Սոցիալական հարցեր

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի նիստում քննարկվել է նախարարության 2025թ․ բյուջետային հայտը

3 րոպեի ընթերցում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի նիստում քննարկվել է նախարարության 2025թ․ բյուջետային հայտը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը. քննարկվել է ԱՍՀ նախարարության 2025 թ․ բյուջետային հայտը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, նիստի ընթացքում նախարարի տեղակալները մանրամասնել են աշխատանքի և զբաղվածության, հավասար հնարավորությունների, սոցիալական աջակցության, կենսաթոշակային ապահովության ու ժողովրդագրության ոլորտներում  նախատեսվող բարեփոխումները, դրանց իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները, ծախսման ուղղությունները։

Անդրադառնալով հավասար հնարավորությունների ապահովման ոլորտում իրականացվելիք աշխատանքներին՝ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը մանրամասնել է երեխաների, տարեցների, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում իրականացվելիք աշխատանքները։ Վերջինիս խոսքով՝ տվյալ ուղղություններով նախատեսվող ֆինանսական միջոցները կուղղվեն գործող ծառայությունների ընդլայնման ու որակի բարելավման, նոր ծառայությունների ներդրման և մի շարք այլ ուղղություններով։

Ըստ աղբյուրի՝ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը ներկայացրել է կենսաթոշակային ապահովության և ժողովրդագրության ոլորտում նախատեսվող ծրագրերը՝ ներկայացնելով աշխատանքային ստաժի հաշվարկման, կենսաթոշակի նոր տեսակի սահմանման, ժողովրդագրության ռազմավարությամբ սահմանված միջոցառումների իրականացման և այլնի մասին։ Նախարարի տեղակալը նաև խոսել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրի իրականացման ընթացքի մասին՝ հույս հայտնելով, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացով պայմանավորված՝ 2025 թ․ դիմելիության ցուցանիշը կբարձրանա և բնակարանների գնման գործընթացը կընթանա առավել մեծ տեմպով։  

Անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքներին տրամադրվող նոր ծառայությունների, ԼՂ հայրենակիցների սոցիալական աջակցության գործընթացի, սոցիալական բնակարանների վերանորոգման վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը։ Վերջինս նշել է, որ նոր միջոցառումներ են նախատեսվում նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներում կրթությունից դուրս մնացած երեխաների՝ դպրոց վերադառնալու, ինչպես նաև անապահով ընտանիքներում երեխա ծնվելու դեպքերում։  

Նշվում է, որ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը խոսել է աշխատանքի և զբաղվածության ոլորտում նախատեսվող աշխատանքների մասին՝ ներկայացնելով զբաղվածության միջոցառումների, սոցիալական փաթեթի իրացման և այլ  ուղղություններով նախատեսվող աշխատանքները։  

Քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները։

 

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում