Իտալիայի ազգային հավաքականը ժամանեց Երևան
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականը գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելիի գլխավորությամբ ժամանեց Երևան` հոկտեմբերի 12-ին «Հրազդան» մարզադաշտում կայանալիք Հայաստանի ընտրանու հետ հանդիպմանը մասնակցելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` իտալացիների օդանավը ժամը 21.50-ին վայրէջք կատարեց Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, որտեղ Եվրոպայի փոխչեմպիոններին դիմավորելու էին եկել բազմաթիվ ֆուտբոլասերներ: Իտալիայի ազգային ընտրանու կազմում Երևան են ժամանել այնպիսի աշխարհահռչակ ֆուտբոլիստներ, ինչպիսիք են թիմի ավագ Ջանլուիջի Բուֆոնը, Անդրեա Պիլոն, Ջորջիո Կելինին, Մարիո Բալոտելին, Ռիկարդո Մոնտոլիվոն, Դանիելե դե Ռոսսին և այլք:
«Սկուադրա Աձուրա»-ն խաղից առաջ` հոկտեմբերի 11-ին «Հրազդան»-ում կանցկացնի մեկ բաց մարզում, որից հետո թիմի գլխավոր մարզիչ Պրանդելին հանդես կգա մամլո ասուլիսով:
Հոկտեմբերի 10-ին «Սկուադրա Աձուրան» Երևան ժամանելուց առաջ վերջին մարզումն է անցկացրել Կովրչիանոյի մարզաբազայում: Gazzetto dello Sport-ի փոխանցմամբ` իտալացիների հարձակման «բռունցքը» կկազմեն Պաբլո Օսվալդոն ու Մարիո Բալոտելլին: Մարզման ժամանակ Պրանդելլին ևս մեկ անգամ փորձարկել է 4-3-1-2 և 4-3-3 սխեմաները: 4-3-1-2 սխեմայում մարզիչն օգտագործել է Մաջիոյին, Կրիշիտոյին, Բոնուչիին, Բարձալիին, դե Ռոսսիին, Պիռլոյին, Մարկիզիոյին, Մոնտոլիվոյին, Օսվալդոյին ու Բալոտելլիին:
Լուսանկարները կարող եք դիտել այստեղ: