Տնտեսություն

«ՏաԹեւեր» ճոպանուղին ու Դիլիջանում հիմնվելիք միջազգային դպրոցն էականորեն կավելացնեն Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը

4 րոպեի ընթերցում

 «ՏաԹեւեր» ճոպանուղին ու Դիլիջանում հիմնվելիք միջազգային դպրոցն էականորեն կավելացնեն Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԵՐԵՎԱՆ: Որոտանի կիրճն ու Տաթևի համալիրը տեսնելու համար այս տարածք օրական այցելում է 300-900 զբոսաշրջիկ: Այս մասին սեպտեմբերի 28-ին հրավիրված ասուլիսում ասաց «RVVZ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Մելքոնյանը:

Ռուսաստանահայ գործարար Ռուբեն Վարդանյանի և նրա ընտանիքի կողմից ստեղծված «RVVZ» հիմնադրամի ամենահայտնի ծրագրերից մեկը հենց Տաթևի ճոպանուղու կառուցումն էր, որի շնորհիվ Տաթև վանական համալիրը դարձավ հասանելի ու էլ ավելի գրավիչ զբոսաշրջային տարածք: «Ունենալով քանդված ճանապարհ, լինելով բավականին հեռու Երևանից, Տաթեւը շատ դժվար հասանելի էր: Քչերն էին այցելում, չնայած որ ուղղությունը հետաքրքիր էր: Հենց այդ պատճառով էլ ճոպանուղու կառուցումն ինքնանպատակ չէր մեզ համար»,-«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` փաստեց գործադիր տնօրենը:

Բանախոսի դիտարկմամբ` ճոպանուղու կառուցումը ոչ միայն ակտիցվացրեց տեղի բնակչությանը, այլ նաև աշխատատեղեր ստեղծեց և փոխեց ողջ միջավայրը: Բացի դրանից` ի դեմս դրա Հայաստանում ստեղծվեց աշխարհի ամենաերկար ճոպանուղին: «Տեղանքում ավելացան նաև ռեստորանները, հյուրանոցները, սննդի կետերն ու վաճառակետերը: Եթե Գորիսում մինչև ճոպանուղու բացվելը կար 2-3 հյուրանոց, ապա դրանից հետո վերջիններիս թիվն ավելացավ մի քանի անգամ` հասնելով 13-14-ի: Սա մի հասարակ չափանիշ է, որը նկարագրում է մեր ծրագրի արդյունավետությունը»,-ուրախությամբ նշեց Արտակ Մելքոնյանը: Հիմնադրամը շարունակելու է զբաղվելու Տաթևի կիրճում տուրիստական գոտու զարգացմամբ` կառուցելու է հյուրանոցային համալիր և զբոսաշրջայինայլկառույցներ:

«RVVZ» հիմնադրամի ծրագրերից է նաև Դիլիջան քաղաքում միջազգային դպրոցի կառուցումը: Այն լինելու է առաջինը և Հայաստանում, և ԱՊՀ երկրներում: Դպրոցը, հավանաբար, կգործի 2014 թ-ի սեպտեմբերի 1-ից` վճարովի հիմունքներով: «Դպրոց հիմնելով մենք նպատակ ունենք զարգացնել քաղաքի ենթահամակարգերը, ինչը կբերի որակական զարգացման բոլորովին այլ որակ»,-ասաց «RVVZ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Մելքոնյանը:

Նա հավելեց, որ իրենք նաեւ նպատակ ունեն առաջիկա 10 տարվա ընթացքում դպրոցը հասցնել այնպիսի մակարդակի, որ այն ներառվի աշխարհի լավագույն քսանյակում: Դպրոցում կիրառվելու են միջազգային ծրագրեր, որոնք դասավանդելու են նաեւ արտասահմանից հրավիրված մասնագետներ: Դպրոցի կառուցումը կազդի նաև քաղաքի արտաքին տեսքի վրա: Ինչպես հավաստիացրեց Մելքոնյանը` քաղաքում կվերակառուցվեն մի շարք փողոցներ ու կտեղադրվեն ցուցանակներ տարբեր լեզուներով: Այդպիսով` Դիլիջան քաղաքը կդառնա միջազգային կենտրոն և ֆինանսական, և կրթական առումով:

«RVVZ» հիմնադրամը Ռուբեն Վարդանյանի և նրա ընտանիքի կողմից է ստեղծվել: Դրա գործունեության հիմքում սոցիալական ձեռներեցության մոդելն է: Այն նոր մոտեցում է Հայաստանի համար: Ծրագրերի հիմքում ֆինանսական պլանավորման այնպիսի մեխանիզմ է գործում, որի նպատակն է կապիտալ ներդրումների միջոցով ապահովել շահույթ չհետապնդող ծրագրերի կայունությունն ու ինքնաֆինանսավորումը: Զարգացման այս մոդելը մի քանի անգամ բազմապատկում է կատարված ներդրումների արդյունավետությունը, որի շնորհիվ ստեղծվում են նոր աշխատատեղեր և սահմանվում առողջ մրցակցության ու բիզնեսի վարման նոր չափորոշիչներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում