Ֆրանսիական զբոսաշրջային կազմակերպությունները բացահայտում են Գեղարքունիքն ու Հայաստանն ընդհանրապես
3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Գեղարքունիքի մարզն ունի հրաշալի բնություն, պատմամշակութային, ճարտարապետական հարուստ հուշարձաններ, բայց անմխիթար վիճակում գտնվող ենթակառուցվածքներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ֆրանսիական «Աֆրատ» տուրիստական կազմակերպության համակարգող Մարտին Շալիենի հետ հանդիպմանն ասաց ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Նա նաեւ նշեց, որ ենթակառուցվածքների վիճակը շտկելու համար մարզը կարիք ունի նաեւ ֆրանսիական կողմի հետ տեւական եւ կայուն համագործակցության:
ՀՀ Գեղարքունիքի եւ Ֆրանսիայի Իզերի մարզերի միջեւ 2006 թվականից հաստատվել է տնտեսական եւ կրթամշակութային համագործակցություն` զբոսաշրջության, առողջապահության ու ֆրանսերենի ուսուցման ոլորտներում: Մարտին Շալիենը մարզպետին ներկայացրեց զբոսաշրջության ոլորտում կատարված այն աշխատանքները, որոնք իրականացրել էին Գեղարքունիքի նախկին մարզպետ Նվեր Պողոսյանի պաշտոնավարման տարիներին: Կազմվել է Գեղարքունիքի մարզի տեսարժան վայրերի եւ զբոսաշրջային հանգրվանների մասին պատմող ճանաչողական գրքույկ, Սեւանի, Վարդենիսի, Մարտունու, Գավառի եւ Ճամբարակի տարածաշրջաններում վերապատրաստվել են երիտասարդ զբոսավարներ, երկու մարզերի ղեկավար կազմերի մակարդակով եղել են փոխադարձ այցելություններ: «Տուրիզմի ոլորտում շեշտը դրվել է էկոտուրիզմի եւ կայուն տուրիզմի վրա: Կիսատ են մնացել համացանցային պորտալի ստեղծման եւ Գեղարքունիքի մարզի չորս գլխավոր մուտքերի մոտ եռալեզու ցուցանակներ տեղադրելու ծրագրերը»,-տեղեկացրեց նա:
Մարզպետ Գրիգորյանը նշեց, որ ինքը շատ լավ ծանոթ է Գեղարքունիք-Իզեր համագործակցության ծրագրերին, եւ Գեղարքունիքի մարզի նոր ղեկավարությունն այդ համագործակցությունը շարունակելու է արդեն կայուն հիմքերի վրա:
Գեղարքունիքի մարզպետարանի պատվիրակությունն առաջիկայում կայցելի Ֆրանսիա` առաջիկա երեք տարիների զբոսաշրջային համատեղ ծրագրերի կազմման եւ իրականացման համար համատեղ քննարկումներ կազմակերպելու համար: Իզերի դեպարտամենտի եւ «Աֆրատի» կողմից կազմակերպվելու է ճանաչողական տուր, որով ֆրանսիական զբոսաշրջային շատ կազմակերպություններ իրենց համար կբացահայտեն Հայաստանն ու նրա գրավչությունները: