության ապահովումը, ժողովրդավարական արժեքների արմատավորումը, դատական իշխանության անաչառությունն ու անկախությունը, զինված ուժերի մարտունակությունը, անվտանգության եւ իրավապահ մարմինների արդյունավետ գործունեությունը, արդյունավետ միջազգային ներգրավվածությունն ապահովող արտաքին քաղաքականությունը, սոցիալական արդարության ապահովումը: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը ենթակա է ճշգրտումների` ըստ ներպետական եւ միջազգային իրադրության, սպառնալիքների ու մարտահրավերների փոփոխման, ինչպես նաեւ ըստ փաստաթղթում նշված նպատակների իրականացման:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում