Բենեդիկտոս 16-րդը հրաժարվում է գահից /լրացված/
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը հրաժարվում է գահից:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` վկայակոչելով իտալականANSAգործակալությունը: Լրատվամիջոցը խոստանում է լրացուցիչ տեղեկություններ հայտնել քիչ անց:Հռոմի պապը գահից հրաժարվելու ժամկետ է նշել փետրվարի 28-ը:Պապն այդ որոշման մասին հայտնել է փետրվարի 11-ին` հայտարարելով, որ գահից հրաժարվում է «հանուն եկեղեցու»: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ պապը պաշտոնը լքում է տարիքի պատճառով: Սրբադասմանը նվիրված հավաքի ժամանակ Հռոմի պապը մասնավորապես ասել է.«Սիրելի' եղբայրներ, ես հավաքել եմ ձեզ այստեղ ոչ միայն երեք սրբադասումների համար, այլ նաև որպեսզի տեղեկացնեմ ձեզ եկեղեցու կյանքում մեծ կարևորություն ունեցող որոշման մասին։ Ես բազմիցս ստուգել եմ իմ խիղճը Աստծո առջև։ Այժմ ես վստահ եմ, որ իմ ուժերը մեծ տարիքի պատճառով այլևս բավարար չեն Սբ Պետրոսի առաքելությունը պատշաճ կատարելու համար։ Ես լավ գիտեմ, որ այս առաքելությունը, իր հոգևոր բնույթի շնորհիվ, պետք է կատարվի ոչ միայն խոսքով ու գործով, այլ նաև աղոթքով և տառապանքով։
Այնուամենայնիվ, ներկայիս աշխարհը ենթակա է շատ արագ փոփոխման և տատանումների, որոնք մեծ նշանակություն ունեն հավատքով կյանք վարելու համար: Սուրբ Պետրոսի աթոռը կառավարելու և Ավետարանը հռչակելու համար անհրաժեշտ է ինչպես հոգու, այնպես էլ մարմնի ուժը, ուժ, որը ինձ մոտ վերջին ամիսներին այն աստիճան է թուլացել, որ ես ստիպված եղա խոստովանել, որ ի վիճակի չեմ պատշաճ ղեկավարել այն առաքելությունը, որը վստահվել է ինձ։ Այդ պատճառով, հասկանալով իմ քայլի ողջ լրջությունը, ես կամովին հայտարարում եմ, որ հրաժարվում եմ մնալ Հռոմի Եպիսկոպոս, Սբ Պետրոսի գործի շարունակող, որը կարդինալները ինձ էին վստահել 2005 թվականի ապրիլի 19-ին։ Այսպիսով, 2013 թվականի փետրվարի 28-ին ժամը 20:00-ից Հռոմի Աթոռը` Սուրբ Պետրոսի աթոռը, թափուր կլինի, և համապատասխան իրավասություն ունեցող հոգևոր այրերը կկազմակերպեն գաղտնի ընտրություն, որից հետո պարզ կդառնա, թե ով է լինելու նոր Քահանայապետը։
Ես ամենայն անկեղծությամբ շնորհակալ եմ ողջ սիրո և այն աշխատանքի համար, որով դուք օժանդակեցիք ինձ իմ ողջ ծառայության ընթացքում և ես ներողություն եմ խնդրում իմ բոլոր թերությունների համար։ Իսկ այժմ Սուրբ Եկեղեցին վստահենք մեր վերին հովվի` Հիսուս Քրիստոսի հոգածությանը, և աղաչենք Սուրբ Մարիամ Աստվածածնին, որ նրա օգնությամբ և մայրական հոգատարությամբ կարդինալ հայրերը ընտրեն գերագույն հովվապետ։ Ինչ վերաբերում է ինձ, ես ուզում եմ նաեւ հետագայում անձնվիրաբար ծառայել Աստծու Սուրբ Եկեղեցուն՝ նվիրական աղոթքի միջոցով»։
Վատիկանում վերջին անգամ նման դեպք արձանագրվել է 1415թ.: Այն ժամանակ գահից հրաժարվել է Գրիգորի 12-րդը:85-ամյա Բենետիկտոս 16-րդը Հռոմի պապի գահը ստանձնել է 2005թ. ապրիլին:Ավելի վաղ լրատվամիջոցներում նշվում էր Հռոմի պապի` աթոռից հրաժարվելու մտադրությունը` որպես պատճառ մատնանշելով նրա առողջական վիճակը:Բենեդիկտոս 16-րդը Հռոմի 265-րդ պապն էր: Նա պաշտոնն ստանձնելու պահին ամենատարեցն էր 1730թ. պապ ընտրված Կլիմենտ 12-րդից հետո:
Յոզեֆ Ռատցինգերը ծնվել է 1927թ. ապրիլի 16-ին: Ազգությամբ գերմանացի առաջին պապն է վերջին հազար տարիների ընթացքում: