Հարցազրույց

Ռուսական բազայի առկայությունը Հայաստանում մեսիջ է տարածաշրջանում լարվածություն բորբոքող ուժերի համար. Վյաչեսլավ Կովալենկո

3 րոպեի ընթերցում

Ռուսական բազայի առկայությունը Հայաստանում մեսիջ է տարածաշրջանում լարվածություն բորբոքող ուժերի համար. Վյաչեսլավ Կովալենկո

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ռուսական կապերը զարգանում են բոլոր բնագավառներում: Ռազմական համագործակցությունը գտնվում է առանձնահատուկ բարձր մակարդակի վրա: «Արմենպրես»-ի թղթակցի հարցերին պատասխանել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:

-Պարոն դեսպան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ներկա մակարդակը:

-Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է և մաս է կազմում ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերին: Մեր երկրների միջև ռազմատեխնիկական ոլորտում հարաբերություններն ու կապերը լավ աշխատանքային մակարդակի վրա են: Երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև կապերը շատ ակտիվ բնույթ ունեն: Այս տարի Հայաստան այցելեց Ռուսաստանի պաշտպանության նախարար պարոն Սերդյուկովը: Իմ կարծիքով` այցը շատ հաջող էր: Հիմա Ռուսաստանը նոր նախարար ունի և ես մտածում եմ, որ նոր նախարարի հետ հարաբերությունները նույնպես հարթ և հագեցած կլինեն: Ես ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում ոչ մի անհանգստացնող խնդիր չեմ տեսնում: Հայաստանի տարածքում ռուսական բազայի 49 տարով մնալու համաձայնագրի ստորագրումը լուրջ ազդանշան է այն բոլոր ուժերի համար, ովքեր փորձում են տարածաշրջանում լարվածություն բորբոքել: Այն լավ մեսիջ է նրանց համար, ովքեր փորձում են սպառնալ Հայաստանին կամ ապակայունացնել իրավիճակը Հայաստանում: Դա լուրջ համաձայնագիր է, և մենք տրամադրված ենք իրագործել այն լրջորեն ու տևական ժամանակով:

-Ո՞ր ոլորտներն են Ռուսաստանի համար առավել մեծ հետաքրքրություն ներկայացնում երկողմ հարաբերություններն ավելի զարգացնելու համար:

-Կարծում եմ մենք մի քանի ոլորտներ ունենք: Շատ կարևոր է էներգետիկայի ոլորտը: Բավական հանգամանալից և բազմակողմանի քննարկվել է Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հարցը: Էներգաբլոկի ստեղծման տեխնիկական խնդիրներ չկան: Վճռվում է ֆինանսավորման խնդիրը: Դա լուրջ և թանկարժեք նախագիծ է և անհրաժեշտ է գումար գտնել այն իրագործելու համար: Վերջին հաշվով այդ գումարը կգտնվի:

-Ինչպե՞ս եք դիմավորելու Նոր տարին և որտե՞ղ:

-Ամանորը ես կանցկացնեմ այստեղ՝ Երևանում: Իմ Հայաստան գալու պահից շատ լավ ավանդույթ է ձևավորվել: Մենք Նոր տարին դիմավորում ենք դեսպանատանը` ամբողջ կոլեկտիվով: Մենք բավական շատ ենք՝ հարյուր մարդուց ավելի: Դիմավորում ենք տոնածառով, Ձմեռ պապով, շամպայնով, լավ նախուտեստներով և մինչև առավոտ (ծիծաղում է):

Զրույցը՝ Հակոբ Վարդանյանի

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում