Պաշտոնական

Սուրբ Սարգսի տոնը որպես ավանդույթ վերականգնվում է և լայն տարածում գտնում Հայաստանում. Տիգրան Սարգսյան

2 րոպեի ընթերցում

Սուրբ Սարգսի տոնը որպես ավանդույթ վերականգնվում է և լայն տարածում գտնում Հայաստանում. Տիգրան Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի գեղագիտության ազգային կենտրոնում և ՀՀ նկարիչների միությունում բացվել են Սուրբ Սարգսի տոնին նվիրված ցուցահանդեսներ, որոնց ներկա է եղել նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կառավարության ղեկավարը շրջել է ցուցասրահներում՝ ծանոթացել ներկայացված աշխատանքներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից, Գեղագիտության ազգային կենտրոնում բացված «Սիրո ուժն է անհաղթ» խորագրով ցուցահանդեսում ներկայացված են եղել կենտրոնի նկարչական ստուդիայի սաների աշխատանքները, իսկ ՀՀ նկարիչների միության ցուցասրահում' երիտասարդ ստեղծագործողների հանրապետական հինգերորդ հոբելյանական ցուցահանդեսի մասնակիցների գործերը:

Շնորհավորելով ներկաներին Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ վարչապետը նշել է. «Շատերը հիշում են, որ տարիներ առաջ Արարատյան Հայրապետական թեմի նախաձեռնությամբ փորձ արվեց Սուրբ Սարգսի տոնը դարձնել ավանդական: Տարեցտարի այս տոնն ավելի մեծ շուքով է նշվում Հայաստանի Հանրապետությունում և ավելի մեծ զանգվածներ են ներգրավվում այս տոնակատարությանը: Ուրախ եմ, որ Սուրբ Սարգսի տոնը որպես ազգային ավանդույթ վերականգնվում է և լայն տարածում գտնում Հայաստանում»:

Այնուհետև Տիգրան Սարգսյանը մասնակցել է Երևանի սիրահարների այգում կազմակերպված միջոցառմանը, որում ևս նշվել է երիտասարդների և սիրո բարեխոս Սբ. Սարգսի տոնը: Միջոցառումը, որին ներկա են եղել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և բազմաթիվ երիտասարդներ, անցկացվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում