ԵԽԽՎ-ում Մինյոնը Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարների հանդիպում է կազմակերպել
2 րոպեի ընթերցում
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի շրջանակներում հունվարի 22-ի երեկոյան ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ-Մինյոնը հանդիպել է ԵԽԽՎ-ում հայկական և ադրբեջանական պատվիրակություններ ղեկավարների հետ: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ի թղթակիցը, եռակողմ հանդիպմանը մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Հանդիպման արդյունքների վերաբերյալ, սակայն, որևէ հայտարարություն չի արվել:
ԵԽԽՎ նախագահի նախաձեռնությամբ նման հանդիպումները կրում են շարունակական բնույթ: Պայմանավորվածություն կա հանդիպումների վերաբերյալ որևէ տեղեկատվություն չհրապարակել:ԵԽԽՎ վերընտրված նախագահ Ժան Կլոդ Մինյոնը, պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, հունվարի 21-ին հայտարարել էր, որ չի ցանկանում վերականգնել Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովը, որի շրջանակներում եռակողմ հանդիպումներ էին կազմակերպվում վեհաժողովում Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարների եւ ԵԽԽՎ նախագահի միջեւ:«Ես չեմ ուզում վերականգնել այդ ենթահանձնաժողովը, որովհետեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չափազանց կարեւոր աշխատանք են կատարում, իսկ ես վստահում եմ նրանց»,-ասել էր նա՝ հավելելով, որ այժմ այդ եռակողմ հանդիպումները ոչ պաշտոնական եւ գաղտնի բնույթ են կրում, եւ իրենք չեն բարձրաձայնում այն հարցերը, որոնք քննարկվում են այդ հանդիպումների ժամանակ:
ԵԽԽՎ նախագահը տեղեկացրել է, որ այդ եռակողմ հանդիպումները կանոնավոր կերպով շարունակվում են Ստրասբուրգում կամ Փարիզում, իսկ վերջին հանդիպումը տեղի էր ունեցել Թուրինում: